Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչպես անվնաս պատժել երեխային

Փետրվար 16,2015 11:40

21-րդ դարում շատերին թվում է, որ երեխա մեծացնելն ավելի բարդ է, քան երբեւէ, բայց սա հոգեբանները բացատրում են նրանով, որ հիմա ծնողավարության հնացած մեթոդների կիրառումը երեխաների նկատմամբ արդյունավետ չէ. «Երբ խոսում ենք ծնող-երեխա հարաբերությունների մասին, պետք է հիշել, որ ծնողները երեխաների նկատմամբ ունենում են իշխանության տարբեր տեսակներ` ֆիզիկական ուժ, սեր, լիազորություններ, սոցիալական տարբերություն, որոնք կարող են օգտագործվել այս կամ այն կերպ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Սոնա Գալստյանը, որն աշխատում է դպրոցում: Նա նշեց, որ ծնողները կարող են նպաստել երեխաների զարգացմանը, կամ, ցավոք սրտի, հակառակը` վնասել նրանց: Ծնողների կողմից առավել հաճախ օգտագործվող բռնության դրսեւորումներից են ֆիզիկական եւ հոգեբանական պատիժները:

Հոգեբանն ասում է, որ, ցավոք, մեր իրականության մեջ ֆիզիկական եւ հոգեբանական պատժի ձեւերն իրենց տեղը չեն զիջել պատժի արդյունավետ տեսակներին: «Երբեմն ծնողները կարծում են, որ երեխային ապտակելը, հարվածելը լավ դաս կլինի երեխայի համար: Ֆիզիկական պատիժը երեխաներին ընդամենը սովորեցնում է, որ ծեծը զայրույթի դեմ ընդունելի արձագանք է, մարդիկ, ումից նրանք կախում ունեն, ումից պաշտպանություն են ակնկալում, ցավ են պատճառում իրենց եւ նրանք պետք է վախենան իրենց ծնողներից` նրանցից օժանդակություն եւ կրթություն ակնկալելու փոխարեն»,- նշեց մասնագետը: Նրա խոսքերով՝ այս ամենը երեխաներին սովորեցնում է, որ բռնությունն արդարացված է, քանի որ մեծահասակներն այն օգտագործում են, երբ իրենք խնդիրներ են ստեղծում նրանց համար, որն էլ երեխաների զարգացումը խաթարող գլխավոր պատճառներից մեկն է: Օգտագործելով պատժի նման մեթոդներ, պետք է հիշել, որ իրականում մենք չենք կրթում մեր երեխաներին: Մենք նրանց սովորեցնում ենք ուրիշների մասին հոգ չտանել, ուրիշներին չհարգել, որ բռնության կիրառումը խնդիրները լուծելու արդարացված միջոց է:

«Շատ դեպքերում պատիժը բռնության սկիզբն է դառնում եւ թե բառացի, թե ոչ բառացի պատժամիջոցները կարող են պարունակել երեխայի նկատմամբ բռնություն: Ոչ մի կերպ չի կարելի արդարացնել դաժան պատժամիջոցները եւ դաժանությունը մարդկային հարաբերություններում»,- ասաց Սոնա Գալստյանը: Թե ինչպես պետք է անվնաս պատժել երեխային` հոգեբանը նշեց. «Որպեսզի պատիժը երեխայի օգտին լինի, պետք է առաջնորդվել որոշ կանոններով: Պատիժը չպետք է վնասի երեխայի առողջությանը` ոչ ֆիզիկական, ոչ հոգեկան: Չի կարելի երեխային պատժել նրան սննդից զրկելով, հարվածելով, վատ խոսքեր ասելով, մեկ վատ արարքի համար կիրառեք մեկ պատիժ եւ խուսափեք երեխային հասարակական վայրերում պատժելուց: Պետք է հիշել, որ երեխային ոչ մի դեպքում չի կարելի պատժել քնից առաջ եւ հետո, կամ երբ նա հիվանդ է»: Հոգեբանը նաեւ չի խրախուսում այն ծնողներին, որոնք երեխային սնվելու ընթացքում են պատժում, քանի որ այդ ժամանակ կարծես երեխան «կուլ է տալիս» բացասական ազդակները, նաեւ չի կարելի խաղի ընթացքում եւ հոգեկան կամ ֆիզիկական տրավմայից անմիջապես հետո պատժել:

Հոգեբանը ծնողներին հիշեցնում է, որ եթե երեխան իրեն վատ է պահում, նշանակում է՝ նրան դեռ չեն սովորեցրել իրեն լավ պահել: Ցանկացած երեխայի էլ կարելի է սովորեցնել, անգամ` ամենաչլսողին: Չլսող երեխաներին պատժելն առանց հստակ բացատրության, թե «ինչո՞ւ համար», առաջացնում է կոնֆլիկտ եւ երեխան ոչ մի լավ բան չի սովորում, այլ միայն չարանում է: Փորձեք համբերատար լինել, սովորեցրեք, թե ինչպես է պետք ճիշտ վարվել տարբեր իրավիճակներում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728