Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալն աղմկահարույց հայտարարություն արեց տուժողի վերաբերյալ

Փետրվար 17,2015 12:58

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր կրկին չէր ներկայացել «Ֆինանսական բուրգի» գործով տուժող ճանաչված Արտակ Գալստյանը:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը հանդես եկավ հայտարարությամբ: Ասաց, որ տուժողը՝ Արտակ Գալստյանը նախկինում կատարել է հանցագործություններ, որոնց համար դատապարտվել է եւ պատիժը կրելուց հետո 2010թ. հանդիպել է իր հետ, սկսել մտերմություն անել: Ամբաստանյալին առաջարկել է տոկոսով գումարներ՝ իրեն շահավետ պայմաններով: Վստահելով նրան, չկասկածելով նրա հետագա պլաններին, ամբաստանյալը ընդունել է առաջարկը: «Արտակ Գալստյանի հիմնական պլանն էր ինձնից խլել արդեն իսկ գործող եւ եկամուտ բերող հանքը եւ Բաղրամյանի տարածքը, որը նա 50 հազար դոլարով խլել էր նախկին սեփականատեր Վարդուհուց, ինձ վրա մեծ գնով վաճառել, քանի որ տարածքը այդ վիճակով նա երբեք չէր կարող 250 հազար ԱՄՆ դոլարով վաճառել, ինչն էլ նրան հաջողվեց»,- ասաց Ա. Անդրեասյանը:

Ամբաստանյալը նաեւ հայտնեց, որ Ա. Գալստյանն ունի բավականին քաղաքացիական գործեր, որով դատարան է դիմել եւ պահանջում է նույնպես գումարներ, սակայն քաղաքացիական գործերը տանուլ տալով՝ նա փորձում է «մեր գումարային հարաբերությունները քրեականացնելու միջոցով՝ իրավապահ մարմինների միջոցով տանել ինձնից կրկնակին, ինչ տվել է»: Ամբաստանյալը հայտնեց, որ Ա. Գալստյանն այնպես է արել, որ ինքը սնանկանա եւ ընկնի նման վիճակի մեջ: «Երբ ես նրան 2013թ. մարտ ամսին հայտնեցի, որ այս պահին հնարավորություն չունեմ վճարել տոկոս, քանի որ հանքում եղած ավազի վաճառքի սեզոնը չէր եւ խնդրեցի մի քիչ սպասի՝ նրան տալով հանքի 5%-ը, պայմանավորվեցի, որ հանքը շարունակեմ աշխատացնել եւ պաշարի վաճառքով փակեմ իմ բոլոր պարտքերը, որին նա համաձայնվել էր: Սակայն 2013թ. մարտի 27-ին Ա. Գալստյանը գնացել է հանք, հորս՝ Վ. Անդրեասյանի ձեռքից խլել է ընկերության կնիքը, հանքի բոլոր փաստաթղթերը, այսինքն՝ տիրացել է հանքին եւ վռնդել է հորս, ինչի մասի հայրս հայտարարությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին»,- հայտարարեց ամբաստանյալը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում էր, որ հանքը խլելուց հետո տուժողը վաճառել է այն: Հանքում այդ ժամանակ եղել է նաեւ նախապատրաստվածք, հումք: Ըստ ամբաստանյալի՝ եթե տուժողը ընդունում է, որ հանքը իր մոտ հանդիսացել է գրավի առարկա եւ որ ինքը չի  խոչընդոտել հանքը աշխատեցնելուն, ապա ինչո՞ւ է խլել հանքը, վաճառել եւ տիրել գումարներին: Ըստ ամբաստանյալի, հանքում եղած հումքի գումարը կազմել է 5 մլն 550 հազար ԱՄՆ դոլար: Հայտարարությունում ամբաստանյալը անդրադարձավ նաեւ տուժողի կողմից փաստաթղթեր կեղծելուն, նախաքննության ընթացքում քննիչին ուղղորդելուն:

Նա հայտնեց, որ այդ քրեական գործում առկա է 27.11.2013թ. բաժնեմասերի առքուվաճառքի պայմանագիր, որը քննիչին է ներկայացրել Ա. Գալստյանը: Նշված պայմանագրով ամբաստանյալի հայրը իբր հանքի իր 5% բաժնեմասը վաճառել է նրա կնոջը՝ Վեներա Գալստյանին, որն էլ կցվել է այդ քրեական գործին: Ըստ ամբաստանյալի՝ պայմանագրի կնքման օրը իր հայրը գտնվել է հիվանդանոցում եւ չէր կարող այդ ժամանակահատվածում նման պայմանագիր ստորագրել, իսկ պայմանագրում հոր անվան դիմաց դրված ստորագրությունը իր հորը չի պատկանում եւ անհայտ է, թե ով է ստորագրել հոր փոխարեն:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728