Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան հարկ են վճարել Ծառուկյանի ընկերությունները. «Հայոց աշխարհ»

Փետրվար 17,2015 10:54

Անցած տարվա արդյունքներով՝ Գ.Ծառուկյանին պատկանող 14 խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել 11,5 մլրդ դրամ, որը 1,6 միլիարդով գերազանցում է 2013թ. ցուցանիշը։

Առաջին հայացքից որոշ առաջընթաց է արձանագրվել։ Թեեւ հարկերի ավելացումը տեղի է ունեցել ոչ այնքան զուտ տնտեսական գործունեության, որքան խաղատնային բիզնեսի կազմակերպման ոլորտում։

Ինչպես հայտնի է, այս առումով Գ.Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությունը լուրջ առավելություն ունի։ Այն բանից հետո, երբ Երեւանից եւ շրջակայքից հանվեց խաղատնային բիզնեսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը կարողացավ հնարամտորեն օգտվել օրենքի ընձեռած հնարավորությունից, որով 100 մլն դոլար ներդրումների դեպքում թույլատրվում է մայրաքաղաքում կամ հարակից տարածքում կազմակերպել խաղատնային բիզնես։

Տարբեր գնահատումներով, կատարելով գրեթե 150 մլն դոլարի ներդրումներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը Վերին Պտղնի գյուղում, Երեւանի անմիջական հարեւանությամբ, կառուցեց «Օնիրա քլաբ» ժամանցի եւ հանգստի կենտրոնը։

Բնականաբար 100 մլն դոլար կամ դրանից ավել ներդրումներ իրականացնելու հնարավորություն Հայաստանում շատ քչերն ունեն։ Պատահական չէ, որ Գ.Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբն» այս ոլորտում, կարելի է ասել, մենաշնորհային դիրք ունի։ Երեւանում կամ նման մոտ տարածքում այդպիսի այլ ընկերություն չկա։

Դա անշուշտ լուրջ առավելություն է բիզնեսի համար։ «Օնիրա քլաբի» վճարած հարկերն անցած տարի կազմել են ավելի քան 4 մլրդ 768 մլն դրամ։ Այլ կերպ ասած, գործարարին պատկանող 14 խոշոր ընկերությունների կատարած հարկային պարտավորությունների ավելի քան 41 տոկոսը բաժին է ընկել խաղատնային բիզնեսից ստացված հարկերին։

Չնայած վճարված ավելի քան 4,7 մլրդ դրամին, այնուհանդերձ ուղղակի հարկատեսակների գծով ընկերության պարտավորությունները կազմել են 122,2 մլն դրամ։ Այն համարժեք է վճարած հարկերի ընդամենը 2,5 տոկոսին։

Աստիճանաբար դաշտից կարծես դուրս է մնում «Կլեոպատրա» խաղատունը, որն անցած տարի վճարել է ընդամենը 218,2 մլն դրամ՝ 2013թ. 1,762 միլիոնի դիմաց։

Գ.Ծառուկյանին պատկանող խոշոր ընկերություններից են «Զվարթնոց հենդլինգը», «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը», «Արարատցեմենտը», «Ար-Բե հայ-բելառուսական առեւտրի տունը»։ Այս չորս ընկերությունները միասին անցած տարի վճարել են 4 մլրդ 890 մլն դրամի հարկ։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728