«Հայաստան» մարզական միության դահլիճում կայացավ «Առավոտ» օրաթերթի եւ «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության հայաստանյան մասնաճյուղի համատեղ կազմակերպած սեղանի թենիսի ավանդական՝ 6-րդ, առաջնությունը, որի հովանավորը «ՎիվաՍել ՄՏՍ»-ն է:
Մրցաշարին, որը նպատակ ունի մեկ հարկի տակ հավաքելով առողջ ապրելակերպը տարածել եւ արմատավորել նաեւ լրատվական դաշտում, այս անգամ մասնակցելու հայտ ներկայացրել էին 17 ԶԼՄ-ների 42 ներկայացուցիչներ:
Կանանց եւ տղամարդկանց միջեւ շրջանային մրցակարգով անցկացված պայքարի արդյունքով լավագույնները մտան եզրափակիչ, որտեղ որոշեցին հաղթողներին եւ մրցանակակիրներին:
Կանանց մեջ հաղթողների եռյակը կազմեցին: 1. Մարինե Կարապետյան (Երկիր մեդիա), 2. Անահիտ Ակմակժյան (Առավոտ), 3. Լիլիթ Գալստյան (Երկիր մեդիա):
Կարդացեք նաև
Տղամարդիկ: 1. Սամվել Ջինանյան (Երկիր մեդիա), 2. Աշոտ Հակոբյան (Առավոտ), 3. Վիգեն Կիրակոսյան (Տոտալ ֆուտբոլ):
«ՎիվաՍել ՄՏՍ»-ը մրցանակակիրներին նվիրեց Alcatel Pop C7 սմարթֆոններ:
Մրցակցությանը լրացուցիչ սրություն եւ հետաքրքրություն հաղորդելու նպատակով «Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության հայաստանյան մասնաճյուղն այս տարի դիպլոմներ եւ արժեքավոր մրցանակներ էին սահմանել նաեւ կանանց եւ տղամարդկանց պայքարում 4-ից 6-րդ տեղերն զբաղեցնողների համար, որոնց արժանացան Մերի Սամվելյանը (Հանրային ռադիո), Ռուզան Մինասյանը («Առավոտ» օրաթերթ), Անուշ Աղաբաբյանը (Armbowling.am), Աբրահամ Գասպարյանը (Հ1), Ռուբեն Արեւշատյանը (Aravot.am) եւ Արամ Մանուկյանը (Հանրային ռադիո):
Առաջնության կազմակերպիչները եւ հովանավորը պարգեւներ եւ շնորհակալագրեր հանձնեցին նաեւ մրցաշարն ավանդաբար բարձր մակարդակով սպասարկող մրցավարներին՝ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Եվրոպայի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանին եւ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Գոհար Խանզրատյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ