Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք՝ ինչպես կանխել կրոնական քարոզչությունը հասարակական վայրերում». Սևան Աղաջանյան

Փետրվար 16,2015 20:21

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունն (ՀԿ) ամիսներ առաջ պայքար է նախաձեռնել Հայաստանում գործող քայքայիչ աղանդների, մասնավորապես՝ Եհովայի վկաների դեմ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանը՝ կոչ անելով մի շարք հասարակական կազմակերպությունների ևս միանալ այդ պայքարին: «Մենք գաղափարական պատերազմ ենք հայտարարում Եհովայի վկաների դեմ: Ունենք մի քանի կետերից բաղկացած ծրագիր և արդեն գիտենք՝ ինչ քայլերով ենք առաջ գնալու, որպեսզի կանխենք Եհովայի վկաների քարոզչությունը հասարակական վայրերում»,- ասաց Ս. Աղաջանյանը:

Եհովայի վկաները, ըստ բանախոսի, լուրջ վտանգ են նաև մեր պետականության համար. «Նրանք չեն ընդունում պետական դրոշը, զինանշանը, օրհներգը և այն ամենը, ինչ վերաբերում է պետականությանը: Այսինքն՝ նրանք նախ Եհովայի վկա են, հետո նոր Հայաստանի քաղաքացի, նրանք չեն էլ ընդունում, որ հայ են, «հայ» հասկացությունը չկա նրանց մեջ: Դրանով նրանք քայքայում են մեր պետականությունը»,- ասում է «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահը:

Նրա տեղեկացմամբ՝ իրենց և մի շարք այլ ՀԿ-ների անդամներ շրջում են փողոցներում և աղանդավորական քարոզչություն իրականացնող կազմակերպություններին հորդորում են քարոզչություն չիրականացնել: «Վերջին անգամ երկու օր առաջ ենք նրանց ուղարկել իրենց կազմակերպության գրասենյակ, որպեսզի հասարակական վայրում քարոզ չիրականացնեն,- ասաց Ս. Աղաջանյանը:

«Հայաստանում կատարվում է մի այլանդակ բան, այն է՝ հակաառաքելական եկեղեցու քարոզչություն: Բայց մենք առաջին հերթին քրիստոնյա ենք և ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ մեր միասնությունն առաքելական եկեղեցու շուրջ պառակտվի»,- իր հերթին նշեց Հայաստանի Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը: Ստեղծված իրավիճակի համար նա մեղադրեց և´ Հանրապետական կուսակցությանը, և´ Ազգային ժողովին, և´ Արդարադատության նախարարությանը, քանի որ չեն արգելել այն հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք, նրա ձևակերպմամբ, ֆինանսավորվում են դրսից, ստանում գրանտներ ու պառակտիչ աշխատանք կատարում Հայաստանում: «Նման կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելվի,- համոզված է Ռ. Ահարոնյանը,- միգուցե մարդու իրավունքների կեղծ պաշտպանները հիմա ասեն՝ Ահարոնյանը ստալինիզմի կողմնակից է: Այո, ստալինիզմի կողմնակից եմ ու գտնում եմ, որ ամենախիստ ձևով պետք է արգելվեն ոչ միայն Եհովայի վկաները, այլև Հայաստանում պառակտման տանող հասարակական և քաղաքական բոլոր կազմակերպությունները»:

Ռ. Ահարոնյանի խոսքով՝ իրենք որտեղ տեսել են Եհովայի վկաների կողմից հասարակական վայրերում կրոնական անթույլատրելի քարոզչություն, ամենակոպիտ ձևով փորձել են դեմն առնել:

Ս. Աղաջանյանի տեղեկացմամբ՝ եթե հեռանալու վերաբերյալ իրենց հորդորն իզուր է անցնում, ապա ստիպված են լինում ուժի, որոշակի գործողությունների դիմել՝ իրավաչափ հիմունքներով: Բանախոսն ասում է, որ փողոցում կրոնական քարոզչություն իրականացնողների նկատմամբ ոտնձգություն չեն կատարում. նրանց կողմից անվճար բաժանվող գրքերն են հավաքում, որից հետո աղանդավորները, այլևս չկարողանալով իրենց քարոզչությունն իրականացնել, թողնում ու գնում են:

Հարցին՝ արդյո՞ք իրենց այդ գործողություններն անօրինական չեն, Ս. Աղաջանյանը պատասխանեց. «Եթե իրենք գրքերը բաժանում են անվճար, քարոզչություն են իրականացնում, ես իրավասու եմ այդ գրքերից օգտվել, ես գնում-վերցնում եմ բոլոր գրքերը, եթե կարողանում եմ, եթե ոչ՝ ստիպելով եմ վերցնում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728