Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում տուբերկուլյոզի ցուցանիշները սկսում են նվազել

Փետրվար 17,2015 13:33

Աշխարհում ամեն տարի մոտ 9 միլիոն ակտիվ տուբերկուլյոզի դեպք է գրանցվում, իսկ 1,5 միլիոն մարդ տարեկան մահանում է այդ հիվանդությունից: Հիվանդության դեմ պայքարի նոր միջոցները քննարկելու նպատակով այսօր Երեւանում ՀՀ առողջապահության նախարարության եւ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հետ համատեղ տեղի ունեցավ Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի Տուբերկուլյոզի 4-րդ համաժողովը՝ «Տուբերկուլյոզի նոր բուժումները եւ մոտեցումները թեմայով»: Համաժողովի երկու օրերի ընթացքում քննարկվելու են տուբերկուլյոզի դեմ պայքարի նոր ձեւերը՝ հատկապես հիվանդության դեղորայքակայուն ձեւերը:

Համաժողովից հետո ասուլիսի ընթացքում Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց, որ երկար տարիներ ամբողջ աշխարհում հակատուբերկուլյոզային դեղորայքը չէր փոխվում, սակայն 2012 թվականին հայտնվեց նոր հակատուբերկուլյոզային դեղամիջոց՝ Բետաքվիլին, որը ներկրվեց Հայաստան 2013 թվականից՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ. «Ներկայումս մենք ավելի քան 30 հիվանդներ ունենք, որոնք ժամանակին համարվում էին գերդեղակայուն հիվանդներ եւ բուժման արդյունավետությունը նրանց մոտ ցածր էր: Սակայն կիրառելով այս դեղամիջոցը, հիմնական հակատուբերկուլյոզային դեղամիջոցների հետ՝ մենք այսօր գրանցել ենք լուրջ արդյունքներ»:

Դեղորայքը տրամադրվում է անվճար հիմունքներով եւ ինչպես տեղեկացրեց պրն Հայրապետյանը, Հայաստանում տուբերկուլյոզի ախտորոշումն ու կանխարգելումը նույնպես իրականացվում է անվճար:

Հայաստանում տուբերկուլյոզի ցուցանիշները սկսել են նվազել 2005 թվականից սկսած: Ինչպես տեղեկացնում է բժիշկը՝ ցուցանիշներն ամբողջ աշխարհով նույնպես սկսում են նվազել, սակայն դանդաղ տեմպերով. «2014 թվականի տվյալներով՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչից 34-ը հիվանդանում են տուբերկուլյոզով: 2014 թվականին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 1046 նոր դեպք, որոնցից 90-ը դեղորայքակայուն են եղել»:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բժշկական գծով համակարգող Ջամիլ Ֆաքիրզաին էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Հայաստանը գտնվում է այն 27 երկրների շրջանում, որոնք ունեն տուբերկուլյոզի բարձր ցուցանիշներ:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728