-ՀՀԿ-ն բազմիցս արձագանքել է ու Ձեզ բազմիցս հրավիրել ենք քննարկումների:
– Ապացույց ներկայացրեք: Դուք սուտ եք ասում, նման բան չի եղել, ինձ քննարկումների չեք հրավիրել:
-Ստախոսը դուք եք: Հարգելիս, ձեզ բազմիցս հրավիրել ենք վերջին նիստին էլ դուք հրաժարվեցիք….
-Ապացույց ներկայացրեք, պայմանավորվածությունը խախտել եք, պլագիատ եք արել…
Կարդացեք նաև
– Դուք հայոց այբուբենը լավ գիտեք, կարդալ էլ գիտեք, հուսով եմ, եթե նայեք ձեւակերպումներին էլ՝ կտեսնեք, որ դրանցում տարբերություններ կան:
Այս երկխոսությամբ այսօր սկսվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը եւ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը:
Զարուհի Փոստանջյանը համաձայն չէր Արտակ Զաքարյանի այն դիտարկմանը, որ ներկայացված է նույն նախագիծը: «Գալուստ Սահակյանն ասաց, որ ընդունում են իմ ներկայացրած նախագիծը, այն ետ վերցնեմ`վերամշակման համար: Բայց ՀՀԿ-ն չպահեց իր խոստումը: Անտեսվում է մեր բարեկամ եզդի ժողովրդի ցեղասպանությունը»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի նյարդերը տեղի տվեցին, նա Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը որակեց «խիստ անգրագետ»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Այնուհետեւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում`փորձելով հանդարտեցնել կրքերը, երկար բացատրում էր Զարուհի Փոստանջյանին, թե ինչո՞ւ նախագծում ներառված չէ եզդիների ցեղասպանությունը: Նա նկատեց, որ դա դեռ վիճահարույց խնդիր է ու այս պահին եզդի համայնքի ներկայացուցիչների հետ քննարկումներ են ընթանում, թե ի՞նչ եղանակով կարելի է վերաբերմունք արտահայտել եզդիների նկատմամբ տեղի ունեցածի առիթով: Նա ասաց, որ Սամվել Ֆարմանյանն ու ինքն այժմ աշխատում են նաեւ այլ ժողովուրդների հետ տեղի ունեցած դեպքերին արձագանքելու ձեւերը գտնել:
Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ առաջին նախագծին, ինչի արդյունքում ինքնըստինքյան դուրս կմնա Զարուհի Փոստանջյանի առաջարկը:
Զարուհի Փոստանջյանը «մտքի հիվանդ» անվանեց Շիրակ Թորոսյանին, որը նույնպես փորձում էր մասնագիտորեն հիմնավորել Փոստանջյանի իրավացի չլինելը: «Ամենամեծ մտքի հիվանդը դու ես, որ փորձում ես վերջին ինչ-ինչ իրադարձություններից ելնելով շոու սարքել»,- հակադարձեց Շիրակ Թորոսյանը`հորդորելով իր ելույթի ժամանակ շոու չսարքել:
Նրա ելույթի ընթացքում քննարկմանը ներկա եզդի համայնքի չորս ներկայացուցիչները`Բորիս Մուրազիի գլխավորությամբ լքեցին դահլիճը`վիրավորված, որ անտեսվում են եզդիների ցեղասպանության մասին փաստերը:
«Դուք իրականում չհասկացաք, թե հարցն ինչի մասին է»,- տղաներին փորձեց հանգստացնել ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Սակայն, ապարդյուն: Նրանք լքեցին քննարկումը:
«Զոռով եզդիական համայնքի թշնամի եք մեզ սարքում, թե՞ համայնքի համակրանքը շահելու խնդիր կա, առջեւում ընտրություններ են: Պատմությունը պետք է աղավաղե՞լ: Սա պատմագիտություն է»,- Զարուհի Փոստանջյանին դիմեց Շիրակ Թորոսյանը: «Դավիթօղլուն նույնկերպ է մեկնաբանում հայերի ցեղասպանությունը»,- հակադարձեց Զարուհի Փոստանջյանը:
Սամվել Ֆարմանյանն էլ հեգնեց Զարուհի Փոստանջյանին`նկատելով, որ նա վարպետ է նման իրավիճակներ ստեղծելու, որոնցից հաճույք է ստանում: Այս իմաստով, նա հաջողված համարեց Փոստանջյանի ծրագիրն ու հորդորեց. «Որեւէ ժողովրդի անցյալի իրողությունը մի վերածեք քաղաքական շոուի»:
Ֆարմանյանը նաեւ հորդորեց Փոստանջյանին`այս տեքստն ուղարկել Ռիչարդ Հովհաննիսյանին ու նրա կարծիքի հրապարակումից հետո, եթե ինքը սխալ կլինի`չի զլանա ու հրապարակավ ներողություն կհայցի իր կարծիքի համար:
Ի վերջո, բոլորը դեմ քվեարկեցին Զարուհի Փոստանջյանի նախագծին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ