Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկի մոտ մարմնավաճառ են որոնում, մեկի մոտ՝ զենք». Ստուգումները՝ ԲՀԿ-ականների տարածքներում շարունակվում են

Փետրվար 17,2015 11:20

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը տվյալներ չունի, թե քանի ԲՀԿ-ական է այս պահին գտնվում ոստիկանությունում:

Հիշեցնենք, որ երեկվանից ոստիկանները շրջափակել են մի շարք ԲՀԿ-ականների տներ, օբյեկտներ ու քննչական գործողություններ են սկսել: Կան նաեւ բերման ենթարկվածներ:

«Ճնշումները ԲՀԿ-ի նկատմամբ լայնածավալ թափ են առել, հիմա մանրամասնելու ժամանակը չէ, որովհետեւ այս պահին մինչ խոսում ենք, նմանատիպ գործողություններ են տեղի ունենում: Քաղաքակրթությունից խոսողները անցել են ատելության ու թշնամանքի: Սա մեզ կդրդի միասնական գործողություններ իրականացնել: Այն, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներով՝ հաստատում եմ, ընթացքում նոր տեղեկություններ կտրամադրենք: Այսօր պետք է ձեւավորվի իրավական աջակցման մեր օպերատիվ կենտրոնը, որը պետք փորձի ենթադրելի այլ նմանատիպ գործողությունների ու օրինախախտումների դեմն առնել»,- Aravot.am-ին ասաց պարոն Ուրիխանյանը:

Սկսված ճնշումները ԲՀԿ-ականներին չեն զարմացնում. «Բա ի՞նչ էինք սպասում, իսկապես քաղաքավարի ու քաղաքակիրթ գործելաո՞ճ, իհարկե՝ ոչ»:

ԲՀԿ խոսնակից նաեւ հետաքրքրվեցինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են ոստիկանության տարածած տեղեկությունները, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցից պոռնոգրաֆիական նյութեր եւ մարմնավաճառներ են հայտնաբերվել, ու վերջիններս բերման են ենթարկվել.«Այդ հանկարծակի բացահայտումների տարափը, հատկապես նման ձեւակերպումներով ինձ մոտ ծիծաղ է առաջացնում: Ռուբեն Գեւորգյանը ինքը նկարագրել է, թե ինչ է տեղի ունեցել, բոլորի համար հասկանալի է՝ ինչ է տեղի ունենում: Կրկնում եմ՝ մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, որովհետեւ ակնհայտ է՝ այն ինչ տեղի է ունենում՝ մեկնաբանության կարիք չունի: Հայտարարված թշնամանքի ձեւաչափի մեջ պատերազմի դրսեւորում է, ընդ որում քաղաքավարության եւ բարեկրթության դրոշակակիրների կողմից: Մեկի մոտ մարմնավաճառ են որոնում, մեկի մոտ զենք են որոնում, մեկի մոտ էլ Տոյոտա մակնիշի ավտոմեքենա եւ այլ: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ: Սա վկայում է այն մասին, որ իրենց կողմից հռչակվում են երկակի ստանդարտներ քաղաքական հաշվեհարդարների ժամանակ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 16-ին, ժամը 22-ի սահմաններում, հատուկ ջոկատայինները, թվով 50-60 հոգի շրջափակել էին Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Մագնում հյուրանոցային համալիրը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ընտանիքին: Ռուբեն Գեւորգյանը top-news.am-ին տեղեկացրել էր, որ Երեւանի քննչական վարչության աշխատակիցները հյուրանոցի այցելուներին փակել էին համարներում եւ հարցաքննում էին:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728