Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Արձանագրությունները կարելի է հրապարակում այրել եւ ասել՝ մահ Թուրքիային»

Փետրվար 17,2015 13:22

«Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը տրամաբանական շարունակությունն է այն քաղաքականության, որն ասվեց ՄԱԿ-ի ամբիոնից: Սա արձանագրումն էր այն փաստի, որ ՀՀ-ն փորձեց իր կողմից կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կարող էին տանել հարաբերությունները նորմալացման: Գնդակը Թուրքիայի դաշտում էր եւ այդպես էլ պատասխան չեղավ: ՄԱԿ-ի ելույթից հետո արձանագրենք, որ տրամաբանական քայլ էր՝ այս քաղաքական կուրսի շրջանակներում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է կապ ունենա ներքաղաքական խնդիրների հետ, որ ՀՅԴ-ի հետ նորից կոալիցիա կազմեն՝ նա պատասխանեց, որ ամեն ինչ չի կարելի կապել ներքաղաքական զարգացումների հետ:

Պարոն Արզումանյանը ավելի շուտ կապ տեսավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, որովհետեւ, ըստ նրա, մյուս տարելիցին այդքան մեծ հետաքրքրություն կարող է չլինել, գուցե սա պատասխան էր Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումների հրավերին:

Հարցին՝ փաստաթուղթը հետ կանչելը նշանակում է, որ այն արդեն գոյություն չունի՞, թե՞ քանի դեռ ստորագրություն կա դրա տակ, այն կենդանի է մնում՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Միջազգային որեւէ պայմանագիր ենթադրում է վավերացում եւ գործում է միայն վավերացումից հետո՝ անկախ նրանից՝ դրա տակ ստորագրություն կա՞, թե՞ ոչ: Կարելի է հրապարակում այրել եւ ասել՝ մահ Թուրքիային»:

Անդրադառնալով Ուկրաինայի զինադադարին՝ նա ասաց, որ դրական էր պայմանագիրը, որը ստորագրվեց, բայց այնտեղ կան թաքնված ռումբեր. «Արդեն ակնհայտ է, որ չի գործելու պայմանագիրը: Դա Պուտինի, Եվրոպայի համար դեմք փրկելու հնարավորություն էր: Ինչ-որ զինադադար կլինի որոշակի ժամանակահատվածում, բայց պայմանագիրն այնպիսի կետեր ունի, որ ինչ-որ պահի կողմերից մեկը հրաժարվելու է: Պուտինը հրաժարվեց, որ Ուկրաինայի սուվերեն երկրի սահմանը վերահսկվի ուկրաինացիների կողմից: Դա միջամտություն էր Ուկրաինայի ներքին գործերին: Պորոշենկոն պետք է գիտակցի, որ չունի մեծամասնություն: Զարգացումները տանում են նրան, որ որոշ ժամանակ անց կարող է ավելի մեծ ուժգնությամբ սկսեն ռազմական գործողությունները»:

Մեր հարցին, այսինքն, ըստ Ձեզ, 16 ժամ տեւած այդ քննարկումներն անպտո՞ւղ են՝ նա պատասխանեց. «Մերկելն ու Օլանդն ունեն ընտրողներ, այդ ընտրողներին պետք էր արդյունք ներկայացնել: Նրանք նախընտրական գործողություններ են անում: Այնուամենայնիվ, մարդկանց կյանքեր փրկվեցին, հնարավոր է նաեւ ուրվագիծ եղավ ապագա լուծման համար: Այդ փաստաթուղթը կարող է հիմք լինել ապագա քննարկումների համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728