Aravot.am-ը Ավետիսյանների սպանությունից հետո տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինքը հարցում ուղղե՞լ է ՌԴ -ի համապատասխան կառույցներին՝ Պերմյակովի սակավամտության մասին տեղեկությունները ճշտելու : «Այդ միջնորդությունը ես պատրաստվում եմ քննչական մարմնին ներկայացնելու: Նաեւ դրանից բխող որոշակի այլ միջնորդություն կա, որ այս պահին չեմ ուզում անմիջապես ասել, որովհետեւ գործողություններ կան, որոնք որ պետք չէ նախապես իմանան՝ մենք ինչ ենք անելու: Անելուց հետո կիմանաք: Այսինքն՝ ոչ միայն փաստաթղթային ձեւով , այլ որոշակի այլ քայլեր կան, որոնք պետք է պարզենք ու հասկանանք: Եթե իմ նշած հանգամանքը կհաստատվի , դրա համար արժանիք էր պետք, որ հաստատվեր, հիմա չեմ ուզում շատ փակագծերը բացել , իսկ դա նշանակում է, որ այդքան էլ սակավամիտ չի եղել էլի էդ մարդը: Կոնկրետ միջնորդություն ներկայացնելուց կտեսնենք, թե դա ինչ է: Փաթեթ եմ նախապատրաստում այդ առումով, որ համապատասխան փաստաթղթերը ներկայացնենք կամ էլ քննչական մարմինը
պահանջի: Ի վերջո, կան որոշակի ծավալի տեղեկություններ, որ մենք կարող ենք ունենալ Ռուսաստանի Դաշնությունից, իսկ առավել արդյունավետ միջոցը դա քննչական մարմնի միջոցով միջնորդելն է: Ի վերջո, երբ որ պետությունը դիմում է դիվանագիտական ճանապարհներով կամ հենց համաձայնագրի շրջանակներում կողմեր կան իրավասու, որոնք որ պարտավորվել են իրար հետ համագործակցել: Ես ուսումնասիրել եմ նաեւ համաձայնագիրը եւ դրա շրջանակում գուցե համապատասխան հարցումներն ավելի հեշտությամբ ու արագությամբ ստանում են: Իմ միջնորդությունների մի մասի հետ կապված նույնկերպ քննչական պահանջ է ուղարկվում Ռուսաստան, որպեսզի պատասխանեն»:
Aravot.am-ը փաստաբանից մեկնաբանություն խնդրեց նաեւ ՌԴ զինվորական դատախազի այն հայտարարության մասին, համաձայն որի, վերջինս չի բացառել այս գործում ռուս դատախազների՝ որպես մեղադրող կողմ հանդես գալը: Մեր դիտարկմանը, թե սրանով ռուսական կողմը չի բացառո՞ւմ հայկական կողմի դերակատար լինելը, Երեմ Սարգսյանն ասաց.« Տեսեք խնդիրը ինչ է, այսօր եթե նույն տրամաբանությամբ նայենք, մեր դատախազությունը հսկողություն է իրականացնում որպես մեղադրող, ու մեղադրողն արդեն դատարանում է հանդես գալիս, բայց, համենայն դեպս դատախազական հսկողություն մեր դատախազությունը իրականացնում է: Սա օրենքով սահմանված կարգ է, նույն կերպ, եթե իրենք քրեական գործ են քննում, պարտադիր պետք է իրենք ունենան այս պահին դատախազներ, որոնք հսկողություն են իրականացնում: Հետագայում նույն դատախազները , եթե գործը մեր կողմից գնաց դատարան կամ իրենց կողմից, միանշանակ պարտադիր գործում պետք լինի մեղադրող, եթե ռուսական կողմի քրեական գործն է , պարտադիր իրենց մեղադրողը պետք է լինի, եթե մեր կողմն է քննում, ապա Հայաստանի Հանրապետության որեւէ դատախազ պետք է լինի: Այսինքն` այն միտքը, որ իրենք արտահայտում են , թե դա նշանակում է, թե իրենք են քննելու, այդպես չէ , բայց կարող ենք տարբեր վերլուծություններ տալ, թե ինչու են նման հայտարարություններ անում: Ես այդ հայտարարությանը հետեւել եմ. կոնկրետ դատախազը, որը խոսում էր, ասում էր՝այդ հարցի վերաբերյալ քննարկում չեմ ունեցել, կոնկրետ որոշում չկա, ես ենթադրում եմ, որ կարող ենք, այսինքն` դա մարդու ենթադրությունն է եղել: Պաշտոնական մակարդակով նման հայտարարություն դեռեւս չենք լսել, բայց չենք էլ բացառում, որ նման մտադրություն ունեն: Հետեւաբար ես կողմ եմ, որ մենք միահամուռ փորձենք մեր իրավունքները պաշտպանենք, հասնենք ինչին ուզում ենք»:
Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաեւ իր մասին որոշ անձանց կողմից հայտնվող կասկածներին, թե ինչու այդքան փաստաբաններից տուժողի իրավահաջորդները դիմեցին ու ընտրեցին հենց իրեն: Նա ասաց, որ թեեւ տուժողի իրավահաջորդները ընտրել են իրեն, բայց իր մասնակցությունը չի նշանակում, թե այլ փաստաբաններ գործին չպիտի ընդգրկվեն: Նա ասաց, որ ինքը միայն ուրախ կլինի դրանից:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ