Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ աշխարհաքաղաքական շահերի պլացդա՞րմ

Փետրվար 16,2015 15:00

Էրիկ Ռուբինի «շրջադարձային» հարցազրույցը

«Միացյալ Նահանգները կարեւորագույն նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Մեր առաջնահերթ նպատակն է ապահովել Հայաստանում տնտեսական աճ ու ներդրումների ավելացում։ Դա այն է, ինչի կարիքն այժմ Հայաստանն իրոք ունի, եւ մենք բավարարված չենք մեր երկկողմ համագործակցության ներկա մակարդակով, մենք ցանկանում ենք տեսնել ամերիկյան ներդրումների աճ Հայաստանի տնտեսության մեջ»,- նախօրեին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:

Ամերիկացի պաշտոնյայի այս հայտարարությունը բավական ուշագրավ է այն առումով, որ այն հնչում է, երբ պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը: «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով ամերիկացի դիվանագետի ուղերձները՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ այդ հարցազրույցն ընդհանրապես շրջադարձային է Հայաստան-Արեւմուտք հարաբերությունների համար. «Այդ հարցազրույցում պաշտոնական մակարդակով խոսվում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման, այլեւ Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցության, Հայաստանի անվտանգության բաղադրիչներից բխող կարեւորագույն պայմանների մասին»: Խաչատուր Քոքոբելյանի հավաստմամբ՝ ամենակարեւոր նկատառումն այն է, որ Արեւմուտքն այլեւս որպես խոչընդոտ հաշվի չի առնում ռուսական ռազմաբազայի` Հայաստանում գտնվելու հանգամանքը: «Արեւմտյան բոլոր տերությունները, մասնավորաբար ԱՄՆ-ը, իմ խորին համոզմամբ՝ հստակ պատկերացնում են, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունը իրավիճակային լուծում է, եւ մեր համագործակցության զարգացման համար ոչ դա, ոչ էլ ԵՏՄ-ին, իմ համոզմամբ՝ պարտադրված անդամակցության հանգամանքը չպետք է խոչընդոտ հանդիսանան: ԱՄՆ-ի հետ համագործակցությունը հստակ է, որ շոշափելիորեն կավելացնի Հայաստանի անվտանգության բաղադրիչը: Ներկայիս օր օրի փոփոխվող ու զարգացող աշխարհում ՀՀ-ի համար օր առաջ անհրաժեշտ է գիտակցել գործնական եւ շոշափելի հարաբերությունները, որոնք հայտարարությունների մակարդակից արդեն կանցնեն խիստ գործնական քայլերի: ՌԴ-Ուկրաինա առճակատման հետ կապված վտանգավոր խնդիրները բավարար են, որպեսզի Հայաստանը խստագույնս հետեւողական լինի` իր անվտանգության բաղադրիչի արեւմտյան կոմպոնենտի ավելացման համար»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը` խիստ կարեւորելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի կողմից արված հղումները. «Դրանք խիստ անհրաժեշտ նախապայմաններ են, որպեսզի ՀՀ-ն կարողանա ճիշտ կառուցել իր ռազմաքաղաքական եւ տնտեսական հարաբերություններն արեւմտյան տերությունների հետ, այդ թվում նաեւ՝ ներդրումների առումով»:

Խաչատուր Քոքոբելյանն այս համատեքստում է դիտարկում ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մ. Միլսի ուղերձը, որտեղ հստակ նշվում էին Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը, մեզ համար առաջնային համարվող անվտանգության բաղադրիչի ավելացման խնդիրը, ԼՂ հիմնախնդրի լուծման գործում ԱՄՆ ակտիվ մասնակցությունն ու խնդրի կարգավորումը:

Մինչ այժմ եվրոպացի պաշտոնյաներն էլ էին վերապահումով խոսում Հայաստանի հետ հետագա հարաբերությունների մասին, սակայն երեկ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան եւս հայտարարեց. «Մենք (ԵՄ-ն- Ն. Գ.) այստեղից չենք հեռանալու, սատարելու ենք երկրի արդիականացմանը»: Նկատի ունենալով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի «մարտական» տրամադրությունները՝ վտանգ չկա՞, որ Հայաստանը կարող է ԱՄՆ-ԵՄ-ՌԴ շահերի ու հետաքրքրությունների պլացդարմ դառնալ: Խաչատուր Քոքոբելյանը վստահ է` չի կարող դառնալ: «Եթե ուշադիր հետեւեք այդ հայտարարություններին` հստակ ասվում է, որ պետք է դիտարկել հարաբերությունների այնպիսի զարգացումները, որոնք հնարավոր են համատեղելիության մակարդակում: Կարծում եմ՝ մեր արեւմտյան գործընկերները, թեկուզեւ այդ մասին հաճախ բարձրաձայն չխոսելով, ուղղակիորեն հասկացել ու գիտակցել են, որ դա Հայաստանին պարտադրված ընտրություն է եղել: Հարաբերությունների զարգացման մեջ շատ կարեւոր է, որ չվերածվենք առճակատման հանգույցի: ՀՀ-ն դիմակայելու նման ռեսուրս չունի` հաշվի առնելով ԼՂ հիմնախնդիրը, մեր տնտեսության թույլ վիճակը եւ այն աշխարհաքաղաքական դիրքը, որում գտնվում է Հայաստանը»,- հիմնավորեց մեր զրուցակիցը:

Որքան էլ պարտադրված, սակայն փաստ է, որ Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ է: Մյուս կողմից՝ կան իրական հնարավորություններ` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ նաեւ ռազմաքաղաքական հարաբերություններ զարգացնելու: Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեցինք` Հայաստանի ներկայիս իշխանությունն ունի՞ այդքան համարձակություն: «ՀՀ իշխանությունները պարտավոր են այդ համարձակությունը դրսեւորել, որովհետեւ դա ուղղակիորեն բխում է Հայաստան պետության, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության եւ տնտեսական զարգացման շահից: Դա միակ պատուհանն է այսօր, որը Հայաստանի թե անվտանգության բաղադրիչն ավելացնելու, թե զարգացումն ապահովելու հնարավորություն է ընձեռում: Ուստի դա մեր պետության կողմից ոչ թե ցանկություն պետք է լինի, այլ անհրաժեշտ գործընթաց»,- ասաց մեր զրուցակիցը:

Համադրելով ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը հանգում է այն մտքին, որ «դա համակարգված քաղաքականություն է Հայաստանի նկատմամբ եւ ոչ թե բարի ցանկություններ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ԱՄՆ -ն է Հայաստանի երկարաժամկետ դաշնակիցը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728