Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա որեւէ գրառում այն մասին, որ միացրել են արհեստական շնչառության սարք

Փետրվար 16,2015 14:00

Ավտովթարից հետո որդին մահացել է. մոր «բաց նամակը»

2011թ. փետրվարի 13-ին՝ ժ.18.00-ի սահմաններում, Արամ Հովհաննիսյանը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ճանապարհի 47-րդ կմ-ում շրջվել է, որի հետեւանքով որդուս՝ ուղեւոր Ս. Կարապետյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, եւ նա դեպքից 83 օր անց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է գլխուղեղի, ողնուղեղի կարեւոր ֆունկցիաների խանգարման հետեւանքով զարգացած թոքաբորբից, որն իր հերթին բերել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի:
Վթարից հետո որդիս ժ.18.22-ի սահմաններում տեղափոխվել է Հրազդանի ԲԿ, այնուհետեւ՝ ժամը 19.35-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ախտորոշումը ընդունման պահին՝ «Կոմատոզ վիճակ: Շոկ՝ ծանր աստիճանի, ծանր գանգուղեղային տրավմա: Գիտակցությունը բացակայում է: Պուլսը պերիֆերիայում չի շոշափվում: ԶՃ-ն (զարկերակային ճնշում) չի որոշվում»: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում որդուս մոտ ախտորոշվեց պարանոցային 5-րդ ողի բեկորային կոմպրեսիոն կոտրվածք:

Որդուս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ընդունման պահին կատարված ախտորոշումից, այն է՝ «Պուլսը պերիֆերիայում չի շոշափվում: ԶՃ-ն (զարկերակային ճնշում) չի որոշվում», ակնհայտ է դառնում, որ որդուս իրավունք չունեին տեղափոխել Հրազդանի ԲԿ-ից Երեւան, իսկ Հրազդանի ԲԿ-ում պարտավոր էին անհապաղ իրականացնել անհետաձգելի բժշկական օգնություն: Որդուս հեմոդինամիկ տվյալների բացակայության պայմաններում, ըստ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության, հիվանդին իրավունք չունեին տեղափոխել մեկ այլ հիվանդանոց:

Վթարից մոտ 3.5 ամիս հետո, փորձելով պարզել վթարի մանրամասները, ես եղել եմ Հրազդանի ԲԿ-ում, տեսել եմ ԲԿ-ի մատյանները եւ քննիչի փոխարեն պարզել եմ, որ որդուս Հրազդանի ԲԿ ընդունման ժամը գրված էր 17.00, որը հերթապահ բուժքույրը իմ աչքի առաջ դարձրեց 18.00, իսկ որդուս ազգանուն, անուն, հայրանունը գրված էր ջնջումով (կից ներկայացնում եմ համապատասխան էջի քսերոպատճենը): Ախտորոշումը գրված էր՝ գանգուղեղային վնասվածք, իսկ «ցուցաբերված օգնություն» սյունակում գրված էր «Դիցինոն» եւ NaCl: Հետագայում՝ այսինքն՝ դեպքից շուրջ 3 ամիս անց, Ստեփան Կարապետյանին բժշկական միջամտություն ցուցաբերելու վերաբերյալ նշումներ կատարելու համար նախատեսված սյունակում փաստացի ավելացրել էին եւս երկու դեղամիջոց, որն անգամ անզեն աչքով պարզ տեսանելի է մատյանի այդ էջի քսերոպատճենից (կից ներկայացնում եմ):

Հրազդանի ԲԿ-ի մատյանում չկա որեւէ գրառում որդուս ճնշման եւ հեմոդինամիկ տվյալների մասին: Չկա որեւէ գրառում այն մասին, որ նրան միացրել են արհեստական շնչառության սարք: Չկա որեւէ գրառում, որ բժիշկը հիվանդի մոտ կասկածել է պարանոցի ողի կոտրվածք, որ գլխին սառույց է դրվել, կամ տեղափոխման ընթացքում կորսետ չլինելու պատճառով գլխի աջ ու ձախ կողմերում բարձեր են դրված եղել:

Բարձի եւ կորսետի պատմության մեջ խորանալ չեմ ցանկանում, բայց ցանկանում եմ հասկանալ, թե ինչու է առողջապահության նախարարությունը պնդում, որ Հրազդանի ԲԿ-ում կորսետ եղել է, իսկ վերջինիս ղեկավարությունը նշում է, որ կորսետ չի եղել, դրա համար էլ տեղափոխման ժամանակ պարանոցը ֆիքսել են բարձերով (C5 ողի կոտրվածքը բարձերով չեն ֆիքսում):

Ձեր գրությանը հավատանք, թե Հրազդանի ԲԿ-ի տնօրենի ցուցմունքին:
Այս հարցի պատասխանը Դուք պիտի տաք եւ ոչ թե փորձագետները…
Պարոն նախարար, ես խորհրդակցել եմ իրավաբանների եւ բազմաթիվ բժիշկների հետ, որոնք ինձ բացատրել են, որ բժշկական փաստաթուղթը նաեւ իրավաբանական փաստաթուղթ է, եւ հիվանդն այն չափով է օգնություն ստացել, ինչ չափով որ բժշկական փաստաթղթերում առկա են նշումներ (խոսում ենք փաստաթղթերով): Եթե ցուցաբերված օգնության մասին բժշկական փաստաթղթերում չկա որեւէ գրառում, ուրեմն օգնություն չի ցուցաբերվել (խոսում ենք փաստաթղթերով):

Ես բազմիցս փորձել եմ ստանալ ինձ հուզող այս հարցի պատասխանը, բայց ապարդյուն, ուստի հարկադրաբար դիմում եմ Ձեզ եւ խնդրում, որ ՀՀ առողջապահության նախարարը հրապարակավ ինձ անձամբ պատասխանի՝ դա այդպես է, թե ոչ:

Խնդրում եմ պատասխանել իմ հետեւյալ հարցերին եւս. արդյոք անհրաժեշտ պայման չէ՞ր որդուս նախքան Երեւան տեղափոխելը.
– Կատարել շնչուղիների սանացիա եւ ինտուբացիա:
– Հակաշոկային միջոցառումներ:
– Այլ բուժհիմնարկություն տեղափոխումը կազմակերպել հիվանդի հեմոդինամիկ ցուցանիշների կայունացման պայմաններում:
-Տեղափոխումն իրականացնել ռեանիմոբիլով՝ ռեանիմոտոլոգի ուղեկցությամբ, գլուխը եւ պարանոցը անշարժացված վիճակում, բայց ոչ բարձերով եւ բուժքրոջ ուղեկցությամբ:
Եվ ի վերջո՝
– Ունենալով վերը թվարկված անհապաղ բժշկական միջոցառումների եւ ռենտգեն հետազոտության հնարավորություն՝ բժիշկը իրավունք ունե՞ր, արդյոք, ցուցում տալ 0 պուլսով հիվանդին տեղափոխել Երեւան:
– Պարտավոր չէ՞ր, արդյոք, բժիշկը իր մասնագիտական գիտելիքներից դուրս գտնվող բժշկական միջամտության համար Հրազդանի ԲԿ հրավիրել այլ բժիշկ մասնագետների:

Տուժողի իրավահաջորդ՝
ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ

14.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728