«Մոսկվիչկա» տարադրամի փոխանակման կետի պատասխանատու Արթուր Ավետիսյանը այսօր «Ֆինանսական բուրգի» գործով դատարանին ներկայացրեց իր նկատմամբ հարուցված քրեական գործում առկա մի շարք ապացույցներ: Ըստ նրա՝ այդ ապացույցներից պարզ է դառնում, որ այդ գործով տուժող Արտակ Գալստյանը կատարել է հանցագործություն:
«Ա. Գալստյանը իր նախաքննության եւ դատարանում տված ցուցմունքներով հստակ նշում եւ պնդում է, որ ես իրեն պարտք եմ 720 հազար ԱՄՆ դոլար գումար, սակայն իմ կողմից ավելի ուշ հայտնաբերված եւ դատարանին ներկայացված գրությամբ, որը կազմել է նույն տուժողը՝ հիմնավորվում է, որ ես նրան պարտք եմ տոկոսով վերցրած 600 հազար ԱՄՆ դոլար եւ 80 հազար ԱՄՆ դոլար, որը նա ընդունեց եւ հաստատեց: Այսինքն՝ ես նրան պարտք եմ 680 հազար ԱՄՆ դոլար եւ ոչ թե 720 հազար», հայտարարեց Ա. Անդրեասյանը, որը նաեւ նշեց, որ գումարային հաշվարկների ժամանակ պարզ է դարձել, որ տուժող Գեւորգ Թադեւոսյանի հանդեպ իր ունեցած պարտքը 40 հազար ԱՄՆ դոլար է, հաշվարկվել է Արտակ Գալստյանի ընդհանուր պարտքի մեջ, այսինքն՝ «Ես Ա. Գալստյանին պարտք եմ 680 հազար դոլար, որին ավելացրել ենք Գ. Թադեւոսյանի 40 հազար ԱՄՆ դոլարը եւ ընդհանուր պարտքը կազմել է 720 հազար»:
Ըստ ամբաստանյալի հաշվարկի եւ գնահատականի՝ տուժող Ա. Գալստյանը կատարել է հանցագործություն, որի արդյունքում Գ. Թադեւոսյանին ամբաստանյալը պետք է վճարի 40 հազար դոլար»: Ըստ ամբաստանյալի, տուժողի կողմից գրված գումարների ցուցակից պարզ է դարձել նաեւ այն փաստը, որ նա գումարների վերադարձման հարցում նույնպես չարաշահել է: Տուժողը ամբաստանյալից վերցրած 28.500 եվրո գումարը պարտքի ցուցակից չի հանել եւ այդ գումարի դիմաց 10 հազար ԱՄՆ դոլարի չափով տոկոս է վճարել ամբաստանյալը նրան: «Երբ այդ ամենը դատարանում ի հայտ եկավ, Արտակ Գալստյանը այլ ելք չունենալով, կարծես փորձում է ինձ լավություն անել եւ նշում է, որ ես իբր իր կողմից իրեն վճարած 160 հազար ԱՄՆ դոլար տոկոսը հաշվում է որպես վերադարձված մայր գումար: Բայց նշեմ, որ ես նրան վճարել եմ ոչ թե 160 հազար դոլար, այլ 250 հազար դոլար»,- հայտարարեց ամբաստանյալը:
Կարդացեք նաև
Ի դեպ, նախաքննության ժամանակ այս տուժողը հայտնել է, որ ամբաստանյալը իրեն վճարել է տոկոս՝ 80-100 հազար դոլարի չափով եւ ոչ թե 160 հազար:
Ամբաստանյալը անդրադարձավ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին ուղղված 10.09.2013թ. միջնորդությանը, որը ուղարկվել էր տուժողի կողմից: Տուժողը միջնորդել էր Բաղրամյան 77/8 հասցեի անշարժ գույքը եւ Գայի պողոտա 2-րդ շենքի թիվ 136 եւ 140 տարածքները ճանաչել քրեական գործով իրեղեն ապացույց եւ որպես նրանից խարդախությամբ հափշտակված, ներառել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ծավալի մեջ:
Ամբաստանյալն ասում է, որ Ա. Գալստյանը իր միջնորդությունը հիմնավորելու համար անդրադարձել է քրգործում առկա Յունիբանկից առգրաված իրեն տրամադրված վարկերի վարկային գործերին: Ըստ նրա, այդ գործով խախտվել է նախաքննության գաղտնիությունը, քանի որ նախաքննության ավարտ չի հայտարարվում, ապա ոչ ոք, այդ թվում՝ եւ տուժողը, եւ մեղադրյալը, իրավունք չունեն ծանոթանալու քրեական գործում առկա ապացույցներին եւ փաստաթղթերին, իսկ ՀՔԾ-ում գործի ավարտը դեռ չհայտարարած, Ա. Գալստյանը ծանոթ է եղել ապացույցներին:
Ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, թե Ա. Գալստյանը նշել է, որ իբր իրենց տանը եռակողմ պայմանագրի եւ պարտավորագրի գրելու խնդրանքը եղել է ամբաստանյալինը, Արթուր Անդրեասյանն ասաց. «Ես պատճառաբանել եմ, որ իբր դա անհրաժեշտ է նրա համար, որ դա ցույց տամ Ներսիկ Նազարյանին եւ Կարեն Բաբակեխյանին, ապա այստեղ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Ա. Գալստյանի եւ իմ գումարային հարաբերությունների վերաբերյալ այդ փաստաթղթերի նախաձեռնությունը իրենն է եղել: Եթե իրականում նման բան լիներ, ապա ես կնշեի տոկոսի մասին, որպեսզի այն ցույց տայի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ