Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Սերժ Սարգսյանը վիրավորվել էր, թող գնար տանը ասեր, վիրավորվել եմ՝ ցավդ տանեմ»

Փետրվար 17,2015 13:18

«Իշխանությունների մոտ հորթային խանդավառություն է առաջացել»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա՝ «այդ խանդավառության առարկան է դարձել, երբ բարեկամին բարեկամի դեմ են լարում ու հանձնարարում են բարեկամին բամփել: Երեսուն արծաթով ծախվելը այսօրվա իշխանությունների խանդավառությունն է դարձել: Այս կերպ երկիր ղեկավարել չի կարելի»:

Ըստ պարոն Իսագուլյանի՝ փետրվարի 12-ից հետո ՀՀ-ում չկա իշխանություն, կա խունտա: Նա մանրամասնեց. «Որևէ մեկն այսօր ապահովագրված չէ, որ խունտան մտնելու է իր տուն ու խուզարկելու՝ անկախ նրանից՝ մեղք կա, թե՝ ոչ»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի առիթով պարոն Իսագուլյանը հիշեց «չկա չարիք առանց բարիք, և չարիքի բարիքն այն է, որ վերջին օրերին տեսնում ենք Հայաստանի քաղաքական վերնախավին, նրանց սատարող ուժերին»:

Այնուհետև հիշեցրեց. «Բոլորին հայտնի Շարմազանովը հայտնեց, որ ամեն ինչ անցնելու է Մելիք Ադամյանով և ես սկսեցի հետաքրքվել՝ վերջինիս այդ հայտարարությամբ ՀՀԿ-ն ընդունե՞ց, որ ուզուրպացնում է ՀՀ իշխանությունը»:

Ըստ Գառնիկ Ւսագուլյանի՝ «Այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը, ՀՀ օրենքի հետ կապ չունի: Սա հաշվեհարդարի կոչ էր բոլորին: Պարզվում է ՀՀ նախագահը նաև Ազգային ժողովում ներկա բացակա է անում և չգիտես թե ինչու բոլոր հարգելի բացակաները դառնում են անհարգելի: Փողոցային ասեկոսեների հիման վրա անվտանգության խորհրդի նիստ է անում
Իշխանություններն իրենց դրել են ՀՀ գործող Սահմանադրությունից և օրենքներից դուրս: Եվ դրանից հետո Տարոն Մարգարյանը որոշում է, թե շտապ է հանրահավաքը, թե՝ ոչ»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե իշխանական դաշտից հնչում են տեսակետներ, որ հաջորդ քայլը լինելու է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, պարոն Իսագուլյանը պատասխանվեց. «Նման բան չկա: Ի՞նչ իշխանության մասին է խոսքը. իշխանությունը նրանք են, ովքեր առաջնորդվում են սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով: Մյուս կողմից ընդդիմությունը ի՞նչն է խախտել, իսկ ՀՀ նախագահը խախտեց և Սահմանադրությունը, և օրենքները: Ո՞վ է տեսել, որ որևէ երկրի նախագահ ինքը որոշի՝ ովքեր են համապատասխանում քաղաքական գործիչ չափանիշներին»:

Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահը վիրավորվել է Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից, պարոն Իսագուլյանն արձագանքեց. «Հա ի՞նչ անենք վիրավորվել է՝ հակաօրինական բան ասե՞լ են, որ ինքը վիրավորվել է: Բոլորն էլ միս ու արյունից են, վիրավորվել էր, թող գնար տանը ասեր, վիրավորվել եմ՝ ցավդ տանեմ: Այդ առումով Սեյրան Սարոյանի պահվածքը ԱԺ-ում ինձ համար լրիվ հասկանալի և ընդունելի է, ինչ ասաց Արամ Մանուկյանին: Բա ՀՀ նախագահը և շարքային քաղաքացին, բժիշկն ու հիվանդը ինչո՞վ են իրարից տարբերվում: Վիրավորվում է, հետո սկսում է հակասահմանադրական գործողություններ անե՞լ: Հարյուր հազարների փողոց հանելը արգելվա՞ծ է, սահմանադրական բարեփոխումներին դեմ խոսելը արգելվա՞ծ է»:

Նշենք, որ Գառնիկ Իսագուլյանը նաև որոշ փաստեր հրապարակեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության և ըստ իր ներկայացման՝ անօրինությունների հետ կապված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728