Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հասնել կոռուպցիայի կայուն նվազման. մեկնաբանում է Արմեն Աշոտյանը

Փետրվար 17,2015 14:41

«Ես չեմ ասում, որ կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերը վերացել են, որովհետև չեն վերացել: Չեմ ուզում, որ խաբենք մեզ և իրար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ կոռուպցիոն ռիսկերի նվազումը հստակ արձանագրված է և´ տեղական, և´ միջազգային փորձագետների, և´ հանրային կարծիքի ուսումնասիրությունների արդյունքում, բայց դա ընդամենը միտում է, այլ ոչ թե վերջնական արդյունք. «Վերջնարդյունք չէ, որովհետև, նախ, ես վստահ չեմ, որ եթե մենք դադարեցնենք մեր վարչական ճնշումները, կոռուպցիոն ռիսկերը նորից գլուխ չեն բարձրացնի,- ասում է նախարարը,- արդյոք կոռուպցիայի նվազումը հետևանք է ռեպրեսիվ ճնշողական քաղաքականությա՞ն, թե՞ մշակույթի մի մաս է: Ես կասկածում եմ, որ մենք կարողացել ենք կոռուպցիոն ռիսկերի նվազմանը հասնել բացարձակապես մշակույթ փոխելով: Ես շատ վստահ եմ, որ դա հետևանք է լրատվամիջոցների, նախարարության և հասարակության համատեղ աշխատանքի, այսինքն՝ նախ և առաջ, վախի հետևանք է, ոչ թե մտածելակերպի փոփոխության: Ցավոք, մենք դեռ չենք հասել մտածելակերպի կայուն փոփոխությունների»:

Ա. Աշոտյանը համոզված է, որ կոռուպցիոն ռիսկերի կայուն նվազման կարելի է և պետք է հասնել առաջին հերթին ոչ թե ճնշումների, այլ մտածելակերպի փոփոխության շնորհիվ. «Որ դա չանեն նրա համար, որ վախենում են, այլ չանեն, որովհետև դա խանգարում է իրենց: Շատ կարևոր է հասկանալ, որ գնելով քննությունը՝ վաճառում են իրենց ապագան:

Եկեք ազնիվ խոսենք. արդյոք միայն դասախո՞սն է մեղավոր կոռուպցիայի համար: Ոչ, ուսանողն էլ է մեղավոր: Քանի դեռ կա քննությունը կամ ստուգարքն այլ ճանապարհով ստանալու մեջ շահագրգիռ ուսանող, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող արդյունավետ ու արագ արդյունքների բերել: Ինչո՞ւ: Որովհետև մեզ ահազանգողը չկա. պետք է ահազանգեն այն մարդիկ, որոնց իրավունքները խախտվում են: Բայց եթե երկկողմանի հանցավոր համաձայնություն է, ապա գործարքը տեղի է ունենում, և ոչ ոք չի ահազանգում. բոլորը գոհ են՝ բացի ձեզնից և ինձնից: Իսկ այս պարագայում խոսել այն մասին, որ մենք պիտի թրերը հանենք ու շատ արագ ոչնչացնենք այն ամենը, ինչը մեզ խանգարում է, պարզապես չի ստացվի: Դա երկարատև փոփոխությունների արդյունք պետք է լինի»:

Հարցին՝ որն է Հայաստանի ամենակոռումպացված բուհը, կրթության և գիտության նախարարը պատասխանեց. «Չի կարելի ասել՝ ամենակոռումպացված բուհը որն է: Կարելի է ասել՝ ամենաորակյալ բուհը որն է, որովհետև ակնհայտ է, որ կոռուպցիոն ռիսկերը, նախ և առաջ, սպանում են կրթության որակը: Որտեղ կրթության որակը բարձր է, ակնհայտ է, որ այնտեղ կոռուպցիոն ռիսկերը ցածր են: Մենք հրապարակել ենք նախորդ տարվա երեք լավագույն բուհերի անունները, որոնք ազգային վարկանիշավորման արդյունք են:  Ես չեմ ասում՝ այդ բուհերում կոռուպցիա չկա, ես ասում եմ, որ նրանցում կրթության որակը բարձր է, իսկ կոռուպցիոն ռիսկերը՝ ցածր: Բայց մի բան իմացեք. եթե տարվա ընթացքում որևէ դասախոս է սուսիկ-փուսիկ ազատվում աշխատանքից, ապա այդ դեպքերի կեսի հիմքում հիմնավոր կոռուպցիոն կասկածներ են»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728