Այսօր վաղ առավոտից Գյումրիում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիմում է ներկայացրել այս կուսակցությունից դուրս գալու: ԲՀԿ տեղի կառույցներում այս լուրերը որակեցին որպես ավելորդ լարվածություն հրահրելու փորձ, իսկ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը կտրականապես հերքեց՝ նշելով, որ նման բան գոյություն չունի:
Նկատենք, որ Շիրակի մարզում տեղի ԲՀԿ-ականների վիճակը նորմալ է, վերջիններիս տներում կամ նրանց պատկանող օբյեկտներում դեռ ապօրինի խուզարկումներ կամ ստուգումներ չկան: Տեղի ՀՀԿ-ականների կողմից ավելորդ ինտրիգներ լարելու փորձեր եւս չեն նկատվում: Եվ սա ՀՀԿ-ականները բացատրում են նրանով, որ Գյումրին ու առհասարակ Շիրակի մարզը պատվախնդիր տեղանք են, ու այստեղ մարդիկ մի օրվա ծանոթներ չեն, վերջ-առաջ միմյանց աչքերի մեջ նայելու պահ կա: Մեզ հետ զրույցներում հենց այդպես էլ մեկնաբանում են՝ խնդրելով, սակայն, անուն-ազգանուններ չհրապարակել:
Հիշեցնենք, որ երեկ Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետի ու առհասարակ ԲՀԿ-ականների մասին չափազանց կոռեկտ գնահատականներ էր հնչեցնում նաեւ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը սատարելիս ամենեւին չեն սխալվել ու չեն փոշմանել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ