Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարվա՞ծն է մեղավոր. սեռական բռնության ենթարկված երեխայի ընտանիքը ստիպված է հեռանալ հարազատ քաղաքից

Փետրվար 17,2015 14:20

2013-ի օգոստոսին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում սեռական բռնության ենթարկված 13-ամյա աղջկա ընտանիքը հեռացել է իր հարազատ Սևան քաղաքից ու այժմ ապրում է Վարդենիսի շրջանի գյուղերից մեկում՝ այսպիսով փորձելով փախչել հասարակության մեղադրական հայացքներից ու նոր կյանք սկսել:

«Եկանք էստեղ, որ էրեխեն անկաշկանդ դպրոց գնա: Էրեխեն անընդհատ նեղվում էր, որ տեսնում, ասում էին, էս էն աղջիկն ա … Հետո ինտերնետում որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե էրեխեն 7 ամսական հղի է, դա հանվեց, բայց սուտ լուրն արդեն տարածվել էր, չէր ուզում մնար Սևանում» ,-պատմում է երեխայի մայրը՝ Էմման (անունը փոխված է): Մոր խոսքերով՝ դեպքից հետո երեխան ինքնասպանության փորձեր է արել. «Ասում էր՝ էլ ինչի ես ապրեմ, քանի անգամ ուզել է երակները կտրի, հազիվ մի կերպ եմ համոզել, որ նման բան չանի»:

Հայտնի է, որ անչափահասին սեռական բռնության էին ենթարկել սևանցի 2 տղամարդիկ, որոնցից մեկը ոստիկան էր: Վերջինս՝ ճանապարհային ոստիկանության ծառայության 2-րդ սպայական գումարտակի, 4-րդ վաշտի հետաքննության նախկին տեսուչ, 25-ամյա Վահագն Համբարձումյանը դատապարտվել էր ընդամենը մեկ տարվա ազատազրկման և այժմ արդեն ազատության մեջ է, իսկ 26-ամյա Սասուն Աբրահամյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով` դատապարտվել է 2 տարվա ազատազրկման և ամիսներ հետո ազատ կարձակվի:

Քրեական գործով սկզբում տղամարդկանց մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 138 հոդվածով՝ «անչափահասի խմբակային բռնաբարություն», որով նախատեսված է մինչև 15 տարվա ազատազրկում, սակայն հետո մեղադրանքը փոխվեց և երկու դատապարտյալներին էլ մեղադրանք առաջադրվեց ՔՕ 141 հոդվածով նախատեսված արարքի համար՝ «Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»: Այս հոդվածով նախատեսված է մինչև 2 տարվա ազատազրկում:

«Իհարկե շատ սխալ դատավարություն արեցին: Խմբակային բռնաբարության հոդվածը փոխվեց: Մեկը հաց է գողանում, 5-6 տարի են տալիս, հնարավո՞ր է անչափահաս էրեխու հետ էդպես վարվեն ու մի տարի նստի»,-հարց է ուղղում վիրավորված մայրը՝ հավելելով, թե ինքը պարզապես «նորմալ պաշտպան» չի ունեցել, որ պաշտպանի բռնության ենթարկված երեխայի իրավունքները.

«Որևէ օգնություն չի տրամադրել պաշտպանը, որևէ մեկը դատերի ժամանակ չի եղել կողքիս: Ահավոր վիճակ էր, իմ կողքին ոչ ոք չկար, ոչ գումար ունեի, մինչև հիմա պարտք եմ: Բողոքարկելու համար էլ ոչ հույս ունեի, ոչ փող: Մի կերպ էդ գործից դուրս եկա, գործը կոծկեցին»:

Ըստ նախաքննական ցուցմունքների, որոնք հետո ընդունվել են դատարանում՝ աղջիկն ասել է, թե կատարվածն իր կամքով է եղել, սակայն մայրը պնդում է, որ երեխայի նկատմամբ ճնշում է գործադրվել.

«Էրեխեն ահավոր վախեցած էր, իրենք էրեխուն հարցաքննել են առանց իմ ներկայության, ես դրանից գլուխ չեմ հանում, բայց հետո ինձ ասեցին, որ իրավունք չունեն անչափահաս երեխուն հարցաքննեն առանց ծնողի ներկայության: Հետո վարկածներ առաջ քաշեցին, թե երեխան ուրիշների անուններ է տվել: Ես երեխային որ հարցնում եմ, ինչի ես էդպես ասել, ասում է՝ մամ իրենք են ասել, երեխեն վախից ինչ ասել են, ասել է՝ հա: Բայց նման բան չի եղել»,-համոզված է ծնողը: Նրա խոսքերով՝ «եթե նորմալ դատապաշտպան լիներ, հաստատ նման վճիռ չէր լինի»:

Էմման ամուսնալուծված է, ընտանիքի հայրը հարբեցողության հետևանքով հայտնվել է Աղի հանքի հոգեբուժարանում: Նա միայնակ է մեծացնում երկու աղջիկներին: Ընտանիքը տուն չունի, Սևանում վարձով են ապրել, Էմման մատուցողուհի է աշխատել ճաշարաններում:

Այժմ գյուղում աշխատանք չունի, որոշ ժամանակ ծեր է պահել ու կարտոֆիլ հավաքել.

«Հիմա չեմ կարող էրեխեքին տանը մենակ թողնել: Էն ժամանակ էլ թողեցի տանը մենակ, գնացի, դրա համար էլ էդքան բանն էլ եղավ: Էստեղ էլ գործ չկա, անգամ հավաքարարի գործ չկա: Եթե տեսնեք Վարդենիսում ինչ տան մեջ եմ ապրում էրեխեքի հետ, բայց ի՞նչ անեմ»,-արցունքները չի կարողանում զսպել Էմման՝ շարունակելով. «Ուղղակի օրենք չկա, ուրիշ ոչ մի բան, վերևում Աստված է, կողքիս՝ ոչ ոք»:

 

Բռնության ենթարկված երեխայի մոր խոսքերով՝ չնայած բոլոր դժվարություններին՝ տեղափոխվելը ճիշտ էր, քանի որ երեխայի շրջապատը փոխվել է, նա ավելի սիրով է դպրոց գնում, իսկ հարազատ Սևան քաղաքում այլևս անհնար էր մնալը:

 

«Երեխան շատ կաշկանդված էր: Հետո վատ էր զգացել, երբ տեսել էր էդ ոստիկանին փողոցում, որը բանտից այդքան շուտ դուրս է եկել: Դեպքից հետո հարևանները արձագանք չտվեցին, բայց դպրոցում դժվար էր, ճիշտ է ուսուցիչները երեխաներին սաստել էին, որ մատնացույց չանեն, բայց միևնույն ա, քաշվում էր»:

 

Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Նիկողոսյանն էլ ասում է, որ դեպքից հետո փորձել են կանխել բռնության ենթարկված երեխայի մեկուսացումը.

«Մենք էնպես արեցինք, որ դպրոցում ինքը ոչ մի բան չզգա: Ինքը դժվար երեխա էր, ինքնամփոփ աղջիկ էր, չէր սիրում որևէ մեկի հետ շփվել, բայց դեպքից հետո ամեն ինչ արեցինք, որ նա միջոցառումներին մասնակցի ու մասնակցել է: Էստեղ 9-րդ դասարանն ավարտել է: Եթե կաշկանդվեր, Վերջին զանգին չէր մասնակցի»,-ասում է տնօրենը:

 

Հարցին, թե ինչու դատական պրոցեսի ժամանակ դպրոցից ոչ ոք չի եղել ծնողի ու բռնության ենթարկված երեխայի կողքին, տնօրենը պատասխանեց, որ իրենք պարբերաբար ծնողին զանգահարել ու տեղեկացել են դատական գործընթացի մասին:

 

Սևանի քաղաքապետարանի խնամատարության մարմինները ևս դատական գործընթացին ներկա չեն եղել:

 

«Մեզ ոչ մեկը չի դիմել: Մենք նման ոչ մի գրություն չենք ստացել, իսկ մենք դատական նիստերին իրավունք ունենք մասնակցելու, երբ գալիս է գրություն, որ խնամատարության և հոգաբարձության հանձնաժողովը պետք է մասնակցի նիստին, որպեսզի եզրակացություն տա կամ ներկայացուցիչ ունենա նիստի ժամանակ», -ասում է Սևանի քաղաքապետարանի լրատվության գծով պատասխանատու Արմինե Ղուկասյանը: Ըստ նրա՝ դեպքը մեծ հնչեղություն չի ստացել Սևանում և խտրական վերաբերմունք չի եղել երեխայի հանդեպ. «Կողքը նստած երեխաները կարող է ինչ որ բան ասեն, բայց դպրոցի տնօրենը չի թողել, որ նա դպրոցից դուրս գա»:

 

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ղեկավար, հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանն ասում է, որ Հայաստանում, անգամ երեխաների հանդեպ բռնությունների դեպքերում հաճախ մեղադրում են նաև զոհին, կարծում են՝ երեխան կամ ծնողն են մեղավոր, որ նման բան է եղել. ծնողն է անուշադրության մատնել, կամ եթե երեխան իր կամքով է գնացել, ուրեմն ինքն է մեղավոր:

 

Տվյալ դեպքում երեխային գայթակղել էին ու տարել հանցանքի վայր՝ խոստանալով նվեր՝ հեռախոս գնել, սա էլ հենց պատճառ դարձավ փոխելու մեղադրանքը՝ խմբակային բռնաբարությունը, որն առավել խիստ պատիժ էր նախատեսում փոխվեց «Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ» մեղադրանքով:

 

«Բայց անգամ, եթե երեխան իր ցանկությամբ է գնացել ինչ-որ տեղ, սեռական հարաբերությունը երեխայի հետ համարվում է բռնություն, քանի որ նա չի գիտակցում գնալու հետևանքները, չի գիտակցում ինչ է սեռական հարաբերությունը, հղիությունը, սեռավարակները և այլն»,-ասում է բռնության ենթարկված երեխայի հետ աշխատած հոգեբանն ու հավելում.

«Ամենակարևորը՝ հասարակությունը պետք է ամեն կերպ աշխատի օգնել բռնության ենթարկված երեխային, ոչ թե խույս տա նրանից կամ նրան մեղադրի տեղի ունեցածի մեջ»:

 

Ընդհանրապես, սեռական բռնության ենթարկված անձինք Հայաստանում միանշանակ զոհ չեն ընկալվում և հաճախ են օտարվում ու խտրականության ենթարկվում հասարակության կողմից:

 

Սեռական բռնության ենթարկված երեխայի հանդեպ հասարակական խտրական վերաբերմունքի ցայտուն օրինակ էր Գորիսում արձանագրված դեպքը: 2011 թվականին լրատվամիջոցները տեղեկացրին, որ Գորիսում տասներեքամյա աղջիկը պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել սեփական հոր կողմից և հղի է: Աղջկա հղիությունն ընդհատվեց, սակայն կատարված փորձաքննությունը չապացուցեց, որ հայրն է հղիացրել աղջկան: Գորիսում ընտանիքի ու աղջկա վարքի հետ կապված տարբեր վարկածներ շրջանառվեցին: Դպրոցի ուսուցիչներն ու ծնողները չցանկացան, որ երեխան շարունակի մյուսների հետ սովորել, անգամ նրա դեմ ստորագրահավաք իրականացրին:

 

Արդյունքում տասներեքամյա աղջիկը դուրս մնաց դպրոցից, օտարվեց ընկերական շրջապատից ու մինչ օրս քաղաքում նրա հետ շատ քչերն են շփվում:

 

«Աշխենի դեպքում, բացի նրանից, որ նա սեռական բռնության ենթարկված անչափահաս էր, հետևաբար ուներ մի շարք հոգեբանական խնդիրներ, դրանց ավելացան նաև հարևանների բացասական վերաբերմունքը երեխայի նկատմամբ, ինչպես նաև դպրոցում դասարանցիների ծնողների վերաբերմունքը, ովքեր կարծրատիպային մտածողությամբ պնդում էին, որ երեխան իր սեռական փորձը կփոխանցի իրենց երեխաներին»,- պատմում է «Կանանց ռեսուսային կենտրոնի» հոգեբան Սիրանուշ Դավթյանը:

 

Ուսուցչա-ծնողական համատեղ բոյկոտի հետևանքով, առանց այն էլ լուրջ հարված ստացած երեխան կրկնակի մեկուսացվեց ու անցավ տնային ուսուցման:

 

«Ստեղծված իրավիճակը բնականաբար ավելի բացասական էր ազդում երեխայի վրա` մեկուսացում, շփումների սահմանափակում, որոնք արդեն իսկ բացասական հուզական ապրումների ֆոնի վրա է՛լ ավելի են սրում երեխայի հոգեկան վիճակը, վարքը դարձել էր արտահայտված ագրեսիվ»,- ասում է նրա հետ աշխատած հոգեբան Դավթյանը:

 

Ոստիկանության տվյալներով՝ վերջին 10 տարում Հայաստանում մոտ 2.5 անգամ աճել են երեխաների հանդեպ սեռական բռնություններով գրանցված դեպքերը, իսկ այդ դեպքերով հարուցված քրեական գործերի թիվն աճել է մոտ 2.2 անգամ, եթե 2004-ին գրանցվել էր երեխաների նկատմամբ սեռական բռնության 48 դեպք և հարուցվել 43 քրեական գործ, ապա 2013-ին գրանցվել է 116 դեպք և հարուցվել 95 քրգործ, իսկ 2014-ի 11 ամիսների ընթացքում՝ եղել է բռնության 98 դեպք:

ՄիՊ Կարեն Անդրեասյան

 

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կարծիքով՝ երեխաների հանդեպ սեռական բռնության աճի հիմնական պատճառներն են «սոցիալական խնդիրների մեծացումը, բռնարարի հոգեկան որոշակի շեղումները, անպատժելիությունը, երեխայի համար անառողջ սոցիալական միջավայրի ստեղծումը, երեխաների և ընտանիքների հետ առաջնային աշխատանքներ կատարող մասնագետների բացակայությունը, իսկ ընտանիքներում նման երևույթի աճին կարող է նպաստել նաև «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի բացակայությունը»:

 

«Այս տեսանկյունից շատ կարևոր եմ համարում զարգացնել սոցիալական աշխատողի ինստիտուտը և բարձրացնել խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքի արդյունավետությունը: Վերջիններս, լինելով ընտանիքի և երեխայի հետ աշխատող առաջին մասնագիտացված օղակներից, կարող են զգալիորեն նպաստել նման երևույթի կանխարգելմանը և հայտնաբերմանը: Շատ կարևորում եմ նաև իրավապահ մարմինների պատշաճ արձագանքը և նման դեպքերի արագ բացահայտումը»,- ասում է ՄԻ պաշտպանը:

 

Իսկ մինչ մեր երկրում կընդունեն ընտանեկան բռնության մասին օրենք, կզարգացնեն սոցիալական աշխատողների ինստիտուտը, առայժմ բռնության ենթարկված երեխաները հաճախ դեռ ստիպված են թաքնվել հասարակության հետաքրքությունից, մեղադրական հայացքներից, ստիպված են բնակության վայր փոխել, կամ ուղղակի լռել:

 

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ.հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728