Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահքի իմաստը հոգևոր զարթոնքն է». քահանա

Փետրվար 16,2015 17:45

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքի շրջանը, որը տևում է 48 օր՝ Բուն բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Իսկ Ս. Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին:

Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Զենոն Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Մեծ պահքի, դրա խորհրդի և նշանակության մասին, ասաց, որ Մեծ պահքը հնարավորություն է մի պահ կանգ առնելու, մեր անցած ուղին արժևորելու, բացթողումներն ու հաջողությունները տեսնելու: «Այս շրջանում պիտի կարողանանք տկարացնելով մեր մարմինը՝ հոգին բարձրացնել»,- նշեց քահանան՝ հավելելով, որ պահեցողության շրջանում բուսական կերակուրներ են օգտագործվում, բայց եթե պահքը չի ուղեկցվում աղոթքներով, դառնում է անիմաստ. «Պահքի իմաստը հոգևոր զարթոնքն է, կապը Արարչի և արարածի միջև: Մարդը կազմված է մարմնից և հոգուց. մենք սովորաբար հոգում ենք մեր մարմնի կարիքները՝ մոռանալով, որ կարիքներ ունի նաև մեր հոգին՝ սննդի կարիք, և այդ սնունդն աղոթքն է»,- ասում է Տեր Զենոնը:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Մեծ պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Այս կիրակիները կազմում են խորհրդանշական մի շղթա՝ արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը: Պահքերի նախորդ օրերը կոչվում են բարեկենդան, իսկ Մեծ պահքին նախորդում է Բուն բարեկենդանը՝ բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք: Բուն բարեկենդանը Մեծ պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու՝ դրախտից արտաքսվելն ու Աստծու տեսությունից զրկվելը (սա է խորհրդանշում ողջ Մեծ պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը): Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարևորագույն նախապայմանը՝ ապաշխարանքը: Չորրորդ՝ Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին՝ Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ գալստյան խոստումը: Մեծ պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները՝ հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), վերջին ընթրիքը, մատնությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, թաղումը և, ի վերջո, հրաշափառ հարությունը՝ Ս. Զատիկը:

Վաղնջական ժամանակներից Մեծ պահքի շրջանում արգելված են եղել պսակադրություններն ու մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ պահքի շրջանում՝ բացառությամբ Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Տեր Զենոնի խոսքով՝ պսակադրությունն արգելվում է, քանի որ պահեցողությունը զվարճանքի, կերուխումի համար չէ. «Բայց երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի որոշումը մեզ ընդառաջ քայլ էր, որպեսզի գոնե առանց եկեղեցու օրհնության զույգերը չամուսնանան»,- հավելեց Տեր Զենոնը՝ հավաստիացնելով, որ Պահքի շրջանում պսակադրությունների թիվը նվազել է, որովհետև ժողովուրդը սկսել է խորհրդակցել իր քահանաների հետ և ականջալուր լինել նրանց հորդորներին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728