Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ եմ անելու Մեծ Պահքի ժամանակ

Փետրվար 14,2015 22:01

Միանգամից ասեմ, որ իմ անձնական կարծիքը որոշ չափով տարբերելու է հոգեւորականների հնչեցրած «պաշտոնական» տեսակետից: Բայց ամեն մարդ իրավունք ունի ի՛ր ճանապարհն ընտրելու:

Սովորաբար ասում են, որ Պահքի ժամանակ մարդը պետք է իրեն զրկի հաճույքներից: Դա իմ դեպքում անհնար է: Ամեն առավոտ արթնանալը եւ Աստծո ողորմության լույսը տեսնելն ինձ համար հաճույք է: Երեւանի փողոցներով քայլելը եւ մետրոյով երթեւեկելը հաճույք է: Ծանոթ եւ անծանոթ մարդկանց հանդիպելն ու նրանց ժպտալը հաճույք է: Աշխատանքի (աշխատանքների) գնալը հաճույք է: Տեքստեր գրելն ու դրանք եթերում կարդալը հաճույք է: Աշխատանքից տուն վերադառնալը մեծագույն հաճույք է: Գրքեր կարդալը հաճույք է: Ինչպես տեսնում եք, ես չեմ կարող ու չեմ էլ պատրաստվում ինչ զրկել հաճույքներից:

Պահքի շրջանը ես օգտագործելու եմ ինձ եւ ուրիշներին վնասող արարքներից, մտքերից, խոսքերից ինձ զերծ պահելու համար: Ամենավնասակարը, կարծում եմ, որեւէ մարդու մասին չար մտքեր ունենալն է եւ «ջղային» խոսք արտասանելը: Ես աշխատում եմ այդ ուղղությամբ, փորձում եմ այնպես անել, որ որեւէ բացասական միտք իմ ուղեղում բուն չդնի: Պահքի ժամանակ պետք է ավելի շատ կենտրոնանամ մտքերս վերահսկելու ուղղությամբ: Իհարկե, այդ առումով վնասակար է համացանցի ագրեսիվ թույնն ընդունելը, բայց քանի որ դա կապված է աշխատանքիս բնույթի հետ, դրանից ամբողջությամբ չեմ կարող ձերբազատվել, կարող եմ միայն խիստ սահմանափակել: Վնասակար է սպանված կենդանիների մսի վրա ագահորեն հարձակվելը: Վնասակար է ալկոհոլը, քանի որ դրա պատճառով խամրում է մտքի պայծառությունը:

Բայց այդ ամենի մեջ ամենակարեւորն է «էկոլոգիապես ոչ մաքուր» մտքերից ու ցանկություններից ազատվելը: Դրա համար են մարդիկ, կարծում եմ, հատկապես պահքի ժամանակ ավելի շատ հոգեւոր գրքեր կարդում, ավելի շատ աղոթում, ավելի հաճախ եկեղեցի գնում: Նորից կրկնեմ՝ դա ամեն մեկի անհատական ընտրությունն է:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    թթի արաղը, սակայն, «ալկոհոլ» չի սեպվում, չէ՞…

    (տնականի մասին է խոսքս, անշուշտ…)

  2. Գալուստ Ենոքյան says:

    « Երեւանի փողոցներով քայլելը եւ մետրոյով երթեւեկելը հաճույք է: Ծանոթ եւ անծանոթ մարդկանց հանդիպելն ու նրանց ժպտալը հաճույք է» , Արամ, նախանձում եմ…ես էլ երբ դպրոցում էի սովորում, երբեմն նստում էի տրանսպորտ ու տարբեր ուղղություններով գնում էի …նայում էի մարդկան աչքերին, մեր քաղաքին, ուրախանում էի…Աջափնյակից ոտքով հասնում էի Բարեկամության փողոց, հանդիպում Կոմիտասի եկած ընկերներիս ու գալիս էինք կամ «կազիրոկ»…կամ 4 րդ խանութ … «սկվազնյաչոկ»…Երեվանը այն տարիներին շատ սիրուն էր …հատկապես որ «սկվազնյաչոկում» կարող էիր տէսնել Երվանդ Քոչարին…կամ…շատ եմ կարոտում…

  3. Ջիվան Նադարյան says:

    Համաձայն եմ Պարոն Աբրահամյան Ձեր տեսակետին:Կարծում եմ ընդանրապես աստվածպաշտության հատուկ ստանդարտներ կամ դոգմաներ չկան, այն խիստ անձնական է, սակայն կան սուրբգրային սկզբունքներ որոնցով էլ անհրաժեշտ է առաջնորդվել հավատացյալներին:
    Հարց 1. Պարոն Աբրահամյան, եթե կարելի է բաժնեկցեք ընթերցողներիս, թե դուք ինչպես եք անում, որ չար, բացասական մտքերը բույն չդնեն Ձեր սրտում, կամ եթե արդեն բույն են դրել ինչպես ազատվել դրանից:
    2.Արդյոք մարդը ի զորու է դիմակայել չար, բացասական մտքերին, թե անհրաժեշտ է Աստծո միջամտությունը, օգնությունը:
    Ըստ իս Ձեր փորձառությամբ կիսվելը օգտակար կլինի ընթերցողին:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Ջիվան, ես բնականաբար, հիմքեր չունեմ գլուխ գովելու, որ Ձեզ ասաց բանն իմ մոտ միշտ ստացվում է: Աշխատում եմ դա անել: Ճանապարհը աղոթքն է (մեդիտացիան), ինչպես նաեւ ցանկացած մարդու մեջ դրական գծեր տեսնելը: Մի ռուս հեղիանկի մոտ կարդացի՝ մարդիկ, որոնց դու հանդիպում ես, լինում են երկու տեսակի՝ մի մասը քեզ սիրում է, մյուս մասը՝ քեզ փորձում:

      • Ջիվան Նադարյան says:

        Շատ Շնորհակալություն պատասխանի համար պարոն Աբրահամյան:Որ ոչ միշտ է ստացվում բնական է, չէ որ մենք մարդ ենք, համոզված եմ, որ բոլորի մոտ է այդպես: Համամիտ եմ, որ ճանապարհը աղոթքն է, մարդկանց մեջ դրական գծեր տեսնելը, ինչպես նաև կավելացնեի Աստծո խոսքի, Աստծուն ճանաչողությունը: Դեռևս այլ` ավելի արդյունավետ տարբերակ չեմ գտել:

  4. Աննա says:

    Հարգելի Արամ Աբրահամյան, ունենալով պահք պահելու տարիների փորձ, լինելով Հայ Եկեղեցու հետեվորդ վստահորեն կարող եմ ասել, որ ձեր պահաց պահքը ամենեվին չի հակասում քահանաների տեսակետին, հակառակը մենք պարտավոր ենք սիրել ու ուրախանալ Աստծո ստեղծած ամեն բարիքով, ավելին դա բնորոշ է համեմատաբար առողջ հոգով մարդկանց: Հարգելիս քահանաները հաձույք ասելով նկատի ունեն գինարբուքները, ակումբներ հաճախելը, խնջույքներ գնալը, ծխելը և նմանատիպ աշխարհային վայելքները:երանի ձեզ, որ այդքան ուրախ ու սիրով լի կյանք ունեք, Աստվաց մեզանից էլ հենց դա է ուզում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728