Աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, եւ ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից։ 2013 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցվել է քաղցկեղի 7911 դեպք, որոնցից 59-ը արձանագրվել են 0-17 տարեկան երեխաների եւ դեռահասների շրջանում։ Այսօր առողջապահության նախարարությունում մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա՝ փետրվարի 15-ի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Ըստ Կարինե Սարիբեկյանի ներկայացրած տվյալների՝ Հայաստանում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը՝ լեյկեմիան՝ 30-40 տոկոս: Լեյկեմիայից հետո ամենաշատ հանդիպողը ավշային հանգույցների չարորակ ուռուցքներն են, այնուհետեւ՝ գլխուղեղի ուռուցքը: Քաղցկեղն առավել շատ հանդիպում է 2-4 տարեկան երեխաների մոտ:
Կարինե Սարիբեկյանը տեղեկացրեց, որ 2003 թվականից Հայաստանն անդամակցում է մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների կողմից ստեղծված «Քաղցկեղով երեխաների ծնողների» միությանը եւ այս տարի մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կարգախոսն է՝ «Գործենք հիմա քաղցկեղով հիվանդ երեխաների համար»:
«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» մանկական բաժնի վարիչ Գրիգոր Բադալյանը ասուլիսին նկատեց, որ եթե 2004 թվականին Հայաստանում 88 երեխայի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ, ապա 2013 թվականի տվյալների համաձայն, քաղցկեղ ախտորոշվել է 59 երեխայի մոտ. «Բացի հիվանդության նվազումից, նաեւ մահացության նվազում է եղել՝ 18 տոկոսով»։
Կարդացեք նաև
Բժիշկը վստահեցնում է, որ երեխաների մոտ շատ արագ է ընթանում չարորակ հիվանդությունների զարգացումը. «Այս պատճառով շատ կարեւոր են այն օղակների դերը, որոնք առաջինն են շփվում երեխաների հետ՝ ծնողները, որոնք պետք է զգոնություն ցուցաբերեն եւ մանկաբույժները, որոնք երեխաներին պետք է ուղեկցեն համապատասխան մանկական ուռուցքաբանի մոտ կոնսուլտացիայի համար»:
Բժիշկը ներկայացրեց, որ մանկական քաղցկեղն ունի մի քանի նախանշաններ, մինչդեռ երեխաների մոտ տեսանելի ուռուցքներ քիչ են լինում. «Հիմնական նախանշաններից են թուլությունը, ջերմությունը, արյունահոսությունը, կապտուկները, սրտխառնոցը, ախորժակի վատացումը, փորիկում, գլխում ցավերը»:
Պրն Բադալյանը վստահեցնում է, որ Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի բացման դեպքում երեխաների ապրելիության ցուցանիշը ավելի կբարձրանա. «Լեյկեմիայի ժամանակ առողջացման հավանականությունն ավելի բարձր է, քան սոլիդ ուռուցքների ժամանակ, որոնք քիմիաթերապիայից բացի պահանջում են նաեւ ճառագայթային բուժում: Այդ դեպքերում ավելի դժվար է լինում բուժել երեխային Հայաստանում, իսկ երբ ներդրվի ոսկրածուծի փոխպատվաստման մեթոդը, այդ ժամանակ շատ ավելի լավ արդյունքներ կստանանք»:
«Արյունաբանության ազգային կենտրոնի» մանկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանը տեղեկացրեց, որ արյունաբանական կենտրոնում արդեն իսկ ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի ստեղծման աշխատանքներ են տարվում. «Մոտ հիսուն երեխայի տարեկան անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որի դեպքում դատապարտված հիվանդները ապրելու շանս կունենան»։
Բանախոսները մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրը կարեւորեցին նրանով, որ այն աշխարհում հասարակության ուշադրությունը գրավելու եւ քաղցկեղի բուժման միջոցները հավաքագրելու խնդիրներ է լուծում. «Եթե տարիներ առաջ մեր խնդիրներից էր դեղորայքի սակավությունը, ապա հիմա դրությունը փոխվել է այն պատճառով, որ դեղորայքը Հայաստանում կա եւ գրանցված է»։ Բանախոսները առանձնացնում են, որ «Նվիրիր կյանք» հասարակական կազմակերպությունը հնարավորություն է տալիս ծնողներին փոխհատուցել դեղորայքի վրա ծախսված գումարները, ժամանակին ձեռք բերել դեղորայքը, որն էլ զգալիորեն նվազեցրել է մահացության քանակը։
«Եթե 15 տարի առաջ հինգ տոկոսն էր ապաքինվում, ապա հիմա 70 տոկոսն է առողջանում»,- ասում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ