Լրահոս
Օրվա լրահոսը

Սոց. հարցում ԵՏՄ-ի մասին մարդկանց իրազեկվածության և կարծիքի կապը

Փետրվար 16,2015 12:23

Հաշվի առնելով ԵՏՄ-ի և դրան միանալու հետևանքների վերաբերյալ մարդկանց գիտելիքների մասին ուսումնասիրությունների բացակայությունը՝ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը կատարել է ուսումնասիրություն, որը նպատակ ունի լրացնելու վերոնշյալ բացը և ուսումնասիրելու ոչ միայն մարդկանց վերաբերմունքը ԵՏՄ-ին, այլ նաև այդ վերաբերմունքի և ինտեգրացիոն գործընթացների մասին նրանց իրազեկվածության միջև կապի վերաբերյալ: Հարցերը տրվել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Կապանի 1000 բնակիչների՝ հեռախոսազանգի միջոցով:

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցվողների ավելի քան կեսը (61,2% – այո, 28,8% – ոչ) համարում են, որ տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՏՄ-ն:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ և դեմ մարդկանց թվի միջև տարբերությունը շատ քիչ է (42% – դեմ, 37,6% – կողմ, 20,4% – չգիտեն). Ուշագրավ է, որ ԵՏՄ-ին դեմ տեսակետ արտահայտած հարցվողների մեջ կանանց թիվը փոքր ինչ գերազանցում է տղամարդկանց թվին: Բացի այդ՝ 40 տարեկանից փոքրերն ավելի շատ են հակված ԵՏՄ-ին դեմ տեսակետ արտահայտելու, քան տարեցները:

Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները հարցվողների կեսից ավելին չեն ակնկալում գազի և բենզինի գնի նվազում ԵՏՄ անդամակցության արդյունքում: Բացի այդ՝ հարցվողների մոտ կեսը չի ակնկալում ռուսական ապրանքների գների նվազում: Ավելին՝ հարցվողների մոտ կեսը ակնկալում է սննդի, տեխնիկայի, հագուստի և կահույքի գների բարձրացում:

Հարցվողների մոտ կեսը պնդում է, որ Հայաստանի հիմնական առևտրական գործընկերը Ռուսաստանն է (երբ իրականում Հայաստանի արտաքին առևտրի ընդամենը 22 տոկոսն է Ռուսաստանի հետ): ԵՏՄ-ի կողմնակիցների 52,1% կարծում է, որ մեր հիմնական արտաքին գործընկերը Ռուսաստանն է և միայն 19,1% գիտի, որ Եվրոպան է: Իսկ ահա ԵՏՄ-ին դեմ կարծիք արտահայտած հարցվողների 29,5% տոկոսը գիտի, որ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը Եվրոպան է:

Մարդիկ, ովքեր ճիշտ են տեղեկացված Հայաստանի հիմնական առևտրային գործընկերոջ հարցում, միայն 31 տոկոսով են կողմ ԵՏՄ-ին (53,4 տոկոսով դեմ են): Փոխարենը, նրանք, ովքեր այդ հարցի շուրջ սխալ տեղեկություն ունեն, 44,1 տոկոսով կողմ են ԵՏՄ-ին (և միայն 36 տոկոսով են դեմ):

ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված իրազեկվածությունը ստուգող հարցերին հիմնականում սխալ պատասխաններ տված քաղաքացիների գրեթե կեսը կողմ է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին (46,4% – այո, 33% – ոչ): Եվ հակառակը՝ հիմնականում ճիշտ պատասխաններ տված հարցվածների գրեթե կեսը դեմ են ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը (33,1% – ոչ, 46,4% – այո):

Ըստ էության, հետազոտությունը տվեց հետևյալ երեք հարցերի պատասխանները՝

1. Որքանով մարդիկ ավելի են տեղեկացված ԵՏՄ անդամակցության և դրա հետևանքների մասին, այնքան ավելի քիչ են նրանք հակված դրական գնահատելու այս անդամակցությունը:

2. Հանրության մի ստվար հատված ԵՏՄ-ի անդամակցությունից ունենալով բացառապես բացասական տնտեսական սպասելիքներ, միևնույնն է, կողմ է դրան:

3. Հանրության զգալի մասը չունի անգամ տարրական տեղեկություններ ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրացիայի հետևանքների մասին, իսկ մեկ այլ հատված այդ մասին ունի հիմնովին սխալ պատկերացումներ:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728