Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պաշտոնյան`զոհվածների ծնողների մասին. «Ճիշտ են վարվել, նույնիսկ կարող էին դուբինկաներով ծեծել»

Փետրվար 16,2015 17:27

«Փետրվարի 11-ին, ժամը 13.00-ին հավաքվել էինք նախագահականի մոտ և երկու ամիս շարունակ պահանջում էինք մեր դիմումի պատասխանը: Մենք ծաղկանոցից դեպի ճանապարհն էինք կանգնած, հանգիստ մեզ համար, 15-20 րոպե կանգնելուց հետո մեզ ոստիկաններն ասացին`գնացեք դիմացի մայթ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը փետրվարի 11-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ոստիկանների և զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպի մասին մանրամասներ պատմեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողի մայր Անահիտ Մկրտչյանը:

Նա պատմեց, թե իրենք հակադարձել են, թե նույնիսկ այդ մայթում կանգնած իրենց ոչ ոք չի մոտենում ու պատասխան չի տալիս, դիմացի մայթին ո՞վ ինչ պիտի ասի:

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողի մայր Գոհար Սարգսյանն այլ մանրամասներ ներկայացրեց. «Ես այդ ժամանակ զանգահարեցի Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբին` խնդրեցի, որ տեղում գան ու պարզեն, թե որն է խնդիրը: Ես լսեցի, որ ասացին`շղթա կազմեք ու տարեք սրանց: Փորձում էի հասկանալ, թե որն է խնդիրը, միշտ կանգնել ու մեր խաղաղ ցույցը անցկացրել, գնացել ենք: Երբ շղթան կազմեցին, ես խոսում էի, հեռախոսով ասացի, թե մի րոպե հանգիստ մնացեք, տեսնեմ` ինչ եք խոսում: Ես անցա փողոցի կողմ, հետո հետ եկա, որ կարողանամ խոսքս վերջացնել, այդ ժամանակ ես միայն տեսա, որ երկու ոստիկան հարձակվեցին, ձեռքերիցս բռնեցին ու ոտքս սղաց ու ընկա: Աչքս ներքև գցեցի, տեսնեմ ամուսինս է ներքևում: Այդ ընթացքից սկսած աչքերս բացել եմ ու փողոցի մյուս կողմում եմ եղել, ծնողներից Իրինա Ղազարյանն է ինձ ուշքի բերել»: Նա նաև նշեց, թե բողոք են ներկայացրել ոստիկանությունում և ոստիկանության աշխատակազմի ղեկավարը` կարծես Հակոբյան ազգանունով, լսեց մեզ ու ասաց. «Ճիշտ են վարվել, նույնիսկ կարող էին դուբինկաներով ծեծել»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ` ակնհայտ է, որ ամիսներ շարունակ ոստիկանությունը ավելի կոպիտ ու ծայրահեղ միջոցներ է կիրառում ցանկացած տեսակի ակցիայի նկատմամբ: Այնուհետև հավելեց. «Առանց իրավական հարթություն տեղափոխելու կարող եմ ասել, որ գործողությունները որևէ ձևով իրավաչափ չեն: Հինգ անգամ ՀՀ ոստիկանության աշխատակիցների թիվն ավելի մեծ էր, քան ակցիայի մասնակիցները: Տեսանյութը դա ապացուցում է»:

Հայկուհի Հարությունյանն ասաց, թե հարցն այն չէ` արդյոք այդտեղ նման ակցիա իրականացնելու իրավունք կար, այլ այն`արդյոք նման ձևով ծնողներին քարշ տալը իրավաչափ էր: Հայկուհի Հարությունյանը վստահեցրեց, որ այդ արարքը չի կարող արդարացվել:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսելով խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին, այսպիսի կարծիք հայտնեց. «Որևէ ձևով ոչ միայն արդար հետաքննություն չի լինում, այլև կարելի է զինված ուժերում մարդ սպանել և մեղավորը չհայտնաբերվի»:

Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց, թե ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն պատասխանում նրանց դիմումներին, այլև նման կոպիտ վերաբերմունքի են արժանացնում: Դառնալով խաղաղ հավաքներին` պարոն Իշխանյանը պատասխանեց. «2013-ից իրավիճակը բավականին լարվեց և սկսվեց ոստիկանների ոչ համաչափ ոչ իրավաչափ գործողությունները: Գագաթնակետը Պուտինի այցի ժամանակ էր, երբ բազմաթիվ մարդկանց բռնեցին տարան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728