«Ղրղըզստանը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու գործընթացները կավարտվեն այս տարվա մայիսի 9-ին եւ երկիրը կդառնա միության լիիրավ անդամ»,- այս մասին, ըստ Newskaz.ru-ի, հայտնել է Ղրղըզստանի վարչապետ Ջոմարտ Օտորբաեւը:
Վարչապետը հավելել է, որ այժմ նրանք աշխատում են երկու արձանագրությունների վրա, որոնք պայմանագիրը լրացնում են անցումային դրույթներով եւ կարեւոր կետերի հստակեցմամբ: Նրա խոսքերով՝ երկրի իշխանությունները մինչեւ այդ քայլին դիմելը՝ 3 տարվա ընթացքում խորը հետազոտություններ են կատարել ԵՏՄ մուտք գործելու վտանգների հետ կապված:
Օտորբաեւը նշել է. «Բացասական երեւույթներից կարելի է նշել ինֆլյացիոն ճնշումը, բայց, մեր դիտարկմամբ, այն մեծ չի լինի: Ավելի շատ դրական կողմեր կան: 170 միլիոնանոց շուկան կբացվի մեր հանրապետության առջեւ: Սա հնարավորություն է մեր արտադրանքը արտահանել մեծ շուկաներ»:
Ղրղըզստանի վարչապետի խոսքերով՝ այդպիսի հնարավորությունները շատ կարեւոր են ֆերմերների համար. «Նախատեսվում է նաեւ ներդրումների ավելացում: Ուստի մենք հավատում ենք, որ տնտեսության համար, որը մենք կառուցում ենք, ամենատրամաբանական քայլը կլինի այն բացելը մեր տնտեսական գործընկերների համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ