Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը շնչում է «ՀՀԿ-ԲՀԿ»-ո՞վ

Փետրվար 17,2015 10:10

Շաբաթ-կիրակի օրերին ռադիոն մեքենայում կրկին «ՀՀԿ-ԲՀԿ» էր խոսում, եւ ես խնդրեցի ալիքը փոխել եւ երաժշտություն միացնել: Գուցե մասնագիտական առումով դա այնքան էլ ճիշտ չէ, բայց քանի որ զուտ մարդկայնորեն այդ բանավեճն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, երկու օրով ուղեղս ազատեցի քարոզչական այդ պատերազմից: Մնում է՝ փողոցում էլ մարդիկ չհարցնեն՝ «բա ի՞նչ է լինելու, բա ո՞վ է գահին նստելու»: Այո, շատ հուզիչ հարց է՝ որեւէ մեկի նստելու կամ չնստելու արդյունքում Հայաստանը վերածվելու է աստվածաշնչյան Հանաանի հովտի՝ մեղրուկարագի անսպառ պաշարներով: (Ի դեպ, այսօր իրական Հանաանի հովտում վիճակն ամենեւին այդպիսին չէ):

Լրատվությունն այդպիսի բան է՝ այսօր հուզում է, վաղը մոռացվում է: Այսօր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, թե էլ ինչ ուշունցներ են իրար հասցեի արտաբերելու ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները եւ ինչ պարսավանքներ են հնչելու վերջիններիս «համազգային հավաքին»: Դա էլ է, իհարկե, ժամանակավոր. վաղը կամ մյուս օրը տեղեկատվական նոր առիթ կլինի, եւ նրանց լեզվակռիվը կնահանջի երկրորդ պլան:
Թույլ տվեք, այնուամենայնիվ, հիշեցնել, որ ընդամենը մեկ ամիս առաջ Գյումրիում դաժանորեն սպանվեց 7 հոգի, այդ թվում՝ անմեղ երեխաներ: Մեր իշխանության ոչ հստակ դիրքորոշման պատճառով ռուսական կողմը, խախտելով բոլոր պայմանագրերը, իր մոտ է պահում ոճրագործության մեջ մեղադրվող՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մեզ այլեւս չի՞ հետաքրքրում, թե ինչպես է ընթանում քննությունը: Այլեւս արդիական չէ՞ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը:

Հիշեցնեմ նաեւ, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Բերձորում Արցախի ոստիկանությունը հարձակվեց եւ դաժան ծեծի ենթարկեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին եւ համակիրներին: ԼՂՀ նախագահը հանձնարարեց ծառայողական քննություն անցկացնել: Ի՞նչ եղավ այս քննությունը՝ ոստիկանության գործողությունները իրավաչա՞փ էին:
Վերջապես հիշեցնեմ, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ դաժան ծեծի ենթարկվեց ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը: Այդ տղայի ճակատագիրը կամ առողջական վիճակը ոչ մեկին, այդ թվում՝ ԲՀԿ-ականներին չի՞ հետաքրքրում: Թե՞ ճիշտ են այն լուրերը, որ այդ գործի հետ առնչություն ունի հենց ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

Մի դեպքը շատ արագ մոռացվում է, դրան փոխարինում են այլ դեպքերը: Կյանքը հարափոփոխ է՝ մեղադրելու չէ: Դոստերը դուշման են դառնում, եւ հակառակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Լավ է, գոնե դեռ շնչում է: Ինչով`արդեն էական չէ: Ձեր բերած բոլոր օրինակները իմ մոտ մի ըդհանուր տրամաբանական գծի վրա են (կարող է և սխալվում եմ)`ինչ որ անհայտ ուժեր փորձում են կամայական գնով արթնացնել մեզ: Բայց անօգուտ: Մենք կարճ հիշողություն ունենք (չեմ ուզում նշել, թե ում նման): Հիմա էլ “թաք-թաք” ԲՀԿ-ական են “ծալում”: Տեսնես կֆայմեն միանա՞ն:

  2. madat says:

    ‹‹…ռադիոն մեքենայում կրկին «ՀՀԿ-ԲՀԿ» էր խոսում»: Հիշեցնում է Չարենցյան «Ու հեռախոսը ֆրոնտից. Հազում է. Շիֆր» բոլոր հետեւություններով (բառը տառացի էլ հասկացեք) հանդերձ: Հիրավի հրդեհված տանը մանր քաշքշուկի բալադ:

  3. Ruben says:

    Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը «խելագարված ամբոխներին» առաջնորդեց մոմավառության, ապա Գագիկ Ծառուկյանը կուղղեկցի մատաղակերության եւ տժվժիկ կբաժանի:
    Ինչպիսի՞ փոխհատուցում ու պարգեւ է նախատեսված «քաղաքական» պարպիչներին:

  4. Հրանտ Պապիկյան says:

    Արամ ջան, հիշեցի մի դեպք, երբ Զադորնովի ծննդյան օրը նրան նվիրեցին մի գլոբուս, որի վրա բացակայում էր ԱՄՆ-ը))))
    Միայն այսօր և միայն Քո թանկարժեք ծննդյան օրվա կապակցությամբ 24 ժամվա ընթացքում Համաձայն եմ Ռուսաստանի մասին կարծիքիդ…
    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆԴՅԱՆԴ ՕՐԸ, հարգելի Արամ Աբրահամյան

  5. Hayk says:

    Մեր կարծիքները երբեք չեն համընկնում, պ. Աբրահամյան, բայց ես Ձեզ հարգում եմ ու շնորհավորում եմ ՝ Ձեր Ծննդյան Օրվա առիթով!!!

  6. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի Արամ, միանում եմ Ձեր ծննդյան օրվա ուրախ առիթով շնորհավորանքներին և որպես նվեր՝ հայտարարում եմ 24-ժամյա ՛՛գրադադար՛՛: 🙂

  7. Կարո Մելիքյան says:

    Ձեր նշած՝ ՀՀԿ–ԲՀԿ…..Գյոմրու սպանդը, ակտիվիստների, պատգամավորի,ազատամարտիկների, ինչպես նեւ Բերձորի՝ նույն ձեռագրով՝ ծեծն ու ջարդը ….Այս ամենը՝ մեր նորօրյա պատմության էջերն էն,որոնք չպիտի մոռացվեն,ապա, դրանք կրկնվելու էն բազմաթիվ անգամներ։ Անկախ այդ ամենից՝ չմոռանամ նաեւ շնորհավորել Ձեզ՝ծննդյան օրվա կապակցությամբ։

  8. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանում թե մի բան փոխվի, հենց Հիմնադիր խորհրդարանի նման կազմակերպություններից է գալու: 2 ռուսավասալների (ՀՀԿ-ԲՀԿ) թատրոնից էակա՛ն բան չի փոխվելու:

  9. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ,ես էլ միանում եմ վերեվում իմ հայրենակիցներին եվ «անդրօվկիանոսից» Շնորհավորում Ձեր Ծննդեան օրվա առթիվ, իհարկե առանց «զինադադարի»…

  10. amb says:

    We must learn to live together as brothers or we will perish together as fools.

    Martin Luther King Jr.

  11. Աբո says:

    Ավելի Ճիշտ՝ Հայաստանի մեդիա դաշտն է շնչում «ՀՀԿ-ԲՀԿ» -ով:ինձ օրինակ, ձեր նշած դեպքերից բացի,հուզում է 10-ը տարեկան երեխայի առողջական վիճակը,որին մայրը՝անհուսությունից գժված, հարվածել էր մուրճով գլխին և այրել:նման անտեր թողած ընտանիքներ շատ կան Հայաստանում:Այն տղամարդկանց՝ որոնք անօգնական թողել են իրենց ընտանիքներ և հեռացել,պետք է խստորեն դատապարտել:
    Ես հարգում եմ ձեզ,որովհետև դուք՝ ընտանիքին նվիրված մարդ եք և նույնպես շնորհավորում եմ ՝ Ձեր Ծննդյան Օրվա առիթով!!!

  12. Լավատես says:

    Լավ միտք է, եթե միջանկյալ փուլերում կանգ չառնես:

    «Не согласен – критикуй, критикуешь – предлагай, предлагаешь – делай, делаешь – отвечай!»

    Сергей Павлович Королёв.

  13. Մարատ says:

    Հարգելի Արամ, նույնպես միանում եմ Ձեր ծննդյան օրվա շնորհավորանքներին

  14. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար: Խնդրում եմ՝ շարունակեք նույնքան ակտիվ եւ քննադատական վերաբերմունք դրսեւորել իմ եւ Առավոտի այլ հոդվածների հանդեպ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728