Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկի համերգին հնչեցին «բրավոներ»

Փետրվար 16,2015 13:30

Երեւանում առաջին անգամ ներկայացվող Մոցարտի ստեղծագործությունն արվեստագետներին խոհերի առիթ էր տվել

«Առավոտը» Ազգային օպերային թատրոնում փետրվարի 13-ին ներկա գտնվեց Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգին: Հնչեցին Մոցարտի ֆլեյտայի համար գրված G-dur կոնցերտը եւ Մալերի 4-րդ սիմֆոնիան:

Մինչ երեկոյի սկսվելը` մասնագետները խոսքուզրույցի էին բռնվել կոնցերտի շուրջ: Մենք ականջալուր լինելով՝ պարզեցինք, որ Հայաստանում առաջին անգամ ներկայացվող Մոցարտի այս ստեղծագործության առիթով երաժիշտների զրույցը կարծես յուրատեսակ սփոփանք լիներ նրանց համար: Ասվածը հասկանալի լինելու նպատակով ներկայացնում ենք կոնցերտի պատմությունը: 1778թ. Մոցարտը պատվեր է ստացել մեծահարուստ երաժշտասեր Դեշանից՝ 200 գուլդենի դիմաց պարտավորվելով գրել ֆլեյտայի երկու կոնցերտ եւ 3 կվարտետ՝ ֆլեյտայի, ջութակի, ալտի եւ թավջութակի մասնակցությամբ: Նման պատվերները թեթեւացնում էին ավստրիացի կոմպոզիտորի նյութական ծանր վիճակը: Ոչ միայն տաղանդավոր, այլեւ ազնիվ ու պարկեշտ Մոցարտը պատվերները սովորաբար գրել է միայն գիշերով, հետո ինքն իրեն հանգստացրել՝ ասելով. եթե գործը լույս աշխարհ է գալիս, ես չպիտի ամաչեմ, չէ՞ որ այն կրում է իմ անունը… Իսկ մեր երաժիշտները, այդ թվում նաեւ որոշ կոմպոզիտորներ, նեղսրտելով պատվերների բացակայությունից կամ դրանց հատուկենտ լինելուց, փաստեցին արտերկրյա մեծահարուստների ուշադրությունը դեպի դասական արվեստ, համենայնդեպս հույս փայփայելով, թե տեղացի մեծահարուստների երաժշտական ճաշակն էլ գուցե մի օր բարձրանա:

Մոցարտի ֆլեյտայի կոնցերտը, որ վաղուց դարձել է ճանաչված ֆլեյտահարների երկացանկի անբաժանելի մասը, փայլուն մեկնաբանեց (կոնցերտի ավարտին բրավոների տարափ տեղաց) Իտալիայից հրավիրված երաժիշտ Մասսիմո Մերչելլին, որին հայ հանդիսատեսը հանդիպում էր երկրորդ անգամ: Ընդ որում, 2014թ. ամռանը Ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Իտալիա կատարած հյուրախաղերի ժամանակ մեր նվագախմբի հետ հանդես է եկել նաեւ իտալացի ֆլեյտահարը:

Հանդիսատեսի կարգավիճակում հայտնված որոշ մասնագետներ ու կոմպոզիտորներ մեզ հայտնեցին, թե ինքը՝ Մալերը, մշտապես դիմել է սիմֆոնիայի ժանրին, այն համարելով լայն լսարանի հետ շփվելու եւ «աշխարհը վերափոխելու» լավագույն միջոց: Իսկ գուցե այսօրվա «տակնուվրա եղած» աշխարհը իսկապե՞ս հնարավոր է վերափոխել միայն բարձրարվեստ ստեղծագործություններով՝ այսպիսի միամիտ հարցադրումներ էին հնչում մասնագետների շրջանում, եւ նույն մասնագետներն էլ նույն միամտությամբ պատասխանում էին՝ իհարկե, հնարավոր է, հավելում նաեւ, թե մեր դասական ու ժամանակակից ստեղծագործողներն էլ բոլոր ժամանակներում աշխարհից ետ չեն մնացել:

Մալերի սիմֆոնիայի ֆինալում, որտեղ հեղինակն օգտագործել է «Երկնային կյանքը» երգը, հանդես եկավ սոպրանո Իրինա Զաքյանը: Երգչուհին չափազանց նուրբ ներկայացրեց կոմպոզիտորի զգացմունքները, հույզերն ու մտորումները: Իսկ սիմֆոնիայի ֆինալում մեներգող սոպրանոն ներկայացնում է երեխայի պատկերացումները դրախտի մասին, որտեղ ամեն ինչ ապահով է, հեղինակի խոսքերով՝ առատ եւ կուշտ: «Երազանքը դրախտային երջանկության մասին միակ բանն է, որ տրված է մարդուն այս կյանքում»,- այսպիսին է եղել Մալերի դառը եզրահանգումը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում`  Իրինա Զաքյանը եւ Մասսիմո Մերչելլին:

«Առավոտ» օրաթերթ
14.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728