Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր բացվեց նոր էլեկտրոնային լսարան, որը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, թույլ կտա իրականացնել երկու հիմնական նպատակ. «Նախ՝ սա շատ լավ հնարավորություն է ուսանողների համար՝ ընդլայնելու էլեկտրոնային կրթական պաշարների մուտքը, երկրորդ՝ քննություններն էլեկտրոնային եղանակով անցկացնելու հնարավորություն է տալիս»,- լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ սա Բժշկական համալսարանում արդեն երկրորդ նմանատիպ լսարանն է:
Նրա դիտարկմամբ՝ քանի որ քննությունների օբյեկտիվության բարձրացման հիմնական բաղադրիչներից մեկը մարդկային գործոնի վերացումն է կամ նվազեցումը, ապա այս տեսակի քննությունը թույլ է տալիս գրեթե վերացնել անմիջական շփումը դասախոսի հետ, կտրուկ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնել օբյեկտիվությունը: «Մնում է, որ ուսանողները լիարժեք օգտագործեն այս լսարանը ոչ միայն քննությունների, այլև սովորելու ընթացքում՝ մինչև քննություններն ընկած ժամանակահատվածը, քանի որ բացված լսարանն օգտագործվելու է ոչ միայն քննական նպատակներով, այլև ուսուցման գործընթացում»,- ընդգծեց նախարարը:
Ա. Աշոտյանն ասաց նաև, որ կա առաջարկություն, գաղափար, որ ընդունելության քննությունները նույնպես «մի գեղեցիկ օր» անցնեն կոմպյուտերացված համակարգի, և երեխաներն իրենց ընդունելության քննությունները հանձնեն բացառապես համակարգչի դիմաց՝ առցանց ռեժիմով:
Նախարարի տեղեկացմամբ՝ նախնական հետազոտություն արդեն արվել է, և Համաշխարհային բանկի փորձագետների հետ միասին նման ծրագրի իրականացումը Հայաստանում համարվել է իրատեսական:
Կարդացեք նաև
«Կա նաև ֆինանսական նախնական գնահատականը,- ասաց Ա. Աշոտյանը,- մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար է անհրաժեշտ այդ համակարգն ամբողջությամբ ներդնելու համար, բայց, կարծում ենք, կարելի է մտածել ընդունելության քննությունների բարեփոխումների շրջանակներում վերջնականապես անցնել միջազգային լավագույն տարբերակին՝ օնլայն քննություններին: Կարծում եմ, որ այդ համակարգը կարելի է կիրառել նաև միասնական պետական ավարտական քննությունների դեպքում, որոնք, թերևս, առավել կարևոր են կրթության որակը գնահատելիս, քան ընդունելության քննությունները»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ