Հարցազրույց երաժիշտ, երգահան, «Արձագանք» ստադիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանի հետ։
– Թե՛ Սերժ Սարգսյանը՝ իր ելույթով եւ թե՛ Գագիկ Ծառուկյանն իր պատասխանով, փաստորեն Գագիկ Ծառուկյանն իր պատասխանով, փաստորեն, պատերազմ հայտարարեցին միմյանց։ Ըստ Ձեզ՝ այդ պատերազմում հաղթողն ո՞վ կլինի։
– Տուժողը հաստատ ժողովուրդն է: Կանխատեսելը մի քիչ դժվար է: Ընդհանրապես՝ պետությանն ատամ ցույց տալը շատ վտանգավոր բան է, պետությունն ունի բոլոր մամլիչ մեքենաները՝ այդ ատամները փշրելու համար։ Մյուս կողմում էլ, երեւի թե, ունենք մարդ, որն իրականությունից մի քիչ կտրված է, բայց, կարծես, ունի մեծ ժողովրդական հենարան։ Սակայն այդ անհատներից ուզում եմ անցնել, ինձ շրջապատող ժողովրդի տեսանկյունից նայել։ Մարդիկ ուզում են փոփոխություն։ Պահանջում են։ Չեն կարող այլ կերպ։
– Նույնիսկ եթե այդ փոփոխությունը Գագիկ Ծառուկյանի տեսքո՞վ լինի։
Կարդացեք նաև
– Հնարավոր է, մարդիկ ուզում են այդ փոփոխությունը։ Թքած ունեն ամեն ինչի վրա, ուզում են գոնե մի բան փոխվի իրենց կյանքում։ Եվ նրանք կարող են գնալ Ծառուկյանի հետեւից։ Նույն Վրաստանի պատմությունը կարող է լինել։ Ոչինչ բացառել չի կարելի։ Ազգայինից ու ժողովրդից կտրված վիճակ է, ինչ-որ վերեւներում, ամպերում կռիվ է գնում այնտեղ թեւածողների միջեւ։ Բայց ոչ ոք չի գիտակցում, որ իրենց հենարանը պետք է ժողովուրդը լինի։ Ով այդ ժողովրդի հենարանն ունեցավ, նա էլ այս պատերազմում կհաղթի, այսօր լինի, վաղը, թե տասը տարի հետո։ Մի օր լինելու է, որովհետեւ փոփոխությունն արդեն հրամայական է դարձել։ Մենք այնպիսի փոքրիկ երկրում ենք ապրում, որտեղ ամեն մեկը քաջ գիտի՝ ով ինչպես է գողանում, ումից է գողանում, ինչքան է գողանում, ով է նրան հովանավորում, ով է հանցագործը, ով է նրան բռնողը, որ չի բռնում, ով ում հետ է կիսվում եւ այլն։ Բոլորը ամեն ինչ գիտեն։ Զավեշտի է նման, տուն-տունիկ եք խաղում, որ ի՞նչ:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում