Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համաշխարհային ազգի տեսլականը-3

Փետրվար 16,2015 12:00

Հայերս առիթով ու անառիթ սիրում ենք ասել ու բարձրաձայնել, որ մշակութային ազգ ենք:

Նաեւ գիտության բնագավառի մեր նվաճումներով ենք հպարտանում: Ինչպես նաեւ՝ մեր ինտելեկտուալ պոտենցիալով: Եվ՝ շատ ճիշտ ենք անում: Ինչպես ասում են՝ տեղ ունենք:
Ամենից ավելի մեր պոեզիայով ենք հպարտացել ու հպարտանում: Համաձայնվեք, որ եթե մեր պոեզիան, մեր Նարեկացին, մեր Չարենցն ու մեր մյուսները համաշխարհային լիարժեք ճանաչման չեն արժանացել, դրա հիմնական պատճառն այն է, որ աշխարհում քչերն են հայոց լեզվով գիրք կարդում: Թարգմանական լուրջ դպրոցի բացակայության հարցն էլ կա, բայց դա միանգամայն առանձին խոսակցության թեմա է եւ միանգամայն այլ խնդիր:
Փառահեղ գեղանկարչություն ու գեղանկարիչներ էլ ենք ունեցել: Հիմա էլ ունենք: Փառք Աստծո, որ գեղանկարչությունը թարգմանական խնդիր չունի եւ հասկանալի է բոլոր ազգերին: Երաժշտությունը՝ նույնպես: Ճարտարապետությունը՝ նմանապես: Գիտությունը՝ նույնպես: Մասամբ նաեւ՝ կինոարվեստը: Ընդ որում՝ նաեւ մեր Փարաջանովի շնորհիվ համաշխարհային կինոն լեզվական խնդիրներից բավական ազատագրվեց:
Կյանքը ցույց տվեց, որ մեր «Ջերմուկը» տնտեսապես մեզ լիարժեք անկախություն չապահովեց: Կյանքը ցույց է տվել եւ շարունակում է ցույց տալ, որ մենք մշակույթի ու գիտության բնագավառներում աշխարհին տալու բան ունենք:

Մեր երաժիշտ կատարողները հաջողությամբ հանդես են գալիս աշխարհի հանրահայտ օպերաների նվագախմբերում, զանազան միջազգային մրցույթներում միանգամայն լուրջ մրցանակներ են շահում: Մեր օպերային երգիչներն ու երգչուհիները հաջողությամբ հանդես են գալիս աշխարհի հանրահայտ բեմերում: Մանսուրյանի, Զոհրաբյանի եւ նույնիսկ մեր երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարում են աշխարհի հանրահայտ նվագախմբեր:

Մեր գիտնականները դասավանդում են աշխարհի տարբեր համալսարաններում, հոդվածներ են տպագրում աշխարհի երեւելի գիտական պարբերականներում: Մեր երիտասարդ ծրագրավորողներն աշխարհում հեշտությամբ իրենց տեղը գտնում են:
Խորհրդային տարիների հոնորարները չկան, բայց մեր գրողները նույն ոգեւորությամբ շարունակում են ստեղծագործել: Նկարիչները՝ նույնպես: Ճարտարապետները՝ նմանապես: Կինոգործիչները՝ նույնպես: Եվ նոր անունների պակաս չի զգացվում:
Կարճ ասած՝ մենք միանգամայն լուրջ ինտելեկտուալ պոտենցիալ ունենք, որը շատ դեպքերում օտարներն ավելի են նկատում ու գնահատում, քան մենք:
Ի՞նչ պիտի անենք, որ չենք անում: Բնականաբար՝ ներդրումներ: Ո՞վ պիտի անի: Բնականաբար՝ պետությունը եւ մեծահարուստները, որոնցից ոմանք, ըստ ամենայնի, պետությունից ավելի հարուստ են:

Ի՞նչ պիտի անեն, որ չեն անում: Բնականաբար՝ ներդրումներ: Որտե՞ղ պիտի ներդրումներ անեն: Առաջին հերթին այն բուհերում, որտեղ կրթվում են մեր ապագա արվեստագետներն ու գիտնականները: Ինչքա՞ն պիտի ներդրումներ անեն: Ինչքան որ շոու-բիզնեսի բնագավառում են անում:

Ինչքան էլ խորհրդային կրթահամակարգը փնովենք, պիտի ընդունենք, որ մեր արվեստագետներն ու գիտնականներն էդ կրթահամակարգում են ձեւավորվել ու «պատրաստվել»: Նաեւ պիտի ընդունենք, որ խորհրդային տարիներին արվեստի ու գիտության մեր գործիչները լրջագույն արժեքներ են ստեղծել: Եվ եթե հայ երաժիշտ կատարողներն այսօր արտերկրներում հաջողություններ են գրանցում, դա նաեւ սովետահայ կոնսերվատորիայի դրվածքի ու իներցիայի արդյունքն է: Եվ նույնը կարելի է ասել արվեստի մյուս բնագավառների ու գիտության վերաբերյալ, որոնց ներկայացուցիչներից շատերը սոցիալական իմաստով կարիքավոր են, եթե չասենք՝ աղքատ:

Վատ չէ, որ շոու-բիզնեսի մեր հաջող ու անհաջող ներկայացուցիչներն ու սերիալային հաջող եւ անհաջող դերասանները ջիպերով են ֆռֆռում, բայց շատ վատ է, որ մեր այն արտիստները, որոնք հրաժարվում են սերիալներում նկարահանվել, աղքատության եզրին են հայտնվել եւ, փաստորեն, իբրեւ դասակարգ վերանում են, որովհետեւ մեր թատերասեր հասարակությունն էլ է իբրեւ դասակարգ գրեթե վերացել՝ անվճարունակության պատճառով: Նույնը կարելի է ասել գրողների ու ընթերցողների վերաբերյալ:

Ձեզանից շատերը կհակադրվեն ինձ՝ ասելով, որ մեր գրողներն առանձնապես լուրջ գործեր չեն գրում, եւ մեր ռեժիսորներն ու դերասաններն էլ լուրջ ներկայացումներ չեն ներկայացնում: Որոշ չափով ձեզ հետ համաձայնվելով՝ ինքս էլ ձեզ կհակադրվեմ՝ ասելով, որ դա էլ է լուրջ ընթերցողի ու լուրջ հանդիսատեսի բացակայության արդյունք:
Միարժեքորեն ընդունելով կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանի կազմակերպչական տաղանդն ու կարողությունները՝ ենթադրում եմ, որ մեր պետությունն ու մեր մեծահարուստներն էլ են ինչ-որ չափով նպաստել ու նպաստում «Ոսկե ծիրանի» գոյությանն ու կայացմանը: Եվ արդյունքն ակնհայտ է: Եվ արդյունքն առավել ակնհայտ կլինի, եթե ֆինանսավորումն ավելին լինի: Ընդ որում՝ արվեստի բոլոր այլ ասպարեզներում եւս լուրջ ու նպատակային ներդրումների պահանջ կա: Եվ եթե այդ լուրջ ու նպատակային ներդրումները չկատարվեն, վաղը կարող է մեր այսօրվա ունեցածն էլ չունենանք: Եվ նույնիսկ մեջներիս ամենահայրենասերներն այլեւս չեն հայտարարի, թե՝ համաշխարհային ազգ ենք: Նույնիսկ չեն հայտարարի, թե՝ մշակութային ազգ ենք:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728