«Սա ռիսկ է, քանի որ այս օրենքի նախագիծը հկ-ների համար վարչական պատասխանատվություն կարող է առաջացնել և ընդհուպ հարկադիր լուծարման տանել, եթե տարվա մեջ հայտնաբերվի, որ նա իրականացրել է գործունեություն իր կանոնադրական նպատակներից դուրս»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «ՀԿ-ների մասին օրենքի նախագծի դրական և բացասական կողմերը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը 2014-ին մշակվել ու ներկայացվել է հանրությանը: Այժմ հանրային քննարկումներ են ընթանում օրենքի շուրջ, քանի որ հ/կ-ները իրենց մտահոգություններն են բարձրաձայնել այս օրենքի վերաբերյալ:
Հերիքնազ Տիգրանյանը որպես դրական քայլ նշեց, որ նոր օրենքի նախագիծը հնարավորություն տվեց հ/կ-ներին իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Բայց նաև շարունակեց թվարկել մտահոգությունների շարքը. «Արդարադատության նախարարության նախատեսած տարբերակում ասվում է, որ ձեռնարկատիրական գործունեությունը պետք է համապատասխանի հ/կ-ների կանոնադրական նպատակներին: Այս սահմանումը սահմանափակում է հ/կ-ների գործունեության շրջանակը. դժվար է որոշել` արդյոք այս ձեռնարկատիրական գործունեությունը ամբողջությամբ համապատասխանո՞ւմ է նրա կանոնադրական նպատակներին, թե` ոչ: Ստացվում է` պետական մարմինը ունի հայեցողական մեկնաբանություն»:
Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը նկատեց, թե հասարակական կազմակերպությունների աշխատանքը կանոնակարգող օրենսդրությունում կա փոփոխությունների անհրաժեշտություն, այլ հարց է, թե դրանք ինչպես են իրականացվում: Այնուհետև նշեց. «Կան բավականին շատ լծակներ, որոնց միջոցով պետությունը հնարավորություն է ստանում միջամտել հ/կ-ների գործունեությանը: Այս օրենսդրական փոփոխությունները նույնպես մտավախություններ կարող են առաջացնել, որ այս դեպքում, ինչպես մեր երկրում ընդունված է, նույնպես ընտրողականություն է գործելու` հաշվի առնելով ԵՏՄ-ական տրամաբանությունը, օրինակ` ՌԴ օրինակը, ինչպես ասում են` վատ օրինակը վարակիչ է»:
Կարդացեք նաև
Միքայել Հովհաննիսյանը նկատեց, թե այժմ արդարադատության նախարարությունը բավականին կառուցողական դիրք է զբաղեցրել, առողջ քննարկումներ ու մշակումներ են ընթանում, բայց հաշվի առնելով նախադեպերը, երբ հայեցակարգն ու ընդունված օրենքը իրար հետ կապ չունեն՝ երաշխիքներ չունեն, որ այդ նախագիծը հայտնվելով ԱԺ-ում որևէ լուրջ փոփոխության չի ենթարկվի:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը տեղեկացրեց, որ կան մի շարք կետեր, որոնք արդեն հանվելու են. դրանց շուրջ համաձայնության են եկել: Հարցին` արդյոք ՌԴ դեսպանի` «սեպ խրող կազմակերպությունների» մասին հայտնի հայտարարության հետ կապ ունի՞ այս նախագծի իրականացումը, նա պատասխանեց. «Մենք առաջարկում ենք իրապես ազատ գործելու հնարավորությունը տալ հ/կ-ներին: Երաշխիքներ` ինչ կլինի այդ օրինագծի ճակատագրի հետ որևէ մեկը չի տալիս և մենք չենք կարող ասել, որ այն, ինչ կատարվում է միանշանակ կազդի ու կունենանք օտարերկրյա գործակալների մասին նախագիծ: Փորձը ցույց է տալիս, որ նման հարցեր քննարկելիս չենք կարող կտրվել կոնտեքստից և քաղաքական գործընթացը ազդեցություն ունի, և ինչ որ զարգացումներ, որոնք տեղի են ունենում, անպայման պիտի հաշվի առնվեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»