«Սերժ Սարգսյանի այդ բանաձևումը կապված էր Աջափնյակում ընտրությունների և թեկնածուներից մեկին աջակցելու հետ: Տվյալ դեպքում խնդիրն այլ է. ելույթ են ունենում ՀՀԿ անդամներ, որոնք ի պաշտոնե ստանձնել են երկրի անվտանգ զարգացման պատասխանատվությունը»,-հարցին` արդյոք ՀՀԿ անդամների` վերջին օրերի պահվածքը չի՞ հակասում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «մենք հո ոհմակ չե՞նք», այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նշեց, թե ՀՀԿ-ականների պահվածքը, միգուցե մի քիչ չափից մտահոգ, բայց ներկուսակցական համախմբվածության պատրաստակամություն էր:
Հարցին` արդյոք Սերժ Սարգսյանը արգելել էր նաև օգտագործել Թոխմախի Մհեր, Լֆիկ Սամո, Նեմեց Ռուբո, Շմայս և այլ մականուննե՞ր, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ես որևէ մեկին երբևէ որևէ մականունով չեմ դիմել, ոչ միայն մինչ այս, այլև երբևէ: Իրեն հարգող մարդը չի կարող մականունով դիմել ուրիշին»:
Հարցին` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի դիմում սպասվո՞ւմ է, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում ոչ դրա անհրաժեշտություն, ոչ էլ նման հեռանկար: Թեպետ կուլիսներում նման խոսակցություններ գնում են: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդդիմություն, ԲՀԿ- իշխանական կառույց համագործակցության կարևորագույն օղակը կարող է լինել և եղել է: Փաստենք, որ փետրվարի 5-ի հայտնի ելույթից հետո վարչապետի կտրուկ արձագանքը ԲՀԿ ղեկավարին ըստ արժանվույն չգնահատվեց: Փոխանակ այն մարդը, որը ամենավստահելին պիտի լիներ, նստեր, նրա հետ խոսեր` ինչը ինչպես պիտի լինի, մեկնում է Մոսկվա: Համաձայնեք, որ դա առավել քան մտահոգիչ է»:
Հարցին, եթե Գագիկ Ծառուկյանի`նախագահ դառնալու հավակնությունները չլինեին` ՀՀ նախագահը կհիշեր, որ նա հարկեր չի վճարում, կամ նրա բիզնեսներում ստուգումներ կիրականացվեի՞ն, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Թագավոր եղբայր, այդ արտահայտությունները մերձծառուկյանական շրջապատին են բնորոշ: Այսքան ժամանակ շփվում եմ ՀՀԿ-ի հետ, նման բանաձևումներ՝ կապված Գագիկ Ծառուկյանի հետ, չեմ լսել: Այստեղ ուզում եմ առաջ քաշել երկու թեզ. համաձայնեք, եթե երկրում առկա են որոշակի սոցիալական անհարթություններ, ապա այդ ամենը վերագրել վերջին տարիներին, կլիներ ծիծաղելի, նույն ԲՀԿ-ն մինչև 2012-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ էր և կրում է այդ ամենի պատասխանատվությունը»:
Կարդացեք նաև
Խոսրով Հարությունյանը` Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցում կարծում է, որ «կարելի էր այս ամենի նկատմամբ լինել ավելի մեղմ, քանի որ նախկինում էլ շատ լիդերներ չեն հարգել իրենց այցելությունները խորհրդարան»:
Պարոն Հարությունյանը երկրի անվտանգության սպառնալիքների տեսանկյունից ասաց. «Գուցե չեն գիտակցում, բայց հիմա ուղղակիորեն, միգուցե գիտակցաբար ձևավորում են ազգային անվտանգության` ՀՀ-ն Ուկրաինայի վերածելու ռեալ սպառնալիքներ: Հիմա ի՞նչ` նստենք նորից սիլի-բիլի՞ անենք»:
Անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերջին հարցազրույցին` պարոն Հարությունյանը նշեց, թե չի դիտել հաղորդումը, բայց Արմեն Աշոտյանի մասին կարծիք հայտնեց, թե նա շատ կիրթ, քաղաքական մեծ հեռանկար խոստացող գործիչ է. «Երիտասարդ, ավյունով լի, մի քիչ նվազ փորձառությամբ, բայց բավականին գրագետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ձեր նման գրագետները երկիրը ավերում են