Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու իր որոշման մասին:
Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ:
«Ուղիղ 5 տարի առաջ, երբ որ ակադեմիայի ընդհանուր ժողովն էր հայտարարեցի, որ այդ հայտարարությունները վնասաբեր են եւ ոչ մի կերպ չի կարելի դրանք վավերացնել: Ես ջանքեր գործադրեցի՝ ապացուցելու համար, որ այդ արձանագրությունները մեզ համար շատ վնասակար են, եւ պետք է դրանցից հրաժարվել, բայց հանգամանքներն այլ ընթացք ունեցան եւ 5 տարի անց, բարեբախտաբար, այդ արձանագրությունները պետական մակարդակով հետ կանչելու հնարավորություն ունեցանք, որովհետեւ հանրության մոտեցումը ընդգծված բացասական էր»,- ասաց նա:
Պարոն Մելքոնյանի համար շատ ուրախալի է, որ նախագահը այդ արձանագրությունները Ազգային ժողովից կանչեց հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին. «Այդ արձանագրության ամենաթերի կետերից մեկն այն էր, որ մենք՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ակամայից վավերացնում էինք 1921 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված Կարսի չարաբաստիկ պայմանագիրը եւ դրան նախորդող Մոսկվայի մարտի 16-ին կնքված պայմանագիրը, որով մենք, փաստորեն, հրաժարվում էինք մեր պահանջատիրական իրավունքից: Իսկ այդ արձանագրությունների մեջ կետերից մեկն ուղղակի մատնանշում էր, որ կողմերը ճանաչում են միմյանց մեջ գոյություն ունեցող փաստական սահմանը, դա նշանակում է՝ մենք հուր-հավիտյան հրաժարվում էինք պահանջատիրությունից, մեր հայրենիքի նկատմամբ պատմական իրավունքից եւ Ախուրյան-Արաքսը ճանաչում թուրքական սահման, որն այսօր միջազգային իրավունքի տեսակետից սահման չէ, այլ ուղղակի՝ փշալար: Կարծում եմ՝ այդ տեսանկյունից մեր քաղաքականությունը Թուրքիայի հետ դառնում է շատ ավելի սկզբունքային եւ ամենակարեւորը՝ արժանապատիվ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ