Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Իշխանությունները փորձելու են ռեսուրսներից զրկել Եռյակին»

Փետրվար 15,2015 20:40

Ըստ Էդգար Վարդանյանի, իշխանություններն էլ «վա- բանկ» են գնացել, ինչի մեջ կա ռիսկի լուրջ գործոն

Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան, Հայ Ազգային Կոնգրես, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք ունենալ ու պայքարել մինչեւ վերջ:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի թիմը իր գործողություններով, ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած հայտնի ելույթը եւ դրան հաջորդած ՀՀԿ-ականների ելույթները այլ գործողությունների տեղ չեն տալիս Եռյակի համար:

Քաղաքագետի ձեւակերպմամբ. «Եթե այդ ելույթը չլիներ, հնարավոր է Եռյակը ավելի ուշ սկսեր միտինգային գործունեությունը եւ միանգամից չռադիկալացներ բողոքը: Ստեղծված իրավիճակում տրամաբանական էր ակնկալել, որ շուտափույթ կերպով Եռյակը պետք է սկսի լուրջ ճնշում բանեցնել՝ հրապարակային գործունեություն ծավալել եւ փորձել հանրության լայն զանգվածների ներգրավել բողոքական գործողությունների մեջ: Այլապես կանխատեսելի է հետեւյալը՝ իշխանությունները փորձելու են ռեսուրսներից զրկել Եռյակի, օրինակ` գտնել տնտեսական բնույթի խախտումներ, եթե նույնիսկ ամբողջությամբ մաքուր է գործել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Իշխանությունների նման պահվածքը խոսում է այն մասին, որ նրանք տրամադրված են զրկելու Գագիկ Ծառուկյանին ու նրա մերձավոր շրջապատին՝ անհրաժեշտ ռեսուրսներից: Իսկ պետք են, որպեսզի բողոքը լինի հուժկու, կարճ ժամանակահատվածում հնարավոր լինի կազմակերպել շտաբային, հանրության հետ աշխատանք, քարոզչական աշխատանք եւ այլն: Այս ամենը հասկանալով՝  Եռյակը չէր կարող հապաղել,  եւ այժմ  պետք է ամեն ինչ անի, որպեսզի հանրային լայն աջակցություն ստանա,  որովհետեւ եթե հուժկու բողոք չլինի, հասարակության տարբեր շերտեր չներգրավվեն բողոքի գործողություններում, իշխանությունները կկարողանան  ճնշումներ բանեցնել եւ չեզոքացնել հնարավոր բողոքը»:

Կանխատեսո՞ւմ  է, որ կլինեն  լուրջ ցնցումներ: Այս հարցի վերաբերյալ էլ Էդգար Վարդանյանն ասաց. «Ամբողջ հարցն այն է՝ արդյոք իշխանությունները կկարողանա՞ն սեղմ ժամկետներում իրականացնել իրենց ցանկությունն ու ծրագիրը, թե՞ այնուամենայնիվ Եռյակը կհասցնի հանրային լուրջ ալիք  բարձրացնել, եւ այդ ալիքի հիման վրա դիմադրել իշխանությունների մշակած ծրագրին.. Ամեն ինչ կախված է  Եռյակի գրագետ աշխատանքից եւ Սերժ Սարգսյանի թիմից, փաստորեն իշխանություններն էլ «վա- բանկ» են գնացել, ինչի մեջ կա ռիսկի լուրջ գործոն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    հաստատ լտպ ն նվազեցնում է Ծառուկյանի իմիջը

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728