«Հայաստանում եւ Ադրբեջանում մեր նորանշանակ դեսպանները՝ Ռոբերտ Սեկուտան եւ Ռիչարդ Միլսը դժվար հանձնարարությունների կատարողներ եւ հաջողված դիվանագետներ են»,- այս մասին, մեկնաբանելով Հայաստանում եւ Ադրբեջանում Ամերիկայի նոր դեսպանների նշանակումը, SalamNews-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Համանախագահը նաեւ հավելել է. «Ես վստահ եմ, որ եւ Բաքվում, եւ Երեւանում նրանք ԱՄՆ-ի հրաշալի ներկայացուցիչներ կլինի: Ես անհամբերությամբ սպասում եմ նրանց հետ ավելի սերտ աշխատանքներին»:
Նշենք նաեւ, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելել են Ադրբեջան եւ հանդիպում են ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Տարածված հաղորդագրության համաձայն հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա դրության եւ հեռանկարների մասին:
Նախատեսվում է, որ համանախագահները հանդիպումներ կունենան նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի եւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Twitter-ում կատարած իր գրառման մեջ համանախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ լուրջ խոսակցության հույս է հայտնել: «Բոլորը կշահեն դրանից»,- մասնավորապես գրել է նա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ