«Այս արձանագրությունները նախ պետք է ստորագրված չլինեին, ստորագրվելուց հետո վնասազերծեցին Հայաստանի կողմից ստորագրությունները հետ կանչելով, դա էլ չարվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչմանը, ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչելը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար. «Անհրաժեշտ են հիմնավորումներ, որ այս քայլին է գնում նախագահը, որի մասին նամակով գրել է, կարող է նաեւ ստորագրությունը հետ վերցնել եւ դրանով ամբողջությամբ վնասազերծել այս արձանագրությունները: Այս ձեւով պահելով, այսինքն՝ ստորագրված, թեկուզ Ազգային ժողովի օրակարգից դուրս բերված, տակավին թողնում ենք Թուրքիայի ձեռքին լծակ»:
Կիրո Մանոյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանն այդ մասին խոսել էր 2014 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում, երբ նրան կոչ էին արել վերցնել ստորագրությունները եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթի ընթացքում. «Բնական է, որ Համահայկական հռչակագիրն իր ազդեցությունն ունեցել է նախագահի որոշման վրա, բայց ամբողջական կլինի այդ քայլը, երբ Սերժ Սարգսյանը ստորագրությունը հետ վերցնի»:
Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու իր որոշման մասին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ