«Աշոտյանը չէ, որ պետք է Գագիկ Ծառուկյանին գնահատական տա, գնահատական տալու իրավունքն ունի բացառապես ՀՀ ժողովուրդը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Այնուհետև շարունակեց. «Գրագետ Աշոտյանը թող նախևառաջ գիտության ու կրթության նախարարության աշխատանքները կառավարի, պատահական չէ, որ ինչ-որ տերտեր, քահանա ինքն է զբաղվում ՀՀ դպրոցներում ուսուցիչների վերապատրաստմամբ, կառավարությունը փող է հատկացնում, իսկ համապատասխան հիմնարկը, որ կա ԿԳՆ-ում, այլևս ի չիք է: Պարզ է դառնում, որ պարոն Աշոտյանն այդ կարգի խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի»:
Այնուհետև պարոն Իսագուլյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Արմեն Աշոտյանի` իր կարծիքով՝ խնդրահարույց թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից. «Պարոն Աշոտյանը թող նախևառաջ պատասխանի հետևյալ հարցին՝ ով է գրել իր թեկնածուական թեզը: Այդ մարդկանց անունները չեմ ուզում տալ, բայց ժամանակին անպայման կտրվի, և ում դոկտորական թեզից է գողացված նրա թեկնածուական թեզի հիմնական մասը: Կամ ինչո՞ւ հանկարծ Վիլեն Հակոբյանի կարգադրությամբ ժամանակին՝ հուլիս ամսին, երբ բոլոր պաշտպանական խորհուրդները գտնվում էին արձակուրդի մեջ, հրավիրվում է պաշտպանական խորհուրդ և բիոքիմիայից Աշոտյանը թեկնածուական թեզ է պաշտպանում, քանի որ նա չէր ուզում ծառայել ՀՀ բանակում: Հիմա մարդ, որը գուցե խոսել գիտի, երբ նրան իրավունք են տալիս, որի թեզը գրել են ուրիշները, պաշտպանությունն արտահերթ կարգով է արվել, որ չծառայի ՀՀ բանակում, իրավունք ունի՞ խոսելու մեկի մասին՝ ում վարկանիշն այսօր ՀՀ-ում ավելին է քան 80 տոկոսը»:
Վերջում պարոն Իսագուլյանը Արմեն Աշոտյանին հորդորեց պատասխանել այս հարցերին, այլապես ինքն է ստիպված լինելու «հայտարարել, թե ով է գրել նրա թեկնածուական թեզը, ում դոկտորականից է գողացված, որ տառ անգամ փոխված չէ, և հուլիսին այլ մարդկանց մասնակցությամբ ինչու էր Վիլեն Հակոբյանը հրատապ հրավիրում պաշտպանական խորհուրդ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը այս հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստացավ Արմեն Աշոտյանի գիտական ղեկավար, ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԳԱ ակադեմիկոս Միխայիլ Աղաջանովից: Նա վրդովված ասաց. «Ինձ թվում է`այդ մարդն անելու գործ չունի, որ սկսեց նման բաների մասին խոսել, քանի որ ես շատ եմ ափսոսում, որ Աշոտյանը թողեց իր մասնագիտական գործունեությունը և զբաղվեց քաղաքականությամբ: Նա տաղանդավոր մարդ է և նրա հետ մեծ հույսեր էինք կապում Բժշկական համալսարանում: Մենք մեծ կորուստ ենք ունեցել, որ Աշոտյանը թողեց ու գնաց այլ ուղղությամբ: Ես անընդհատ նրան համոզում եմ, թե դու ինչով էլ զբաղվես, մեծ հաջողությունների կհասնես: Ուստի զայրանում եմ, որ ինչ-որ մեկն իրեն թույլ է տալիս նման բաներ ասել, թե արտագրել է, գրագողություն է և այլն: Նա ի՞նչ հիմքեր ունի նման բաներ խոսելու: Կարող են այնտեղ ինչ-որ քաղաքական խաղեր լինել. դա եղել է 2003-ին ու հիմա հետին թվով`տասը տարի հետո, նման բաներ խոսել, թե ինչու է նա պաշտպանել այդ ամսին և այլն, անընդունելի է»:
Մեր այն հարցին, ո՞րն էր հրատապությունը, որ Աշոտյանը պաշտպանեց հուլիսին, երբ արձակուրդային շրջան էր, պարոն Աղաջանովը պատասխանեց. «Ես չեմ հիշում, թե դա որ ամսին է եղել, բայց հիշում եմ, որ մենք սովորական աշխատանքային ռիթմի մեջ էինք, և արտակարգ բան չկար: Միշտ էլ այնպես է լինում, որ երբ մարդը աշխատանքն ավարտում է, ուզում է շուտ պաշտպանել: Աշոտյանը պաշտպանեց հուլիսին, լավ չեմ հիշում, բայց դա բացատրում եմ նրանով, որ ուզում էր մինչև արձակուրդները պաշտպանել: Ի՞նչ վատ բան կար, եթե պաշտպանական խորհուրդ հավաքվել էր»:
Հետաքրքրվեցինք` Աշոտյանը ուսման տարիներին ի՞նչ առաջադիմություն ուներ, նրա գիտական ղեկավարը պատասխանեց. «Գնահատականներով չեմ կարող ասել, բայց նա մեր համալսարանի լավագույն ուսանողներից էր, արժանացել է Մ. Հերացու անվանական կրթաթոշակին, ուսանողական խորհրդարանի ղեկավարն էր, ուզում եմ ասել, որ նա աճել էր, ոչ թե նրան մեկը բերել դրել էր պաշտոնի»:
Գառնիկ Իսագուլյանը նաև շեշտում էր, թե Արմեն Աշոտյանը հրատապ կարգով է պաշտպանել, որպեսզի չծառայի բանակում: Պարոն Աղաջանովից հետաքրքրվեցինք` բժիշկների դեպքում ՀՀ զինված ուժերում ծառայության ա՞յլ կարգ է գործում: Նա պատասխանեց. «Որքան հիշում եմ` բանակում ծառայում են բուժող բժիշկները, Աշոտյանը կենսաքիմիկոս էր, իսկ այդպիսի մասնագիտություն պահանջված չէ բանակում: Որպես շարքային զինվոր` ծառայել չէր կարող, քանի որ կոչում ուներ, մյուս կողմից էլ բանակ տանում էին բուժող բժիշկներին: Ես էլ բժշկական մասնագիտություն ունեմ, բայց ես էլ չեմ ծառայել, քանի որ պիտանի չէի: Բայց Աստված ոչ անի, պատերազմի դեպքում բոլորին կհավաքեին կտանեին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թօխ հետ դառնա , քանի ւշ չի,հիմա արդեն գտաց կ
լիներ չարօրակ ւռւցքների բւյման դեխը․