Սահակի սիրած աղջիկը, որի հետ ընկերություն էր անում, հանկարծակի ամուսնացավ իր սիրած տղայի հետ և արդեն մեկ տարի էր, որ նրանք չէին հաղորդակցվում: Սակայն աղջիկը անսպասելի զանգահարեց և նրան հանդիպման հրավիրեց:
Երբ հաջորդ օրը նրանք հանդիպեցին ժամադրավայրում, Անահիտը փորձում էր արդարացում գտնել իր արարքի համար և ներողություն խնդրեց Սահակից, նույնիսկ լաց եղավ:
-Ես սխալ եմ գործել, եթե ուզում ես ճշմարտությունն իմանալ,-ասաց նա` ուղիղ նայելով Սահակի աչքերի մեջ:
Սահակը անտարբեր նայեց նրան և զարմանքով նկատեց, որ այն նույն աչքերը, որոնք մի ժամանակ իրեն խենթացնում, խելահեղության էին հասցնում, գերում էին իր էությունը, հիմա սովորական աչքեր էին դարձել: Անհավատալի էր, քանի որ ամեն անգամ հանդիպելիս նրանք իր սիրտը ջերմությամբ ու սիրով էին լցնում, ստիպում էին դողալ հուզմունքից, իսկ հիմա գրոշ չարժեն իր համար, գուցե միայն այն պատճառով, որ Անահիտը ամուսնացել էր: Սարսափելի փոփոխություն` կարճ ժամանակահատվածում: Հիմա այս աչքերը պատկանում էին արդեն ամուսնացած կնոջը և ոչ թե իր պաշտելի Անահիտին: Սահակը չէր ցանկանում հավատալ պատահածին, դժկամորեն գրկեց նրա մեջքը, համբուրեց շուրթերը, բայց, ավա~ղ, ոչ մի զգացմունք չէր մնացել նախկինից: Այս ինչ հրաշք էր տեղի ունեցել: Դատարկ ու սառն էր իր էությունը:
Կարդացեք նաև
-Հիմա ինչու՞ ես ինձ հրավիրել հանդիպման,-շեշտակի նայելով Անահիտի աչքերի մեջ` հարցրեց Սահակը,-գուցե պատմես, թե ի՞նչ է տեղի ունեցել:
-Չէ, դու պատմիր քո մասին,-իր բնավորությանը համաձայն պնդեց Անահիտը, չպատասխանելով տրված հարցին և լռեց:
-Ես հեռատես եմ, կարողանում եմ կարդալ այլոց մտքերը, գիտեմ, թե ինչու՞ ես ինձ հրավիրել,-ասաց Սահակը, դու ուզում ես, որ մենք երկուսով հեռանանք այս քաղաքից, գնանք հեռավոր մի վայր, որտեղ կլինենք մենակ ու ազատ, հեռու ամենքից ու ամեն ինչից:
-Իսկ ու՞ր,-իսկույն աշխուժացավ Անահիտը,-ինչպե՞ս կռահեցիր մտքերս, իմ հանճա’ր:
-Քեզ համար միևնույն է, թե ուր…
-Այո’, երևում է, որ դու ինձ լավ ես ուսումնասիրել և հասկացել…
-Բայց չէ որ դու ամուսնացել ես քո սիրած տղայի հետ, ինձ չհասկացար այն ժամանակ, մերժեցիր առաջարկս, ասացիր, որ միայն ընկերական սիրով ես ինձ սիրում…
-Ես չարաչար սխալվել եմ, ես հիասթափվեցի հենց առաջին գիշերը, նա ինձ չի’ սիրում, նա ինձ չի’ սիրում, նա նույնիսկ երեսիս չուզեց նայել, շուռ եկավ ու քնեց, ես ինչ հիմարն եմ եղել, ինչպե~ս էի նրան հավատում, ինչպե~ս կարող էի այդպես խաբվել…
Պահը դրամատիկ էր: Սահակը այլընտրանք չուներ, ստիպված պետք է կեղծեր իրեն և ստեր հորիներ, որը իր էությանը հակառակ էր: Նա պետք է նրան գրկեր և սփոփանքի խոսքեր ասեր, որ ամեն ինչ լավ կլինի, որ ինքը առաջվա պես սիրում ու պաշտում է նրան, որ նրա հետ պատրաստ է գնալու թեկուզ աշխարհի ծայրը:
-Մի’ շտապիր, Անահիտ, մի բան կմտածեմ,-հորդորեց նա,-ապագան դեռ առջևում է, մենք շատ երիտասարդ ենք:
Անահիտը լռեց և մտամոլոր նայեց սենյակի պատուհանից դեպի խորտակված ապագայի հեռուները, աչքերից գլոր-գլոր հոսում էին հուսահատության արցունքները: Չգիտեմ, նա հավատաց Սահակի խոսքերին, թե՝ ոչ, բայց Սահակը, հաստատ չէր հավատում իր ասածներին:
-Դե, հիմա պատմիր քո մասին,-ասաց Անահիտը:
-Շատ լավ, ես կպատմեմ, բայց կարճ կկապեմ-ասաց Սահակը,-երբ դու ամուսնացար, հենց նույն օրն էլ, պատահաբար զանգահարեց իմ նախկինում սիրած աղջիկը, որի հայրը խոչընդոտել էր մեր ամուսնությանը:
-Եվ ի՞նչ,-հետաքրքրվեց Անահիտը:
-Առաջարկեց հանդիպել:
-Այո’, դու արդեն ինձ մոռացել ես, իսկ ես քեզ չեմ մոռանում:
-Լինում է և այդպես,-ասաց Սահակը անտարբեր,-քո ամուսնությունից հետո իմ փրկությունը այդ պատահական զանգի մեջ եղավ, այլապես խելագարվել կարող էի: Ես նրան պարտական և շնորհակալ եմ, չնայած նրան, որ նա ոչինչ չգիտի իմ սիրային անհաջողությունների մասին կամ իր իմացածը այնքան էլ ստույգ չէ: Օգնությունը աստծո օրհնությամբ ճիշտ ժամանակին հասավ: Մենք պայմանավորվեցինք հանդիպել: Սակայն մեր հանդիպումը շատ սառն էր, նա սարսափելիորեն փոխվել էր, այլևս այն աղջիկը չէր, որին ես սիրահարված էի մի ժամանակ: Գիրացել էր, երեսին ու ձեռքերին տարօրինակ մազեր էին աճել, լիովին օտարացել էր: Ես աչքերիս չէի հավատում, միթե ես նրան մի օր սիրել էի: Մենք կինո գնացինք, հետո երկար թափառեցինք քաղաքի մութ ու խուլ փողոցներում, զրուցեցինք դեսից-դենից, ուշ երեկոյան բաժանվեցինք: Նա ձեռքով արեց և ասաց՝
-Ցե՜ե՜…
Ես նրան պատասխանեցի նույն ձևով: Ինձ թվաց, որ նրա արածը ծիծաղելի և հիմար բան էր: Մի ժամանակ ես խնդրել էի նրա ձեռքը, բայց մերժվել էի հոր կողմից: Ի՞նչն էր նրան հիմա ստիպել փնտրելու և գտնելու ինձ, ես չէի հասկանում: Շատ ծիծաղելի է այս անիծյալ կյանքը: Նա ինձ համար օտար էր դարձել և ոչ մի զգացմունք չէր առաջացնում մեջս: Անհետ կորել էին այն տառապանքները, սիրո տվայտանքները, որի գերին էի մի ժամանակ դարձել: Գուցե նա սիրում էր ինձ, բայց ենթարկվեց հոր կամքին: Այս պատմությունը քոնի հակապատկերն է: Նա ենթարկվեց իր ծնողների կամքին և սխալվեց, իսկ դու չենթարկվեցիր քո ծնողների կամքին և նորից սխալվեցիր: Ես խղճում էի նրան և փորձում էի վերականգնել իմ նախկին զգացմունքները, բայց ոչինչ չստացվեց: Մեր երկրորդ հանդիպումից հետո, երբ նրան տուն էի ուղեկցում, մեզ պատահաբար հանդիպեց նրա մայրիկը և կոպիտ տոնով հարցրեց.
-Որտե՞ղ էիր թափառում:
Նա կարմրեց, կարկամեց և ոչինչ չպատասխանեց: Մայրիկը կոպտորեն նրան տուն առաջնորդեց: Ես հասկացա, որ նա ինքնուրույն որոշում կայացնել չի կարող, դրան ընդունակ չէ: Անակնկալի եկած չարաբաստիկ հանդիպումից` ես հրաժեշտ տվեցի և հեռացա: Հաջորդ օրը նա նորից զանգահարեց և տխուր ասաց՝
-Ես քեզ դավաճանում եմ, ինձ ամուսնացնում են ուրիշ տղամարդու հետ:
-Բարի ամուսնություն, երջանի’կ եղի’ր, մի’ տառապիր,-ասացի ես:
Հետո նա երկար լռեց` առանց հեռախոսի ընկալուչը վայր դնելու, իսկ ես չէի գտնում սփոփիչ այլ խոսքեր` նրան մխիթարելու և հանգստացնելու համար:
-Իսկ ինչու՞ դու այդպես վարվեցիր,-վերջապես հարցրեցի ես:
-Չգիտեմ,-պատասխանեց նա:
Ես այդպես էլ չհասկացա նրա արարքի իմաստը, մի բան պարզ էր, որ նա շատ էր վախենում իր ծնողներից, ինքնուրույն չէր, գուցե նաև ցանկանում էր ինձ ապացուցել, որ ինձ սիրում է: Մենք հանդիպեցինք նաև երրորդ անգամ: Դա տեղի ունեցավ նրա կողմից պատահականորեն ընտրված մի բարձրահարկ շենքի մուտքի մոտ: Նա խղճալի տեսք ուներ, նայում էր ինձ ու հուզմունքից դողում: Ես էլ էի հուզվել այդ տեսարանից և հարցրի, թե ինչու՞ է նա հուզված այդպես:
-Ինձ ամուսնացնում են չսիրած տղայի հետ, բայց ցանկանում եմ, որ դու երջանիկ լինես կյանքում,-դողացող ձայնով ասաց նա:
-Ինչու՞ այդպիսի սեթևեթություն,-ասացի ես,-ինձ մխիթարող խոսքեր պետք չեն, բայց ինձ համար հանելուկ մնաց, թե դու ինչու՞ այդպես վարվեցիր:
-Ես ուզում էի իմանալ ճշմարտությունը, իրո՞ք, դու սիրում էիր ինձ, թե՝ ոչ, և ունե՞ս արդյոք ընտրած աղջիկ, ահա և բոլորը: Հիմա ես հանգիստ եմ, ամեն ինչ պարզ է, որ դու ինձ չես սիրում, իմ խիղճը մաքուր է քո առջև, սիրտս հանգիստ է…
Դժբա’խտ հոգի, իզուր տանջում ես քեզ և ուրիշներին քո հանելուկներով: Խաբում ես ինքդ քեզ, խաղում ուրիշների զգացմունքների հետ և նույնիսկ փորձում քեզ զոհաբերել: Ինչի համար: Եսասիրությա՞ն: Դու չկարողացար գնալ հորդ կամքին հակառակ, երիտասարդ էիր, անփորձ: Հիմա ինքնուրույնություն ես ձեռք բերել, ուզում ես պաշտպանել քո իրավունքները, ազատությունն ու սերը, բայց արդեն ուշ է:
Այսպիսի մտորումների մեջ էր Սահակը, իսկ աղջիկը էլի ինչ-որ բաներ ասաց, արցունքն աչքերին հեռացավ հրաժեշտ տալով: Սահակը տուն գնաց` խռովքը սրտում: Նա խղճում էր նրան և իրեն՝ հավասարապես: Կյանքի չար խաղ, դավաճանություն` տարբեր եղանակներով և պատճառներով:
-Ահա և պատմեցի իմ վերջին օրերի իրադարձությունների մասին,-ասաց Սահակը:
Անահիտը լռել և անորոշ հայացքով նայում էր դեպի անհայտ հեռուները: Հետո նա քնից արթնացածի պես արձագանքեց.
-Այո’, ես սխալվել եմ, ես չէի պատկերացնում, որ վերջը այսպիսին է լինելու, նա ինձ չի սիրում, նույնիսկ ինձ հետ քաղաք դուրս գալ չի բարեհաճում: Չէի պատկերացնում, որ միաժամանակ կարելի է սիրել երկու մարդու, մեկին` կանացի, իսկ մյուսին՝ ընկերական սիրով:
Սահակը հավատում և չէր հավատում Անահիտի ազնվությանը, նրա առջև նոր դժվար խնդիր էր դրված, որը պետք է լուծեր: Մեկ տարի առաջ այդ խնդիրը իր համար կլուծվեր մեկ վայրկյանում, իսկ հիմա նա կանգնած էր բետոնյա պատնեշի առջև: Անահիտը ցանկանում է հիմա իր կինը դառնալ, բայց ինքը նրանից այնքան էր հիասթափվել, որ նույնիսկ տեսնել չէր ուզում, մյուս կողմից էլ իրեն տանջում էր այն ահռելի և ահավոր ցավը, որ իր սիրած էակին սատար կանգնել չէր կարող ու ստիպված էր դերասանություն անել, խաղալ իր նոր դերը:
Սահակը փորձեց համոզել, թե սիրում է նրան, բայց ժամանակ է պետք մտածելու և վճռական քայլը կատարելու համար, պետք է վերլուծել ստեղծված իրավիճակը:
Այդպես էլ հրաժեշտ տվին իրար` առանց որևէ որոշում կայացնելու: Նա չէր ցանկանում Անահիտին միանգամից հիասթափեցնել, այլ խաղում էր դժվարագույն դերը, որպեսզի ժամանակը իր բարի կամ չար գործը կատարի: Պետք էր խաղալ, սառեցնել նրա կրքերը, ընտելացնել նրան նոր կարգավիճակին, ցույց տալ, որ ինքը առաջվա նման նրան սիրում է, չնայած իրականում նա արդեն իր համար օտար էր:
«Ինչու՞»,-հարցնում էր ինքն իրեն ու չէր կարողանում գտնել հարցի պատասխանը: Մարդ արարածը տարօրինակ էակ է: Ի՞նչ է փոխվել: Այն, որ նա լքեց իրեն այն ժամանակ, երբ արդեն հավատում էր, որ նա դառնալու է իր կինը, այն որ հիմա նա, փորձելով առաջին տարբերակը, հետ է վերադառնում երկրորդին` պահեստայինին, ինչպես կռահել էր Սահակը վաղուց, այն, որ նա հիմա էլ իրեն չի սիրում և դա անում է միայն վրեժխնդրության կամ հպարտության մղումով, այն, որ նա այլևս այն ջահել, անմեղ աղջնակը չէ, այլ անարգված մի կին…
Սահակը չգիտեր` գուցե այս բոլորը միասին և նաև իր գեներում նստած այն գաղափարը, որ ինքը ուրիշի ավելցուկը վերցնողը չէ, նա ուզում էր որ նա միայն իրենը լինի, միմիայն իրենը, որ նա լինի այն կույս-անաղարտը, որին փայփայել ու պատկերացրել էր իր երևակայության հզոր ուժով: Իրեն հաճելի չէր հագնել այն հագուստը, որը արդեն հագել է իր հակառակորդը: Զգում էր նաև, որ Անահիտը նույն խաղն է խաղում` հույսը դնելով ժամանակի վրա: Իրեն պահելով նշանառության տակ` նա փնտրում էր մեկ ուրիշին, գուցե ավելի հաջողակին:
Նա ժամանակին մերժեց իր սերը, հազար անգամ կրկնեց, որ իրեն սիրում է ընկերական սիրով, ամուսնացավ իր սիրած տղամարդու հետ, իսկ հիմա փոշմանել է, հիասթափվել և իրեն հորդորում է, թե սխալվել է, իբր հիմա սիրում է և ցանկանում է վերադառնալ իր մոտ: Իսկ Սահակը հավիտյանս կորցրել էր սիրո զգացումը այդ կնոջ նկատմամբ, ներսում մնացել էր միայն խղճահարության, նույնիսկ` վրեժի զգացումը` ի պատասխան նրա արհամարհված նուրբ զգացմունքների, ոտնահարված բուռն սիրո: Հոգեպես ցավում էր, որ այդ ամենը տեղի է ունեցել իր սիրած Անահիտի հետ: Բայց, ավա՜ղ, ոչինչ անել չէր կարող, սերը նրա հանդեպ կորել էր անվերադարձ:
-Ես քեզ սիրել եմ և փորձում էի պահպանել սերս, Անահիտ, քեզանից չեմ թաքցնում այդ, դու իմ Ջուլիետան էիր, ես` քո Ռոմեոն, որը իրականում խաբվել է, դու դավաճանել ես ինձ:
Դրանով նա կարծես ակնարկում էր, որ իրենց զրույցն ավարտված է: Անահիտը հասկացավ դա, սեղանի վրայից վերցրեց բանալիների կապոցը, գնաց դեպի դուռը, բացեց այն, և առանց ցտեսություն ասելու, դանդաղ քայլերով դուրս եկավ շքամուտք:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ