Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կատակերգություն է։ Ներկայացումը կոչվում է «Чем в люди выходят» կամ «Мудрец» (Ա. Ն. Օստրովսկի, «Ամեն խելոք պարզամիտ է»)։ Դահլիճը կիսով չափ է լցված: Վարագույրը փակ է, աջ եւ ձախ անկյուններում դրված է երկու նույնատիպ բազկաթոռ, սա նորություն չէ այս թատրոնի ներկայացումների ձեւավորման համար։ Վարագույրը բացվում է։ Մեր առաջ համաչափ ձեւավորված (եւ հորիզոնական, եւ ուղղահայաց) բեմն է, ինչը եւս նորություն չէ։
Բոլոր կերպարները բեմում են եւ ստեղծված է գեղեցիկ պատկեր, որտեղ կերպարները մի փոքրիկ շարժումով, ժեստով բնութագրում են իրենց։ Շատ խոստումնալից սկիզբ է, խաղի որոշակի ոճ։ Գործողությունը սկսված է, իսկ գլխավոր կերպարը՝ Գլումովր (Կարեն Քոչարյան), խաղից դուրս վիճակում, նա անհասկանալի պատճառով նայում է կուլիսներին, խոսում է բարձր, միագիծ եւ առանց հույզերի:
Առաջին տպավորությունը կոտրված է. գեղեցիկ մեկնարկ էր եւ ընդամենը։ Հանդիսատեսին են ներկայանում դանդաղաշարժ, անկենդան կերպաներ։ Ռեժիսորը (Ալեքսանդր Գրիգորյան) կառուցել է տեսարաններ, բայց դրանք բոլորն էլ միագիծ ու միակերպ են ընթանում, չեն հյուսվում իրար ու ներկայացումը առաջ չի շարժվում։ Պատճառն այն է, որ դերասանները խաղի մեջ չեն, նրանք չեն խաղում, այլ պարզապես «անցնում են» տեսարանները եւ քարշ տալիս գործողությունը։ Դահլիճի լռությունը սպասում է. միգուցե խաղը սկսվի։ Տեսարանները հաջորդում են իրար, իսկ բեմական ձեւավորումը որոշ փոփոխություններ է կրում՝ պահպանելով իր հավասարակշռված վիճակը, որը լրացուցիչ ծանրություն է եւ դժվարացնում է առանց այդ էլ ծանրաքայլ ու տխուր կատակերգության տեղաշարժը։
Մի քանի տեսարան նկարագրեմ։
Կրուտիցկին (Մերգեյ Մագալյան) եւ Մամաեւը (Ֆրեդ Դավթյան) զրուցում են շատ ոգեւորված, այնքան, որ վերջինը նույնիսկ բղավում է «ԽՐպտփպ, ՍՐպտփպ…», բայց դրան զուգահեռ բռունցքի մի շատ թույլ հարված է իջնում սեղանին, ասես վախենում է ձեռքը ցավեցնել։ Այս տեսարանն ընթանում է բեմի գրեթե խորքում, եւ չմոռանանք, որ բեմը շատ մեծ է, ու փոքր, չընդգծված շարժումը, ժեստը, էմոցիան ոչինչ չեն ասում։
Եվս մեկ տեսարան. Մամաեւան (Վերոնիկա Մարոյան) փորձում է իր ուրախությունը, որը չկա, վերածել պարի։ Պարզ է, որ չի հաջողվելու։ Դերասանուհին մի քանի ծանր ու ալարկոտ, ոչինչ չասող շարժում է անում, սա նրա ուրախությունն է, հետո նա անշարժանում է, մի քանի վայրկյան սպասում երաժշտության սկսվելուն եւ էլի մի քանի անիմաստ ու ոչինչ չարտահայտող շարժում անում։
Ժամանակը շարժվում է առաջ, ներկայացումը դոփում է տեղում, իսկ մենք լուռ սպասում ենք, թե երբ են դերասանները սկսելու խաղը եւ երբ ենք մենք վերջապես տեսնելու այն կատակերգությունը, որի համար եկել ենք։
Մեկ այլ տեսարանում հանդես են գալիս Մամաեւան եւ Գլումովան (Լոլիտա Բուկիյա). Գլումովան շոշափում է Մամաեւայի մարմնի որոշ մասեր, իսկ վերջինիս այդ դուր է գալիս։ Այս տեսարանը շատ երկար ձգվեց…
Նշեմ նաեւ, որ բեմ մտավ վառ ընդգծված մի կերպար՝ Գորոդուլին (Արթուր Պետրոսյան), բայց կամաց-կամաց նա էլ թաղվեց ներկայացում կոչվող այդ ճահճի մեջ։ Դահլիճը լուռ է, անշարժ, կարծես քնած է։ Ի՞նչը կարող է նրան արթնացնել։
Ահա։ Բեմում են Գլումովը եւ Մամաեւան։ Դահլիճն արթնացավ, իսկ նրան արթնացնողը տիկնոջ հագուստն էր ու մի տեսակ գռեհիկ դիրքը։ Մամաեւան իր գիրկն է կանչում վերեւում կանգնած Գլումովին, որը հիմա կարծես պիտի այրվեր, արագ պատռեր ու դեն նետեր հագուստը… բայց ոչ. նա շատ խնամքով ու հանգիստ հանում եւ մի կողմ է դնում մի քանի հագուստ, իսկ ողջ էմոցիան փորձում արտահայտել խոսքի միջոցով. խոսում է շատ բարձր, անկիրք, ու ողջ ուշադրությունը կենտրոնացնում տեքստը ճիշտ արտասանելու վրա։ Գլումովը վերջապես ցատկում է Մամաեւայի գիրկը եւ դահլիճը սրան էլ է արձագանքում։ Մեկ անգամ էլ կարելի է դահլիճի ուշադրությունը գրավել Գլումովի գլուխը Մամաեւայի փեշի տակ մտցնելով եւ այնտեղ անհասկանալի պատճառով երկար պահելով։
Այս կատակերգության ժամանակ մի փոքր էլ տխրենք՝ գրելով մի անհասկանալի կերպարի՝ Տուրուսինայի (Իրինա Մարչենկո) մասին։ Այդ տարեց ու հարուստ այրին իր նախկին սիրեկան Կրուտիցկու հետ հիշում է անցյալը, բայց տեսնում ենք, որ այդ ամաչեցնում է ոչ թե կերպարին, այլ հենց դերասանուհուն (դերասանուհին պատկառելի տարիքի է՝ իր ողջ ուժերով հազիվ է կարողանում բեմի վրա տեղաշարժվել ու տեքստն արտասանել)։
Այո, խաղի հույս չկա։ Մնում է սպասել, որ չսկսված խաղն ավարտվի։
ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.02.2015