Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահին հասած լուրերը վարչապետի համար «խիստ ծանրակշիռ փաստա՞րկ» էին

Փետրվար 16,2015 18:40

Ընդամենը 3 ամիս առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հանձնարարեց տնտեսվարողների համար նպաստավոր պայմաններ ստեղծել, օրերով ու շաբաթներով լարվածության մեջ չպահել տնտեսվարողին եւ սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումները մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում:

Շաբաթ օրը` փետրվարի 14-ին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր որոշումը, մեղմ ասած, գետնովը տվեց` ֆիննախին հանձնարարելով Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներում  լայնածավալ ստուգումներ սկսել:

Վարչապետի համար  «խիստ ծանրակշիռ փաստարկ» էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասած Գագիկ Ծառուկյանի` չմուծված եւ բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերը:

Aravot.am-ի հարցին, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող ո՞ր ընկերություններում են ստուգումներ սկսելու եւ արդյոք ստուգման համար հիմք է հանդիսացել միայն վարչապետի հանձնարարականը, ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ այդ հարցերին առայժմ չեն կարող պատասխանել:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին են պատկանում «Արարատցեմենտը», «Կոտայքի գարեջրի գործարանը», «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը», «Մուլտի Լեոնը», «Մուլտի գազը», «Օնիրա Քլաբ» ժամանցային կենտրոնը, Հայ-բելառուսական առեւտրի տունը, Մագաս Ինվեստը եւ եւս 7-8 ընկերություն:

Հիշեցնենք, քաղաքական գործիչ-գործարար Գագիկ Ծառուկյանի բիզնեսների նկատմամբ հարկայինի «հետաքրքրությունը» մեծացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից,  հետո երբ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահը հրապարակավ կասկածներ էր հայտնեց Գագիկ Ծառուկյանի բիզնես գործունեության ընթացքում բարեգործության անվան տակ հարկեր քողարկելու մասին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728