Երեկ երեկոյան Գյումրիում տեղի է ունեցել շտապօգնության անձնակազմի դեմ հարձակման հերթական դեպքը: Կարեն Դեմիրճյան եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» եւ «Վազ 21015» մակնիշի մեքենաների բախման ժամանակ տուժածներից մեկին հիվանդանոց տեղափոխելիս նրա եղբայրը՝ Կարապետ Մխիթարյանը, հենց «Գյումրի բժշկական կենտրոնի» ընդունարանի դիմաց խփել ու կոտրել է շտապօգնության մեքենայի դուռը: Մինչ շտապօգնության անձնակազմը փորձել է տուժողին դուրս հանել շտապօգնության մեքենայից ու տեղափոխել հիվանդանոց, նրա եղբայրը, հարբած վիճակում, կոտրել է մեքենայի դուռը, այնուհետ քաշքշել է վարորդին ու բուժակին, հայհոյել նրանց:
Այս մասին Aravot.am-ին պատմեց Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը: «Ուղղակի պրծում չունենք հիվանդների հարբած հարազատներից ու բարեկամներից: Պատկերացրեք, մեր անձնակազմը ահազանգից 4 րոպե անց եղել է դեպքի վայրում: Առաջին բուժօգնությունը ցուցաբերել է, բայց շնորհակալության փոխարեն հասել են բուժակի ու վարորդի վրա:Նա մեր ամենափորձառու բուժակն է, խեղճ մարդը էնպես է նյարդայնացել, սիրտը սկսել է արագ բաբախել, որ մեկ ժամ շարունակ օգնություն են ցուցաբերել հիվանդանոցի ընդունարանում: Շտապօգնության անձնակազմի նկատմամբ այս դաժան վերաբերմունքն արդեն սովորույթ է դարձել:Մարդիկ այլեւս չեն ուզում աշխատել շտապօգնությունում, մի պատճառ գտնում ու հեռանում են: Ես չեմ հասկանում, թե այս երբվանի՞ց է մեր բնակիչների այսպես պակասել ընտանեկան կուլտուրան…Մեր հաշվարկներով, մեզ 60-70 հազար դամի վնաս են տվել, մեքենայի դուռը չէր բացվում, լոմով ենք բացել: Ճիշտ է՝ այսօր այդ երիտասարդը եկել, ներողություն էր խնդրում իր արածի համար, բայց վիրավորանքը երբեք չի մոռացվում, հատկապես երբ անմեղ տեղը մարդուն դաղում ես: Մենք տեղյակ ենք պահել առողջապահության վարչության պետի, այնուհետ ահազանգել ենք ոստիկանություն», -ասաց Ռոբերտ Թորոսյանը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանի բուժակ Լեւոն Մկրտչյանը դիմել է ոստիկանություն ՝ տեղեկացնելով, որ «Գյումրի բժշկական կենտրոնի» ընդունարանի դիմաց հիվանդին տեղափոխելիս Կարապետ Մխիթարյանը կոտրել է շտապօգնության մեքենայի դուռը: Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնում նյութեր են նախապատրաստվում, 10-օրյա ժամկետում կորոշի քրեական գործ հարուցելու նպատակահարմարության հարցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ