Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի  խորհրդանիշ հյուրանոցը ավերվել է

Փետրվար 14,2015 22:49

Շենքը, ռումբի նման, կախվել է քաղաքապետարանի գլխին

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի   կենտրոնում գտնվող ինը  հարկանի հյուրանոցը խորհրդային ժամանակ  համարվում էր քաղաքի խորհրդանիշը:  Այդ տարիներին Խորհրդային Միության   տարբեր ծայրերից Իջեւան քաղաք  եկած զբոսաշրջիկներին, մարզիկներին այդ հյուրանոցում էին տեղավորում:  Շենքի գլխին տեղադրված, հյուրանոցի  անվան  տառերի մեծ մասն ընկել է: Վերջին 3  տարում հյուրանոցից հանվել, տարվել են  ալյումինե պատուհանները,  պատերի մարմարե սալիկները, աստիճանների մշակված քարերը  եւ այլն: Իջեւանի  կենտրոնում, քաղաքապետարանի շենքի  հարեւանությամբ գտնվող հյուրանոցը  թալանված է, այդտեղից հանել է ամենայն արժեքավորը, ինչ հնարավոր է վաճառել: Այդ կառույցը  կարծես քաղաքապետարանի շենքի կախված, ամեն պահ ընկնելու պատրաստ ռումբ լինի: Իջեւան քաղաքում եւ Իջեւանի տարածաշրջանում տնազուրկ հարյուրավոր ընտանիքներ կան, որոնց համար հյուրանոցը կարող էր ընտանեկան ծածկ դառնալ, որպես բնակարան ծառայել: Հյուրանոցում նախկինում բնակվում  էին Ադրբեջանից փախստականների ընտանիքներ,  սահմանամերձ Բերքաբեր գյուղից սերված, ադրբեջանական  ոտնձգությունների հետեւանքով տնազուրկ դարձած մի ընտանիք  եւ այլոք:

Մի քանի տարի առաջ այդ ընտանիքները տարհանվեցին սեփականաշնորհված հյուրանոցից:   Մեր  տեղեկություններով` Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը 2000թ. օգոստոսի 29-ին թիվ 52  որոշում է  ընդունել հյուրանոցը սեփականաշնորհելու մասին, ՀՀ կառավարությունը 2000թ. նոյեմբերի 11-ին կայացրել  է հյուրանոցի սեփականաշնորհման վերաբերյալ թիվ 914 որոշումը: Իջեւանի քաղաքապետարանից ստացված տվյալներով՝ շենքը սեփականաշնորհվել է  2006թ, այդ հսկա շենքի կադաստրային արժեքը կազմել է 10 միլիոն դրամ, շենքը սեփականաշնորհվել է 7 միլիոն դրամով:  Ո՞վ պետք է  ստուգի  «Իջեւանատուն»  փակ բաժնետիրական ընկերության կողմից հյուրանոցի սեփականաշնորհման պայմանագիրը, թե  կառավարությունը  հյուրանոցի վաճառքը թույլատրելով` չի՞  սահմանել  այնտեղ  ներդրումների  կատարման, օբյեկտի նպատակային նշանակությունը պահպանելու  պարտավորություններ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իմ կարծիքով ճիշտ կլիներ անհատական մոտեցման փոխարեն, հարցին համակարգված մեկնաբանություն տրվեր, տարբերակելով իհարկե գլխավորը երկրորդականից: Մասնավորապես նման կամ առավել վատ վիճակում են գտնվում չնչին գումարով սեփականաշնորհված, ՀՀ տնտեսության համար խիստ կարևոր, երբեմնի հզոր արտադրողականություն ունեցող ՛՛Բենտոնիտ՛՛ գործարանը, որի միայն մեկ տարվա հարկը կբավարարեր նման հյուրանոց կառուցելու համար /այս հարցին, հարգարժան Ոսկան, Դուք մի քանի անգամ անդրադարձել եք, սակայն, ցավոք իհարկե, մարզային նախկին և ներկայիս իշխանությունները պատշաճ ուշադրություն չդարձրին /, Իջևանի ավտոտրանսպորտային ձեռնարկությունը, որտեղ առկա ավելի քան 150, այդ թվում նաև բեռնատար ավտոմեքենաներ, վաճառվել, իսկ շինությունները թալանվել են, բնականաբար այս կազմակերպությունը ևս ձեռք է բերվել իր շրջանառու միջոցների արժեքի մոտ 20 %-ի գնով, Իջևանի գորգի գործարանը, Իջևանի փայտամշակման գործարանը, Իջևանի ջրմուղ կոյուղու շինություններն ու տարածքներն ու բազմաթիվ այլ հիմնարկ-ձեռնարկություններ ու հիմնական միջոցներ;
    Բարձրացված հարցն իհարկե անչափ կարևոր է, առավել ևս սահմանամերձ մարզի համար: Իմ կարծիքով պետք է որ ՀՀ կառավարությունը համակարգված մոտեցում ցուցաբերի, առաջնային ուշադրությունը դարձնելով աշխատատեղեր ապահովող հիմնարկ-ձեռնարկությունների, նոր հետո սպասարկման ոլորտի վրա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728