ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն), երեկ գիշերն է տեղեկացել, որ իրեն պատկանող հյուրանոցում ստուգումներ են սկսվել:
«Տնօրինությունից զանգահարեցին, տեղեկացրին, որ 50-60 հատուկ ջոկատայիններով քրեական վարչությունից ստուգելու են եկել, ասացի՝ է, թող ստուգեն: Բարձր կարգի հյուրանոց է, որտեղ հանգստանում են օտարերկրացիներ եւ բարձրաստիճան հյուրեր:
Հետո իմացանք՝ այլանդակություններ են արել, փակել են, մարդկանց նեղել են, զննել են, քննել են՝ որտեղից, կենսագրություն, սա մարդու իրավունքների ոտնահարում է»,- Aravot.am-ին ասաց Ռուբեն Գեւորգյանը:
Անդրադառնալով լուրին , թե իր ընտանիքին պատկանող հյուրանոցից բերման են ենթարկվել մարմնավաճառներ ու պարզվել է, որ հեռուստացույցով հեռարձակվում են պոռնոգրական նյութեր, պատգամավորը կրկնեց, որ բարձր կարգի հյուրանոց է. «Հյուրանոցի տնօրինությունը թեստ չի անցկացնելու կամ զննումներ, թե եկողը տվյալ մարդու սիրուհի՞ն է, ընկերուհի՞ն, թե՞ կինը:
Կարդացեք նաև
Իսկ իրենց հայտնաբերած իբր մարմնավաճառուհիները, որոնցով ուզում են մարդկանց սեւացնել, այդ նույն մարմնավաճառները տաքսու, տրանսպորտի ու հասարակական վայրերում էլ են ինչ-որ մարդկանց հետ, ու չես իմանա՝ ամուսիններն են, թե ով են: Մարմնավաճառները, որ այսօր մարմնավաճառ են դարձել, այսօրվա իշխանությունների ամոթն է: Այդ հյուրանոցը մարմնավաճառներին սպասարկող վայր չէ, հյուրանոցը բարձր կարգի հյուրանոց է, որ սպասարկում է հասարակության բոլոր շերտերին: Կրկնում եմ քննություն չի անցկացվում՝ ով ում հետ է գալիս»:
Մեր հարցին, թե ձեզ պատկանող այլ տարածքներո՞ւմ էլ են ստուգումներ եղել, ասաց. «Այլ տարածքներում էլ ենք սպասում նույն ստուգումների: էդ ձեւ են ուզում սեւացնել մարդկանց կամ ուզում են մարդու բիզնեսին խփեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ