Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլուն:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-վրացական բարեկամական հարաբերությունների դրական զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ամուր միջպետական կապերի ընդլայնման գործում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական ակտիվ շփումները։ Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ Դավիթ Ուսուպաշվիլու այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդանշական համարեց, որ Վրաստանի խորհրդարանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում են նաև հայազգի պատգամավորներ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի խորհրդարանի նախագահը շեշտեց, որ Վրաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության առավել ընդլայնմանը՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են հաճախակի փոխայցելությունները։
Դավիթ Ուսուպաշվիլին և Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցությանը, կարևորեցին միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացումը։
Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրների: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
ՀՀ ԱԳՆ