Հովհաննեսն ու Հուսիկը չեն պատկերացնում իրենց կյանքն առանց նոր ծնողների
Տասը տարեկանում Հովհաննեսը նոր ընտանիք ունեցավ, մայրական ու հայրական ջերմություն տեսավ: Այդ ամենը Հովհաննեսի տասը տարիների կյանքի ամենամեծ, անփոխարինելի նվերն էր, որի համար փոքրիկ Հովհաննեսը դողում է, աշխատում ամեն գնով պահպանել, որպեսզի կրկին այն չկորցնի, ինչպես տասը տարի առաջ մի օր, երբ նրա ֆիզիկական խնդիրների պատճառով կենսաբանական ծնողները հրաժարվեցին նրանից՝ փոքր-ինչ կասկած անգամ չունենալով, որ հաշմանդամությունը նրա հետագա կյանքում ոչ միայն խոչընդոտ չի հանդիսանալու, այլեւ նրա ապագա ծնողներին հպարտանալու առիթ է տալու: Երեկ Հովհաննեսը այնպիսի ջերմությամբ էր «մամա» բառն արտասանում, նոր մայրիկի հետ խոհանոցում ընթրիք պատրաստում, որ ընտանիքի պատմությանն անծանոթ մեկը չէր էլ կռահի, որ երեխան որդեգրված է:
Հովհաննեսը Հովհաննիսյանների ընտանիքում միակ որդեգրված երեխան չէ. մեկ տարի է՝ նա Հուսիկ անունով եղբայր էլ ունի: Հուսիկը Հովհաննեսի մանկատան ընկերն է, որին որդեգրել են Հովհաննեսի ցանկությամբ ու առաջարկով:
Ընտանիքի մայրը՝ տիկին Անահիտը, ամեն օր իր երկու որդիներին դպրոց, ապա երաժշտական դպրոց է տանում-բերում: Հուսիկը դհոլի խմբակ է գնում, Հովհաննեսը՝ վոկալի բաժնում է սովորում: «Առավոտի» հետ զրույցում նրանց մայրը պատմում է, որ երկու երեխան էլ երաժշտական լավ ընդունակություններ ունեն:
Երկու երեխան էլ գրեթե նույն ճակատագիրն ունեն. նրանց լքել են հաշմանդամության պատճառով: Հովհաննեսը ծնված օրվանից տեսողական խնդիրներ ունի, Հուսիկը՝ հենաշարժողական:
Երեխաների նոր հայրը Արարատյան հայրապետական թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն է:
Ամուսիններն իրենց կյանքն այլեւս չեն պատկերացնում առանց որդիների, չնայած որ մեկ աղջիկ արդեն ունեին: Նրանց դուստրը՝ Անահիտը, որը կրում է մոր անունը, սկզբում խանդով է վերաբերվել եղբայրներին, եւ ինչպես ինքն է ասում՝ չի պատկերացրել, որ մի օր ստիպված կլինի ծնողների ուշադրությունը, սերն ու հոգատարությունը կիսել այլ երեխաների հետ: Երբեւէ չի էլ ուզել եղբայր ունենալ, բայց երբ Հովհաննեսն ու Հուսիկը մտել են նրա կյանք, հասկացել է, որ կյանքն առանց նրանց շատ անգույն է եղել:
«Անգամ, երբ ընտանիքում երեխաները նույն հորից ու մորից են, եւ նոր երեխա է ծնվում, այդ խանդը լինում է, այն բնականոն ընթացք է, բայց երբ հասկացա, որ բոլորս էլ սիրված ենք, մեկին առավելություն չեն տալիս, մյուսին՝ անտեսում, մոտեցումներս փոխվեցին: Հիմա արդեն մեր ընտանիքը չի պատկերացնում իր առօրյան առանց Հովհաննեսի ու Հուսիկի, հատկապես երբ գիտակցում ես, որ այդ փոքրիկները քո օգնության կարիքն ունեն: Ես? որպես քույր, պետք է հոգ տանեմ նրանց համար, քանի որ նրանք դեռ փոքրիկ են, թեկուզ եւ նրանց ֆիզիկական առանձնահատկություններից ելնելով: Երեխան պետք է ապրի ընտանիքում, սոցիալական նորմերը սկսվում են ընտանիքից»,- ասում է նրանց քույրը՝ Անահիտը, որը մասնագիտությամբ մանկավարժ է:
Մինչ երեխաներին կորդեգրեին, թե՛ Հովհաննեսը, թե՛ Հուսիկը տոն օրերին, արձակուրդներին հաճախ են հյուրընկալվել այս ընտանիքում:
«Երբ Հովհաննեսը հետ էր գնում մանկատուն, տունը մի տեսակ դատարկվում էր, հասկացանք, որ առանց նրա մեր կյանքն այլ է, մայրս մի օր՝ իր ծննդյան օրը, ասաց, որ շատ կուզեր՝ Հովհաննեսն էլ մեր տանը լիներ, ու այդպես որոշեցինք նրան որդեգրել, որպեսզի նրանից այլեւս չբաժանվենք»,- պատմում է Անահիտը:
Տիկին Անահիտը պատմեց, որ Հովհաննեսը Գյումրիի մանկան տնից է տեղափոխվել Երեւան, իսկ Հուսիկը՝ Նորքի: Մինչ որդեգրվելը երկուսն էլ մի քանի տարի ապրել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը:
Մայրը պատմում է, որ Հուսիկը նաեւ նկարելու շնորհ ու թատերական ընդունակություններ էլ ունի: Նրա խոսքերով՝ մտածված են այնպիսի երեխաներ որդեգրել, որ նրանց կյանքը ինչ-որ հարցով թեթեւացնեն, օգնեն, որ նրանք ոտքի կանգնեն. «Առողջ մարդը, որը մանկատանն է, կարող է մանկատնից հետո ինչ-որ ձեւով իր հացը վաստակել, բայց ֆիզիկական խնդիրներով մարդը, որն օգնության կարիք ունի, պետք է ապրի հասարակության մեջ՝ ինչպես բոլորը, եւ դու պետք է տաս նրան այդ հնարավորությունը, օգնես, որ որպես մարդ՝ կայանա: Ինձ ամենեւին չեն մտահոգում երեխաների գեները՝ ինչպես որ շատերն են հարցուփորձ անում մանկատնից երեխա որդեգրելու դեպքում, ինձ ամենեւին չի հուզում, թե նրանք ինչ ծագում ունեն, որտեղից են, նրանք մեզ համար ամենալավ երեխաներն են»:
Երեխաներին պահելու, նրանց դաստիարակելու հարցում տիկին Անահիտը դժվարություններ ունենում է, սակայն, ինչպես նա է ասում՝ ամեն բան հաղթահարում է, երբ կա ընտանիքի անդամների աջակցությունը եւ սերը. «Ե՞րբ է մարդ հոգնում, երբ հույսն իր վրա է դնում, անգամ իր սեփական երեխայի հարցում կարող է հոգնել, սակայն երբ հույսդ դնում ես Աստծո զորության վրա, պատկերը այս է լինում՝ ընտանիքդ ներդաշնակ ու սիրով տանում է այդ ամենը»:
Փոքրիկներն այնքան են ինտեգրվել այս ընտանիք, որ պարբերաբար իրենց տանը հյուրընկալում են մանկատան իրենց ընկերներին, որոնց հետ երկար տարիներ ապրել են մի հարկի տակ: Տիկին Անահիտի խոսքերով՝ Հովհաննեսն ու Հուսիկը շատ են կարոտում իրենց ընկերներին, եւ եթե չի հասցնում երեխաներին հաճախ այցելության տանել մանկատուն, ապա տոն օրերին նրանց բոլորին տուն է հրավիրում, խնջույք կազմակերպում, որ երեխաները միմյանց հետ ժամանակ անցկացնեն:
«Չի կարելի առանց ընտանիքի ապրել: Ես կցանկանայի, որ բոլորն ընտանիք ունենան»,- ընտանիքի համը ճաշակելուց հետո ասում է Հուսիկը:
Տիկին Անահիտը պատմում է, որ որդիները իրենց տված բոլոր խրատները լսում են, աշխատում են լավ սովորել, ծնողներին չնեղացնել, որ եւս մեկ անգամ չզրկվեն այդքան երազած ընտանիքից:
Անցյալ տարի Հովհաննեսը մասնակցել է «Սպիտակ ձեռնափայտ 5-րդ միջազգային բարեգործական փառատոնին», որտեղ հնարավորություն է ունեցել երգչուհի Դիանա Գուրցկայայի հետ դուետով հանդես գալու: 400 մասնակիցների թվում հայտնի երգչուհին ընտրել է Հովհաննեսին: Մեկ տարի անց էլ Հովհաննեսը կապ ունի երգչուհու հետ, պարբերաբար զանգում են միմյանց:
Երեխաների հաջողությունների մասին խոսելիս մայրը համեստորեն նկատում է. «Սա չեմ պատմում, որ այսպիսի բան է եղել, այլ երբ ընկածին բարձրացնում ես, Աստված էլ ավելի է բարձրացնում»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարում` Ընտանիքը՝ Երուսաղեմում:
«Առավոտ» օրաթերթ
14.02.2015