Լրահոս
Օրվա լրահոսը

 «Պերմյակովը  չէր կարող մենակ  լինել». Ավետիսյանների հարազատներ  

Փետրվար 14,2015 22:18

Սպանված Ավետիսյանների հարազատները պահանջում են, որ  գտնեն իրական հանցագործին  ու պարտադիր պատժեն Հայաստանի Հանրապետությունում՝ մեր արդարադատությամբ: «Մի հոգի չէր սպանեցին, անցավ,  գնաց, կորավ, փակվեց… Եթե Հայաստանի Հանրապետությունում է սպանդը տեղի ունեցել,  ինչո՞ւ այստեղ չպիտի դատվի, ի՞նչ գործ ունի ոճրագործը ռազմաբազայում, մեր բողոքը հենց այդ է: Չգիտես ինչու՝ ոչ մեկը ոչ մի բան էս ուղղությամբ չի կարող անել»,- դժգոհում էին հարազատները:

Նրանք թեեւ գիտակցում են, որ յոթ հոգու սպանությունը բացահայտելն  այնքան էլ հեշտ չէ, քանի որ հազար ու մի հարց կարող  է  միմյանց հաջորդել,  բայց    իրենց բառերով ասած՝  եթե  սրտանց մոտենան գործին, ապա հանցագործությունն  անպայման կբացահայտվի: «Մարդիկ ոչ մի դուշման չեն ունեցել, այդպիսի ընտանիք չեն եղել, որ շփված լինեն մաֆիաների հետ  կամ ինչ-որ գործերի մեջ ընդգրկված լինեին: Միլիոնների տեր չեն եղել, սովորական հասարակ, բանվոր մարդիկ էին: Այսօրվա դրությամբ Հայաստանի  Հանրապետությունում մենք բոլորս  քնում ենք, չգիտենք առավոտ կարթնանանք, թե՞ չէ: Հանգիստ չենք  մենք, որովհետեւ չունենք պաշտպան, վերեւներից պետք  է լինի պաշտպանդ, որ հանգիստ քնես քո հանրապետության մեջ ու արթնանաս: Վախենում ենք…»:

Վերջիններս այդպես էլ չեն հասկանում, թե ի՞նչ կար այս սպանության հետեւում, ինչո՞ւ գազանաբար բնաջնջեցին ընտանիքը, անգամ ձեռք բարձրացրեցին  փոքրիկների վրա: Նրանք  բացառում են  ընտանիքի հոր ու որդու ՌԴ արտագնա  աշխատանքի մեկնելու հետ ու այնտեղ ինչ- ինչ  խնդիրներ ունենալու   վարկածը: Սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ՝ տիկին Ռիտայի ասելով, ընտանիքի հայրը մեկնել է Անապա, Կրասնոդար, Չիտայի կողմերը երբեք  չի եղել: Նրան իր մանկության ընկերն է տարել  ՌԴ: Իսկ տան տղան  առաջին անգամ էր գնում արտագնա աշխատանքի, ընդ որում 3 ամիս է այնտեղ գտնվել: Հարազատների համոզմամբ, եթե նրանց նկատմամբ թշնամանք ունենային ու փորձեին  վրեժ լուծել, ապա հենց ՌԴ օդանավակայանում «գլուխներին կսարքեին»:

Նրանք համոզված են, որ սպանությունը մեկ հոգու ձեռքի գործ չէ:  «Այդ 6-7 հոգանոց տունը վերջը 4-5 հոգին մեծ, հասուն մարդիկ են եղել, եթե մի սենյակից  սկսեր մեկին կրակել, գոնե մի երկուսը կպաշտպանվեր: Կարող է 3-ը սպանվեին, 4-ը , բայց ոչ 6- 7-ը,  վերջին սենյակին էլ  դուռ է եղել, կարող էր դուռը փակեր, հեռախոսներն էլ  կողքը, կզանգեին…»:

Տիկին Ռիտան տեղեկացրեց, որ ռուս քննիչները իրեն հարցաքննել են հենց առաջին օրը, հետագայում հարցաքննել են նաեւ  հայ քննիչները, քանի որ ինքը գործով վկա է, հենց դեպքի օրը ինքն է առաջինը մտել Ավետիսյանների տուն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728