Այսօր՝ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հովեր-անսամբլի» հունվարյան համերգային շրջագայությանը նվիրված մամուլի ասուլիս: Համերգները տեղի են ունեցել Ֆրանսիայում, Էստոնիայում և Ռուսաստանում: Բացի շրջագայության վերաբերյալ տպավորություններից, անսամբլի ներկայացուցիչները ներկայացրին նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի նոր՝ թվով 7-րդ ձայնասկավառակը:
Հունվարի 22-ից փետրվարի 5-ը տեղի ունեցած շրջագայությունն անցկացվել է անսամբլի մենակատարների կազմով: Համերգային շրջագայությունն ամբողջությամբ արվել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգներից գոյացած գումարներով: Հաշվի առնելով տարվա պատասխանատու լինելը, երգչախումբը զերծ է մնացել ՀՀ մշակույթի նախարարությունից որևէ աջակցության ակնկալիքներից:
«Ձայնասկավառակում ներառված աշխատանքները միայն մեր աշխատանքի արտաքին շերտն են կազմում, քանի որ յուրաքանչյուր հեղինակից վերցված է մեկական ստեղծագործություն: Մեր 22-ամյա պատմություն ընթացքում մենք մշտապես հանգամանորեն ներկայացրել ենք հայ հեղինակներին ու կոմպոզիտորներին: Այս տարի մենք պետք է մասնակցենք նաև Կաննի միդեմ ստուգատեսին, այնուհետև համերգային շրջագայություններ կլինեն նաև Վաշինգտոնում, Կարնեգիոհոլում, ինչպես նաև Արենա դի Վերոնայի դահլիճում»,- նշեց «Հովեր-անսամբլի» գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս տարվա բոլոր համերգները նվիրվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Հովեր»-ի գեղարվեստական ղեկավարը նշեց նաև, որ ձայնասկավառակում մեկտեղվել է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի, Վ. Մանուկյանի, Ս. Բոյաջյանի, Ա. Բոյամյանի, Ս. Աղաջանյանի, Էդ. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի, Դ. Հալաջյանի, Ա. Ավանեսովի. Ս. Ղազարյանի. Ե. Երկանյանի, Ս. Երկանյանի, Ա. Ազիզյանի, Վ. Աճեմյանի և Վ. Շարաֆյանի ոսկեհույս խմբերգային ստեղծագործությունները:
Անդրադառնալով հունվարյան շրջագայություններին, տիկին Հովհաննիսյանը նշեց, որ համերգների առաջին բաժնում ամբողջությամբ հնչել են Կոմիտասի պատարագից հատվածներ, իսկ երկրորդ բաժնում՝ կոմիտասյան աշխարհիկ երաժշտություն և վերջում՝ մի փոխադրում Առնո Բաբաջանյանի դաշնամուրի համար գրված վեց պատկերից ժողովրդական ստեղծագործություն:
Այն դիտարկմանը, թե ինչումն է եղել պատճառը, որ շրջագայություններին մասնակցել են անսամբլում միայն արական սեռի ներկայացուցիչները, գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. «Նախ նշեմ, որ 2012 թ-ից խմբի այս կազմը շրջագայությունների մեջ է: Կազմը սկզբից ուներ նաև աղջիկներ, սակայն այս անգամ որոշ պատճառներից ելնելով մենք որոշեցինք, որ պետք է ծրագիրը նախատեսված լինի միայն տղաների համար: Պատճառներից մեկն էլ նաև այն է, որ Կոմիտասի պատարագներից մեկը գրված է հենց տղաների համար»:
«Հովեր»-ի 7-րդ ձայնասկավառակը լույս է տեսել 100 օրինակով: Այն դեռևս վաճառքի համար նախատեսված չէ: Առայժմ այն տրվում է որպես նվեր: Այդուհանդերձ, խմբի գեղարվեստական ղեկավարը չբացառեց նաև, որ այն առաջիկայում վաճառքի կհանվի տարբեր երկրներում: Իսկ ահա թողարկված 100 օրինակը լույս է տեսել կրկին անսամբլի համերգներից գոյացած միջոցներով:
Հավելենք նաև, որ ձայնասկավառակի շնորհանդեսից հետո՝ Կամերային երաժշտության տան դահլիճում տեղի ունեցավ նաև համերգ, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և մշակույթի վաստակավոր գործիչներ:
Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ