«Ինձ թվում է, իրենք մինչեւ այս իրավիճակը պետք է այդ մասին մտածեին, եւ այդ մարդուն այս իրավիճակին չհասցնեին, որը որեւէ նպատակ չի ունեցել խորը քաղաքականության մեջ մտնելու, խորը ընդդիմություն դառնալու: Աստիճանաբար կոալիցիայից դարձրեցին այլընտրանք, այլընտրանքից` ընդդիմություն: Հիմա ի՞նչ են առաջարկում. Խաղաղության կոչեր են անում, ասում են` դուք բան մի արեք, թող Գագիկը գնա ինչ ուզում է անի՞, գնա անհանդուրժողականության ու անհնազանդության կոչեր հայտարարի, պետական հեղաշրջման, հեղափոխության փորձ կատարելով միտինգնե՞ր անի»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Կարծում եմ՝ դեռևս ունեն: Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը` նկատելով, որ իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում և ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են: Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ:
«Ինձ թվում է, որ պարզապես ուշացած կոչեր են դրանք: Ժամանակին չպետք է նրան դրդեին եւ նման ականներ դնեին Գագիկ Ծառուկյանի տակ»,- կարծում է իշխող կուսակցության ներկայացուցիչը: Aravot.am-ի դիտարկմանն` այսինքն ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում հարցը երկխոսությամբ լուծել, գնալու է Գագիկ Ծառուկյանին մինչեւ վերջ պատժելու ճանապարհո՞վ, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Երկխոսության համար մենք բավականին ընդառաջ գնացել ենք, հնարավորություններ տվել ենք, հանդուրժողականության ցուցաբերել ենք: Մարդը երկխոսության ցանկություն միշտ ունեցել է. գալիս է, ցանկանում է երկխոսել, բայց երբ որ արդեն գնում են շփումներն այլ մթնոլորտում, խորհրդատուների հետ, արդեն իր մտադրություններն ամբողջովին փոխվում են: Այսինքն, փաստորեն ստացվում է, որ այդ մարդը մենակ ի վիճակի չէ երկխոսություն կամ բանակցություններ վարել, նրա խորհրդականներն էլ ի հայտ չեն գալիս, որպեսզի նրա հետ գան բանակցեն»:
Չե՞ք կարծում, որ այս հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը ցույց տվեց, որ կանգնած է ԲՀԿ-ի ետեւում եւ Գագիկ Ծառուկյանի խորհրդականներից մեկն էլ ինքն է, մեր հարցին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի, դուք ասացիք: Ես իմ ասելիքն ասացի, եզրահանգումները թողնում են ձեզ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ