Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյանը հիշեց Շարմազանովին ու Աշոտյանին ԱԼՄ-ի շոուներում

Փետրվար 16,2015 11:50

ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը ՀՀԿ-ին օգուտ չի բերի: Այս կարծիքին է «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

«Ինչքան տեսնում եմ՝ անհատական դաշտ են տանում ու տարօրինակ է, որ խոսում են մակարդակից: Երեկ լսում էի Աշոտյանի ելույթը. փայլում էր մակարդակով: Հարց կարելի է տալ՝ էդ մակարդակից ելնելո՞վ են չինովնիկները բիզնեսով զբաղվում ու միլիարդատեր դառնում, մակարդակից ելնելո՞վ է ՀՀԿ-ն մենաշնորհ պահպանում քաղաքական դաշտում: Էդքան մակարդակով են՝ ինչո՞ւ չեն հասկանում, որ 3 միլիարդով արտաքին պարտքը աճել է, իսկ ժողովուրդը պետք է ապրի, բայց պետբյուջեի փողերը փոշիանում են: Քաղաքից թրիքի հոտ է գալիս, երեւանցիները չքացել են»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Տիգրան Կարապետյանը:

Նա նաեւ հիշեց, թե ինչպես էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարիներ առաջ հյուրընկալվում ԱԼՄ-ի շոուներին՝ որպես ուսխորհրդի նախագահներ. «Էսօր մակարդակից են խոսում էդ երեկվա ուսանողները: Տեսնում էինք իրենց երկու բառ կպցնելը տարիներ առաջ»:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի ելույթին՝ Գագիկ Ծառուկյանին մականունով անդրադառնալու պահին, ասաց նախագահին չէր սազում նման ելույթ.«Նախագահին վայել չէր այդ ելույթը, իսկ առհասարակ նրանք կոմսոմոլի սաներ են եղել ժամանակին, դրանով ամեն ինչ կարող եմ ասել: Ցինիկ եմ համարում տարանջատել Ծառուկյանին ԲՀԿ-ից: Իբր Ծառուկյանը մակարդակ չունի, կուսակցության անդամներն ունեն: Պետության ղեկավարը կամ պաշտոնյաները պետք է խոսեն միավորներով: Ասում են՝ հարկեր չի մուծում Ծառուկյանը, նոր իմացա՞ն, կամ իրենցից ո՞ր մեկն է հարկ վճարում»:

Տիգրան Կարապետյանի համոզմամբ, իշխանությունը լուրջ վտանգ է զգացել, որ սկսել է նման բառապաշարով ելույթները ու քննադատությունը ԲՀԿ առաջնորդի նկատմամբ. «Հասկացան՝ միավոր է հասունանում, որի շուրջ համախմբվում են կուսակցությունները, դա վտանգ է ՀՀԿ-ի մենաշնորհին, իշխանության վերարտադրմանը: Բոլորս էլ գիտենք՝ ինչպես է ստեղծվել ԲՀԿ-ն, տարբեր հոսանքներ կան այդ կուսակցության մեջ, բայց գիտեմ, որ ժողովուրդը համակրում է այդ կուսակցությանը, մանավանդ Գագիկ Ծառուկյանին»:

Փետրվարի 20-ին նախատեսված եռյակի հանրահավաքին Տիգրան Կարապետյանն էլ է մասնակցելու ու մեծ ակնկալիքներ ունի. «Ամսի քսանին հրապարակը կլինի լեփլեցուն, կգան այն մարդիկ, որոնք երբեւէ չեն եկել, ու իշխանությունը կտեսնի՝ ժողովուրդը ինչ արձագանք է տալիս այդ ելույթներին, որոնք իզուր իշխանությունները ձեռնարկեցին»:

Հարցին, թե հնարավո՞ր է այս իրադարձությունների ներքո ՀՀ 2-րդ նախագահը ասպարեզ գա, պատասխանեց՝ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց. «Չեմ մտածում, որ ժողովուրդը հանդուրժի»:

Ասուլիսի վերջում էլ եզրափակեց՝ իշխանափոխություն է ուզում, իսկ նոր իշխանությունից անձնական ակնկալիքներ չունի. «Պաշտոն չեմ ուզում, ամեն ինչ տեսել եմ ու կուշտ եմ: Պարզապես ինձ դուր չի գալիս, որ իրար հետ տղայական են խոսում, ասում են՝ լավ ենք անում: Ես կայարանի տղա եմ, մեր մոտ ճիշտ էին անում, լավ անելը ո՞րն է: Կա ճիշտ ու սխալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսինա says:

    Լավ ասեցիր,բայց քիչ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728