Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի տնօրենը գովեց պաշտոնյաների երեխաներին

Փետրվար 17,2015 14:06

Այսօր` փետրվարի 17-ին, Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի երեխաները բողոքի ցույց են արել ի պաշտպանություն աշխատանքից ազատված իրենց աշխարհագրության ուսուցիչ Արմինե Սեյրանյանի, որը նաեւ դպրոցի կազմակերպիչն է:

Aravot.am-ի հետ զրույցում աշակերտները պատմեցին, որ ամեն առիթով ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի որդին՝ 7-րդ Գ դասարանում սովորող Թեմուրը, սպառնում է, որ հորը կբողոքի, իսկ ծնողներն էլ ժպիտով նշեցին, որ վերջին դեպքերի առիթով հրավիրված ժողովին աշակերտները ներկայացել են իրենց ծնողների հետ, իսկ նախարարի որդին՝ թիկնապահի:

Abgaryan

Մի երեխա էլ հայտնեց, որ նախարարի որդին ֆեյսբուքյան կեղծ պրոֆիլից ընկերության հայտեր է ուղարկել իրենց դպրոցի 5 աշակերտի, որոնցից մեկն ընդունել է ընկերանալու հայտը, մյուսները՝ ոչ: Ու նաեւ հավելեց, որ պաշտոնյայի որդին հայհոյանքներ է իրենց ուղարկել ֆեյսբուքով, ու այդ պատճառով էր ուսուցիչը բոլորին հավաքել իր կաբինետում ու պահանջել, որ հեռախոսները ցույց տան, որպեսզի ապացուցվի՝ հայհոյանք ուղարկողը:

Մեզ հետ զրույցում Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանն (լուսանկարում) ասաց, թե դրանք ընդամենը լուրեր են, եւ իրականությանը չի համապատասխանում այն, որ աշակերտներին հավաքել են Սեյրանյանի կաբինետում:

Մինչդեռ Aravot.am-ի հետ զրույցում նախարարը հաստատել էր, որ եղել է նման բան:

Տիկին Աշրաֆյանը կատարվածի առնչությամբ ընդամենն ասաց. «Երեխաները միանշանակ արդարություն են պահանջում, բայց տիկին Սեյրանյանի հանդեպ ոչ մի անարդարացի բան չի եղել: Տարիներ շարունակ աշխատել ենք շատ ջերմ մթնոլորտում, տիկին Սեյրանյանն ինքն է անձամբ դիմումը գրել եւ հեռացել, չգիտեմ ինչու՝ գուցե մի պահ վիրավորվել է»:

Տնօրենն անընդհատ պնդում էր, թե խնդիրը նախարարի տղայի հետ կապ չունի. «2000 աշակերտ ունենք, կարող են լինել փոքր իրարանցումներ, բայց գլոբալ խնդիրներ երեխաների հետ չենք ունեցել՝ համեմատած մյուս դպրոցների հետ»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե քանի պաշտոնյայի երեխա կա իրենց դպրոցում, եւ արդյոք մյուսների հետ կապված միջադեպեր եղե՞լ են, Լիանա Աշրաֆյանը պատասխանեց. «Մենք մեր պաշտոնավորների երեխաներին չենք առանձնացնում, եւ պաշտոնյաների երեխաներն ավելի դաստիարակված են ու չափի մեջ: Իսկ այն ինչ այսօր կատարվեց, կարծում եմ՝ վերջին դեպքն է, որովհետեւ երեխաները հասկացան, որ պետք է մասնակցեն օլիմպիադաների, Ուիլյամ Սարոյանին ու Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին»:

Տնօրենը չհերքեց, որ աշակերտներին խաղաղեցրել է դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Ղարիբյանը, որն իր մայրն է:

Աշակերտներն էլ հավաստեցին, որ ներկայիս տնօրենը չի վայելում այն հարգանքը, ինչպես Հասմիկ Ղարիբյանը, եւ նրան դժվար թե հաջողվեր հարցը լուծել՝ առանց մոր օգնության:

Հավելենք, որ դասարաններ ուղարկելով՝ երեխաներին ասել էին, թե ուր որ է դպրոց կգա ազատված ուսուցչուհին, մինչդեռ տնօրեն ասաց, որ ոչ ոք տիկին Սեյրանյանին չի հրավիրել:

Մանրամասները՝ հաջորդիվ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անահիտ Հարությունյան says:

    Ես կարծում եմ, որ ընկեր Սերյանյանը Մանկավարժ է մեծատառով, քանի որ նրան բոլոր երեխաները սիրում են և հարգում: Ընկեր Սերյանյանի ճիշտ աշխատանքի ապացույցն` երեխաների նյարդային վիճակն է: Երեխաներն ամեն գնով ցանկանում են ետ վերադարձնել իրենց համար անփոխարինելի ուսուցչուհուն: Մի կոտրեք մեր երեխաներին:

  2. Artur says:

    Սա վերջն է: Իսկապես նկարում պատկերված է դպրոցի տնորենը? Եթե այո, ես այլևս ոչինչ չունեմ ասելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728