Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման և պահպանման գաղափարին: Բրիտանական խորհրդի և Երևանում բրիտանական դեսպանատան կազմակերպած փառատոնի մեկնարկը տրվեց այսօր «Մոսկվա» կինոթատրոնում:
Փետրվարի 14-20-ն անցկացվող փառատոնին կներկայացվեն բազմաբնույթ ֆիլմեր, որոնք, սակայն, միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ սիրո:
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ընդգծեց, որ ընկերությունն արդեն երրորդ տարին է փառատոնը հովանավորում. «Ուրախ ենք, որ տարեցտարի դրական փոփոխությունների ենք ականատես լինում: Այստեղ շատ երիտասարդների ենք տեսնում, և ես վստահ եմ, որ բոլոր այս ֆիլմերը մեր կյանքն ավելի լավն են դարձնելու ու դրական լիցքեր են փոխանցելու սիրահարներին»,- նշեց նա՝ հավելելով, որ փառատոնի շրջանակներում ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներն են վայելու ֆիլմ դիտելու հաճույքը, այլև մարզերի բնակիչները:
«Ֆիլմերը սիրո մասին են: Սեր, որ հաղթահարում է հաշմանդամությունը, ռասսայական խոչընդոտները, սեր, որ կարող է գաղտնի և կործանարար, հիասքանչ և վերափոխիչ լինել»,- ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, իսկ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը հավելեց, որ փառատոնը դարձել է սիրված և սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում. «Այս տարի ևս մենք հանդիսատեսին կներկայացնենք բրիտանական լավագույն ֆիլմերը՝ նպաստելու երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների ամրապնդմանը»:
Կարդացեք նաև
Բացման արարողությանը ցուցադրվեց «Օսկար»-ի ութ անվանակարգերում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմը: Պատմական այս դրաման անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին է, որն օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
Բացի այս ֆիլմից, հանդիսատեսին կներկայացվի ևս վեց ֆիլմ՝ «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա» և «Սերն ամենն է», որոնք կցուցադրվեն «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Իսկ փետրվարի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա հատուկ ցուցադրություն՝ «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմը՝ նվիրված Առաջին աշխարհամարտի 100-ամյակին:
Երևանյան ցուցադրություններից հետո ֆիլմերը կներկայացվեն նաև Դիլիջանում, Արմավիրում և Արարատում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ