Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից Աղդամն ու այլ շրջանները պոկելու եւ ներքին լարվածության կապը

Փետրվար 16,2015 23:12

Այսօր որոշ լրատվական կայքեր շրջանառության մեջ դրեցին ամիսներ առաջ տարածված մի լուր, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի 3 շրջանները` Ակնի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջաբրայիլ) Ադրբեջանին տալուն:

Այսօր hartak.am-ը եւ մեկ այլ կայք հրապարակել են ադրբեջանցի ռազմական փորձագետ եւ ռազմական լրագրող Ուզեիր Ջաֆարովի այն  հայտարարությունը, որը 168.am-ը դեռ 2014 թվականի հունիսի 30-ին էր հրապարակել: «Հարթակը» նույնությամբ, ինչ-որ գրված էր 168.am-ում անցյալ տարի, առանց որեւէ բառ կամ ստորակետ փոխելու տպագրել է նյութը` «Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի ռազմական փորձագետ և ռազմական լրագրող Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ «հնարավոր է Լեռնային Ղարաբաղին հարակից երեք շրջանների վերադարձը»:

Ջաֆարովը մանրամասնել է, որ խոսքը գնում է Ակնի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջանների մասին: Ջաֆարովը կարծում է, որ Ադրբեջանը պատրաստ է այդ տարածքների վերադարձման դիմաց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը և այդ կերպ մտնել «խաղի» մեջ: Ջաֆարովը շտապել է ընդգծել, որ դա միայն իր կարծիքն (ենթադրությունն) է՝ հավելելով, որ նման գործարքի կայացման մեջ մեծ դեր է վերապահված Ռուսաստանին: Ջաֆարովի խոսքերով՝ Ռուսաստանը ցանկանում է 2015 թվականին իր խաղաղապահ ուժերը տեղակայել տարածաշրջանում:

Ինչո՞ւ  հիմա, Հայաստանի այս ներքաղաքական լարված իրավիճակում սկսել են նման լուրերը կրկին շրջանառել, արդյոք սա կարո՞ղ է կապ ունենալ մեր երկրում օրերս ստեղծված ներքին իրավիճակի` ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտության» հետ:

Aravot.am-ի այս հարցերին ի պատասխան «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ որեւէ մեկը չի կարող հերքել, որ անցյալ տարվանից Ռուսաստանը փորձում է սիրաշահել Բաքվին` նրան Եվրասիական տնտեսական նախագիծ հրավիրելու համար: Այս հանգամանքի ամենամեծ ապացույցներից մեկն այն է, ըստ Սաֆարյանի, որ ռուս պաշտոնյաները անցյալ տարի ամռանը Աստանայի նիստից հետո Բաքվում եւ ընդհանրապես քանիցս հայտարարել են, որ իհարկե, միանգամայն պետական կլիներ, որ Ադրբեջանը որևէ ձեւով ներգրավված լիներ Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ). «Խոսքն այն մասին է, որ եթե Ադրբեջանն անգամ չի ստորագրում պայմանագիրը լիարժեք անդամակցության համար, ինչպես Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը, այլ` ԵՏՄ-Ադրբեջան սպեցիֆիկ հարաբերություններ, թեկուզեւ, ինչպիսիք օրինակ` ՌԴ-ն, ԵՏՄ-ն կնքում է տարբեր այլ երկրների հետ: Ամռանը ՌԴ-ի տնտեսության նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարեց, որ այսքան մեծ առետրաշրջանառություն ունենալով, այսքան շատ բիզնեսներ, ներդրումներ ունենալով, այնքան էլ տարօրինակ չի լինի Ադրբեջանի մասնակցությունը ԵՏՄ-ին: Այսպիսի լուրջ «մեսիջներ են» գնացել կառավարության անդամների մակարդակով: Իսկ մենք բոլորս գիտենք, թե դրա դիմաց ինչ է պահանջում Բաքուն, դա Արցախն է, կամ նրա տարածքները, հետեւաբար շրջանառության մեջ գտնվող տեղեկատվությունն, անշուշտ. ճշմարտությանը մոտ է»:

Պարոն Սաֆարյանը նկատեց, որ անցյալ տարվա ամռանը Ադրբեջանի կողմից սանձարձակությունները (նկատի ունի սահմանի լարվածություններն ու դիվերսիոն գործողությունները) կապ ունեն Հայաստանի ռազմավարական դաշնակցի վերաբերմունքի հետ, այսինքն` Ադրբեջանը ստուգում էր  Հայաստան-Ռուսաստան կապերի ամրությունը, թե որքանով  Ռուսաստանը տեր կկանգնի Հայաստանին: Եւ ցավոք, ինչպես ասած փորձագետը, Ադրբեջանը համոզվել է, որ Ռուսաստանն առանձնապես տեր չի կանգնում Հայաստանին:

«Այս առումով մինչեւ վերջին քաղաքական զարգացումները ես առիթ ունեցել եմ ասելու, որ Ռուսաստանը Հայաստանում ներքաղաքական խժդժությունների մեկ շահագրգռվածություն կարող է ունենալ, դա Արցախի հետ կապված` իր եւ Ադրբեջանի ինչ-ինչ գործարքը կարող է լինել: Եւ պատահական չէ, որ հենց այդ կտրվածքով էլ շրջանառության մեջ դրվող խոսակցությունները, գաղափարները հենց դրան են վերաբերում: Տեսեք, Մոսկվան Հայաստանից, կարծեք թե, ստացել է ամեն ինչ. նա սեպտեմբերի 3-ի որոշում ունի, հոկտեմբերի 10-ի պայմանագրով Հայաստանը դարձրեց ԵՏՄ անդամ եւ բազմաթիվ պայմանագրերով շղթայել է Հայաստանի անկախությունը եւ ՀՀ ղեկավարությունը, կարծեք թե, հլու հնազանդ ամեն ինչ արել է: Եւ հետեւաբար հարց է ծագում` ինչո՞ւ պետք է ՌԴ-ին այլ անկայունություն պետք լինի, եթե նա արդեն ամեն ինչ ստացել է: Ուստի թիվ մեկ մտահոգությունը, այո, կարող է լինել այն, որ Հայաստանում ներքին խառնակ իրավիճակը թույլ տա, ասենք ինչ-որ տարածքներ Ադրբեջանի կողմից զավթելուն, երբ Հայաստանը թուլացած կլինի եւ կարող է տեղավորվել ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների մեջ: Ի վերջո, չմոռանանք, որ Հայաստանի ներքաղաքական կյանքն, այսպես ասած` ալեկոծված է Գագիկ Ծառուկյանի Մոսկվա այցելությունից հետո»:

Վերոնշված վերլուծության համատեքստում հայ-թուրքական արձանագրությունների`  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կանչելու որոշմանն անդրադառնալով, պարոն Սաֆարյանն ասաց, որ Հայաստանում այս քայլով Թուրքիային զրկում է քիթը ղարաբաղյան հարցերում խոթելուց. «Սա լավ է, բայց ի նկատի ունենանք, որ եթե Ռուսաստանն ու Թուրքիան ունենան շահագրգռություններ, որ ինչ-որ տարածքներ վերադարձվեն, ապա այո, Հայաստանը, կարծես թե, զրկում է Թուրքիային շարժառիթ ցուցաբերելուց: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այս քայլը ուղղված է միջազգային հանրությանը, որը մշտապես շահարկել է արձանագրությունները: Առաջին հերթին Թուրքիան է շահարկել, որպես մի քայլ առաջ կատարված: Հիմա Հայաստանը հասկացնում է, որ այդ քայլը չկա, եւ նաեւ փորձում է Թուրքիային զրկել այդ եւ այլ հնարավորություններից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Ազատագրված հողերից մի բուռ փոշի անգամ անհնար է դարձյալ յանձնել թուրքերին:

    Հայաստանի այժմու վարչակարգը խորապես հասկանում է այս, եւ այդ պատճառով է որ հայության մեծամասնությունը զորակցում է անոր – ի գին երբեմն աչք փակելու կարգ մը անճոռնիյությունների վրայ… –

    Իսկ նաեւ, այս յատուկ հիմնախնդրում, կա տակաւին ոչ-ազատագրուած հողերի հարցը… Արցախի հիւսիսում եւ հիւսիս-արեւելյան տարածքաշրջաններուն … Անհրաժեշտ է հետապնդել նաեւ անոնց ազատագրումը, նախընտրաբար դիւանագիտական միջոցներով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728